ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում: Այժմ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գ.), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Վանական համալիրի առաջին՝ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է X դ. 30–40-ական թթ. (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք): 966-ին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր  Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ-գիտնական Հովհաննեսը: 979-ին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը (մինչև XI դ. կեսը), և Տաշիրքի թեմակալ է ձեռնադրվել Եսային: Երևելի վանահայրերից էր  «մեծ հռետոր» հռչակված Դիոսկորոս Սանահնեցին (1039–63): Նրա օրոք կառուցվել են գրատունն ու Ս. Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրան աշակերտել, դպրոցում դասավանդել ու ստեղծագործել են գիտնական վանականներ Անանիա Սանահնեցին և Հակոբոս Քարափնեցին: Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ:

Ըստ ավանդության՝ դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»:

XI դ. 2-րդ կեսին սկսված սելջուկյան արշավանքների ու նրանց տիրապետության ընթացքում, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության անկումից հետո (1113) Սանահինի վանքը ապրել է տևական վատթար ժամանակաշրջան: XII դ. վերջին Տաշիրք գավառի կազմում դառնալով Զաքարյան իշխանների սեփականությունը՝ վանքը վերականգնել է իր դերը երկրի հոգևոր ու գիտամշակութային կյանքում: Այդ շրջանում կատարվել են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ: XII դ. 80-ական թթ-ից մինչև XIII դ. 30-ական թթ. կառուցվել են Ս. Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը, կանգնեցվել են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի բարձրարվեստ խաչքարերը, նորոգվել Ս. Ամենափրկիչ եկեղեցին: XII դ. վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը, իսկ գյուղում՝ աղբյուր:

XII–XIII դդ. Սանահինի վանքում հայտնի էին վանահայրեր Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին (Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների ուսուցիչը), Վարդանը: Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը (տես Գրիգոր Որդի Աբասա), որի «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց» գիրքը ծառայել է նաև որպես ուսումնական  ձեռնարկ: Գրիգոր րաբունապետը վանքին նվիրել է 13 ձեռագիր, գրել այլ աշխատություններ: Վանքի բնականոն գործունեությունը դարձյալ ընդհատվել է 1230-ական թթ. սկսված մոնղոլ. արշավանքների նրանց տիրապետության ողջ ընթացքում: XIV դ. սկզբին թուլացել և դարավերջին տրոհվել է Զաքարյանների իշխանական տունը, և Սանահին գյուղը շրջակայքով ու վանքով դարձել նրանց շառավիղների՝ Արղության-Երկայնաբազուկների սեփականությունը (մինչև XX դ. սկիզբը):

XIV–XV դդ. Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը (այդտեղ գրչագրված ձեռագրերից 35-ը պահվում է Մատենադարանում): Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկը» (ձեռ. դ 3032), որը բովանդակում է վանքի ժամանակագրությունը, արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ:

XVII դ. կեսին, Սարգիս արք. Արղությանի առաջնորդության օրոք, էապես նորոգվել են ժամանակի և երկրաշարժերի ազդեցությամբ վնասված վանքի հիմն. կառույցները: 1831- ին հս. պարսպին կից միակամար աղբյուր է կառուցել վանքի տոհմիկ առաջնորդ Հարություն արք. Տեր-Բարսեղյանցը (ճակատին պահպանվել է նրա չափածո արձանագրությունը), կատարել է նաև վիմագրությունների վերծանման և կառույցների նորոգման աշխատանքներ: XX դ. սկզբին վանքի գործունեությունը դադարել է: Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում Սանահինի վանքը որպես պատմամշակութային հուշարձան եղել է պետական պահպանության ներքո, կատարվել են կառույցների ամրակայման և վերականգնման աշխատանքն եր: 1998-ին ՀՀ կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը:

Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. Յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է նախորդների գործառնական դերը, զբաղեցրած տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով:

Արդյունքում ստեղծվել է ասիմետրիկ, բայց ծավալային հավասարակշիռ հորինվածքով, ներդաշնակ և միասնական համակառույց՝ համահունչ նաև շրջակա գեղատեսիլ բնությանը:

Համալիրն ընդգրկում է Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Ս. Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Ս. Հակոբ եկեղեցին, Ս. Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Կառույցների հիմնական շինանյութը տեղական բաց մոխրագույն սրբատաշ բազալտն է, որն օգտագործվել է նաև տանիքների ծածկասալերի համար: Ճարտարապետական ձևերը և հարդարանքը, ընդհանուր առմամբ, պարզ են և մոնումենտալ՝ պատերի հարթ մակերեսների վրա քիվերի, դռների և պատուհանների շրջակալների զուսպ շեշտվածությամբ: Ներքին տարածքների գեղարվեստական արտահայտչականությունն ստեղծվել է ծածկերի՝ թաղերի, թաղակիր կամարների, գմբեթարդների և դրանք կրող հենարանների պարզ, տրամաբանական ու համաչափ կառուցվածքով և համադրությամբ:

Ս. Աստվածածին եկեղեցին, որի շուրջը կազմավորվել է համալիրը, հայ միջնադարյան դասական ճարտարապետության բնորոշ գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի վաղագույն օրինակներից է: Գմբեթի թմբուկն ի սկզբանե եղել է բազմանիստ, որը եկեղեցու 1652-ի նորոգման ժամանակ վերափոխվել է գլանաձևի և պսակվել պարզ կոնաձև վեղարով: Նրա ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների որոշակի հետքեր: Ս. Ամենափրկիչ (կոչվել է նաև Կաթողիկե) եկեղեցին համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունն է. կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցու հվ. կողմում՝ 4 մ հեռավորությամբ: Եկեղեցին իր հզոր ծավալով գերիշխող դիրք ունի և դարձել է համալիրի ընդհանուր հորինվածքի ծանրության կենտրոնը: Կառույցի տիպը դարձյալ խաչագմբեթն է, սակայն ի տարբերություն նախորդի, ունի երկհարկ ավանդատներ: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հս. և արմ. կողմերում, որոնցից առաջինը հետագայում փակվել է եկեղեցիների միջև ճեմարանի սրահը կառուցելու պատճառով: Կառույցի արլ. ճակատը և հվ. ու հս. ճակատների դրան կից հատվածները ձևավորվել են նրբագեղ որմնասյուների վրա հենված դեկորատիվ կամարաշարով: Հիմքեր կան ենթադրելու, որ այն ունեցել է շարունակություն և այդ կերպով հարդարված են եղել նաև եկեղեցու նախնական գմբեթի թմբուկն ու Ավագ խորանը, որոնք ավերվել են երկրաշարժից և վերականգնվել առավել պարզ ձևերով:

Եկեղեցու արլ. ճակատի վերնամասում՝ ճակտոնը պսակող քիվի անմիջապես տակը, տեղադրված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մի խորաքանդակ՝ Կյուրիկեի ու Սմբատի պատկերներով (անունները փորագրված են շրջանակի վերին մասում): Քանդակի ստեղծումից տարիներ անց նրանցից առաջինը հիմն ադրել ու գլխավորել է Կյուրիկյան թագավորությունը, իսկ երկրորդը՝ թագավորել Անիում և հռչակվել «Տիեզերակալ»:  Խորաքանդակը նրանց պատկերում է ողջ հասակով դեմհ անդիման կանգնած, ձեռքերին՝ եկեղեցու մանրակերտը: Իր բովանդակությամբ, հորինվածքային մտահղացմամբ և ոճավորմամբ այս ստեղծագործությունը նշանավոր երևույթ է դարձել հայ միջնադարյան մոնումենտալ արվ եստում և նախադեպ հանդիսացել հետագա նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի ևն):

Սանահինի վանքի հատակագիծը. 1. Ս. Աստվածածին եկեղեցին, 2. եռանավ գավիթը, 3. Ս. Ամենափրկիչ եկեղեցին, 4. ներքին գավիթը, 5. Մագիստրոսի ճեմարանը, 6. Ս. Գրիգոր մատուռը, 7. գրատունը, 8. սրահը, 9. զանգակատունը, 10. Կյուրիկյանների դամբարանը, 11. Արղության-Երկայնաբազուկների դամբարանը, 12. խաչքարեր, 13. մուտքեր Ս. Ամենափրկիչ եկեղեցու պատերը նույնպես ծածկված են եղել որմնանկարներով (պահպանվել են աննշան հետքեր): Ըստ վիմագրական տվյալների՝ եկեղեցին առաջին անգամ և հիմնավորապես նորոգվել է 1181-ին՝ վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի ջանքերով ու Գրիգոր Տուտեորդու և Քուրդ ամիրայի օժանդակությամբ: Վերաշարվել են երկրաշարժից վնասված հվ. պատը, գմբեթը՝ ամբողջությամբ, ինչի հետևանքով այն դարձել է ավելի ցածր, ամրացվել և լրացվել են կառույցի մյուս կիսավեր կամ խարխլված հատվածները: Երկրորդ մեծ վերանորոգումը կատարվել է 1652-ին, վանքի ընդհանուր նորոգության ժամանակ՝ առաջնորդ Սարգիս արք. Արղությանի օրոք և ուստա Սարգսի ղեկավարությամբ: Փոքր նորոգումներ կատարվել են նաև հետագայում, 1815-ին՝ հազարապետ Սոլոմոն Արղությանի ու Զաքարե իշխանի ծախսերով և 1881-ին՝ Արղության Հովսեփ Փարսադանյանի ղեկավարությամբ ու ջանքերով:

Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս X դ. 80-ական թթ. ունեցել են ընդհանուր գավիթ, ինչի մասին հիշատակվում է Կյուրիկե Ա թագավորի՝ Սանահինի «Քոթուկում»  մեջբերված հրովարտակում, որով նա երկու շքեղ ջահ է նվիրել վանքին: Այդ կառույցը քանդվել է հավանաբար 1181-ի լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ՝ Ս. Ամենափրկիչ եկեղեցու նոր գավիթը կառուցելիս: Վերջինս քառակուսի հատակագծով կենտրոնակազմ և քառասյուն ընդարձակ դահլիճ է՝ կառուցված եկեղեցու արմ. պատին կից, նույն առանցքով և լայնությամբ: Արտաքին դուռը տեղադրված է հս. պատի կենտրոնում: Գավթի հաստահեղույս սյուները կամարներով կապվում են միմյանց և համապատասխան հանդիպակաց պատերի փնջաձև որմնասյուների հետ՝ ներքին տարածքը բաժանելով կենտրոնական մեծ և եզրային ութ փոքր քառակուսի հատվածների: Կենտրոնական քառակուսին պսակում է երդիկավոր ցածր գմբեթը, անկյունայիններն ունեն հարթ առաստաղ, իսկ առանցքային միջին հատվածները ծածկված են գլանաձև թաղերով:

Տարածական այս բարդ և պլաստիկ կառուցվածքային հորինվածքին յուրահատուկ գեղարվեստական  արտահայտչականություն են հաղորդում սյունախարիսխների և խոյակների հյուսածո զարդամոտիվները և կենդանիների գլուխների խորհրդանշանային քանդակները: Որմնակամարներից մեկի վրա փորագրված արձանագրությունը հիշատակում է ճարտարապետի անունը՝ Ժամհայր:

Ս. Աստվածածին եկեղեցու գավիթը (կոչվում է նաև նախագավիթ) կառուցվել է 1211-ին, Վաչե Վաչուտյան իշխանի պատվերով, ինչը վկայում է գավթի ներսում, հվ. Պատին պահպանված արձանագրությունը: Կառույցը տեղադրվել է այդ եկեղեցու արմ. և Ս. Ամենափրկիչ եկեղեցու գավթի հս. պատերին կից և գրավում է դրանց միջև գոյացած անկյունային տարածքը: Պահպանված են կից կառույցների առանցքների նկատմամբ սիմետրիան, իսկ արլ-արմ. ուղղությամբ՝ նաև չափը, ինչի շնորհիվ այդ համադրությունը ընկալվում է որպես ամբողջական մի կառույց: Գավթի հատակագիծը հս-հվ. ուղղությամբ մի փոքր ձգված ուղղանկյուն է, որը լայնական ուղղությամբ տարված երկու կամարակապ սյունաշարով բաժանվում է երեք հավասար նավերի: Դրանցից յուրաքանչյուրը ծածկված է գլանաձև թաղով և երկթեք տանիքով, որոնք արմ. ճակատի վրա կազմում են սուր գագաթներով բարձր ճակտոնների շարք: Գավթի այդ միակ ամբողջությամբ երևացող ճակատը ձևավորված է երեք զույգ լայն և կամարակապ բացվածքներով, որոնք ծառայել են ներքին տարածքի լուսավորության և ելումուտի համար: Գավիթն ունեցել է նաև միջանցիկ դեր՝ եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան անցնելու համար: Ճարտարապետական  ներքին հարդարանքը պարզ է և զուսպ. ցածրադիր և զանգվածեղ սյուները և որմնասյուները, լինելով միատիպ, տարբեր են խարիսխների, ֆուստերի (ֆուստ՝սյան բունը) և խոյակների զարդաքանդակների մշակմամբ: Տիպաբանական առումով այս գավիթը եզակի նմուշ է հայկական ճարտարապետության մեջ:

Ճեմարանի կառուցման ստույգ ժամանակն անհայտ է, սակայն շինարարական-շերտագրական վերլուծությամբ թվագրվում է XI դ. 1-ին կեսով: Կառույցի հատակաձևը ստեղծվել է ինքնաբերաբար՝ պայմանավորված եկեղեցիների միջև ընկած նեղ, միջանցքաձև տարածքով, որը ճարտարապետն օգտագործել է հնարամտոր են և նպատակահարմար:

Գրատունն ու Ս. Գրիգոր մատուռը կառուցվել են 1063-ին՝ վանահայր Դիոսկորոս Սանահնեցու նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, Դավիթ Անհողինի դստեր՝ Հրանույշ թագուհու միջոցներով: Շինությունները տեղադրված են համալիրի հս-արլ. մասում, միմյացից մոտ 3 մ հեռավորությամբ: Միջանկյալ այդ տարածքում, գրատան մուտքի առջև XIII դ. 1-ին քառորդում կառուցվել է նախասրահ:

Գրատունը քառակուսի հատակագծով սրահ է, որի չորս պատերի կենտրոններում մեկական տեղադրված որմնասյուները միմյանց հետ կապվում են հատակագծում պատերի նկատմ ամբ 45օ-ով շեղված կամարներով: Դրանցով կազմվում է սրահի եզրագծին ներգծված մի նոր՝ առավել փոքր քառակուսի, որի վրա առագաստների միջոցով հենվում է հիմքում՝ շրջանաձև, իսկ վերևում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթը: Սրահի անկյունային հատվածները ծածկված են մի դեպքում տրոմպով, մյուս դեպքում՝ հատվող կիսագլան թաղերով: Ցածրադիր և զանգվածային որմնասյուներն ունեն հարուստ և միմյանցից տարբեր զարդաքանդակային մշակում: Պատերի հարթությունը ջլատված է կիսաշրջան կամ սլաքաձև կամարներով պսակվող խոր որմնախորշերով, որոնք եղել են պահոցներ գրքերի և նշխարների համար: Ս. Գրիգոր մատուռը եռաստիճան գետնախարսխով, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: Ճակատի գլանաձև հարթությունը և մուտքի շրջանակը մշակված են նրբագեղ, դեկորատիվ որմնասյուներով և կամարաշարով, իսկ պատի՝ խորանների միջև ընկած առավել թանձր հատվածները ակոսված են ուղղաձիգ, հատակագծում եռանկյունաձև խորշերով: 1652-ին վերակառուցվել են երկրաշարժից ավերված գմբեթն ամբողջությամբ և պատերի վերին հատվածները՝ աղճատելով մատուռի նախնական տեսքը և համաչափությունը:

Վանքի զանգակատունն (XIII դ. 1-ին քառորդ) այդ տիպի վաղագույն նմուշներից է, կառուցվել է Ս. Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիների արմ. ճակատների եզրագծի շարունակությամբ, վերջինիս հս. պատի արմ. հատվածին կից: Այն քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Առաջին հարկը պարզ թաղակապ սրահ է՝ հս. Կողմից առանձին մուտքով: Արմ. ճակատին ասիմետրիկ տեղադրված շքամուտքը քարե աստիճաններով տանում է երկրորդ և երրորդ հարկերը: Երկրորդ հարկն են կազմում միմյանց կից երեք փոքր ավանդատները, որոնցից մեկի մուտքի ճակատին պահպանվել է շին. անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Երրորդ հարկն ամբողջական մի սրահ է՝ ծածկված չորս զույգ որմնասյուների վրա հենված փոխհատվող կամարների կոնստրուկցիայով՝ իր վրա կրելով զանգաշտարակը: Արմ. ճակատի առանցքով, տրամատված լայն շրջանակի մեջ ագուցված է կարմիր գրանիտե քանդակազարդ մեծ խաչ, ճակատների դեկորատիվ հարդարանքի մյուս տարրերը՝ շքամուտքի և պատուհանների քանդակազարդ շրջանակները, ներդիր խաչքարերը տեղադրված են ասիմետրիկ, ազատ, բայց խիստ հավասարակշիռ հորինվածքով:

Գլխավոր հուշարձանախմբից հվ-արլ., շուրջ 70 և 100 մ հեռավորությամբ գտնվում են ևս երկու փոքր, կիսավեր կառույցներ՝ Ս. Հակոբ եկեղեցին և Ս. Հարություն մատուռը: Եկեղեցին X դ. 2-րդ կեսին կառուցված գմբեթավոր դահլիճ է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով: 1753-ին ավերվել է, քարերի մի մասը 1815-ին օգտագործվել Ս. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման համար: Մատուռը (XIII դ. 2-րդ կես) պարզ, ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ արլ. երկու հավասարաչափ խորաններով և հարուստ մշակված արմ. շքամուտքով: Կյուրիկյան, Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարաններից ճարտարապետական հորինվածքի առումով առավել յուրօրինակ ու հետաքրքիր է Զաքարյանների դամբարանը: Բաղկացած է միմյանց կից և հաղորդակից արլ. ու արմ. մասերից: Առաջինը(կառուցված X դ. վերջին կամ XI դ. սկզբին) կիսագետնափոր թաղածածկ սրահ է՝ տանիքին բարձրացրած երեք փոքր մատուռներով, որոնցից կենտրոնականն ունի ուղղանկյուն, իսկ եզրայինները՝ շրջանաձև հատակագծեր: Արմ. մասը քանդակազարդ շքամուտքով, երկթեք տանիքով թաղածածկ սրահ է. 1189-ին կառուցել են Իվանե և Զաքարե եղբայրները՝ իրենց պապի և հոր՝ Վահրամ ու Սարգիս իշխանների գերեզմանների վրա: Վերջինիս հիշատակին կանգնեցված է նաև արձանագիր խաչքար:

Շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում: Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարը (գործ՝ Մխիթար Կազմիչի)՝  կանգնեցված 1184-ին, Ս. Հարություն եկեղեցու հս. պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215-ին կանգնեցված խաչքարը՝ Ս. Աստվածածին եկեղեցու գավթի արմ. պատին կից: Պահպանվել են X–XIX դդ. ընդգրկող շուրջ 190 վիմագրեր (կառույցների, խաչքարերի ու տապանաքարերի վրա): Դրանցից 19-ն ունեն շին. բնույթ (մինչև 1225-ը), մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ:

 

                                                          Ղաֆադարյան  Կ.  


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 885- 890:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am ©ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ