Շվեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Konungariket Sverige
Շվեդիա
Շվեդիա դրոշ
Դրոշ
Շվեդիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Du gamla, du fria
Շվեդիա դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ստոքհոլմ
Պետական լեզուներ շվեդերեն
Տարածք
 -  Ընդհանուր 449,964 կմ² 
 -  Ջրային (%) 8.67
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 9,127,058 
 -  1990 մարդահամարը 8,587,353 
 -  Խտություն 20 /կմ² 
52 /մղոն²
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .se
Հեռախոսային կոդ +46


Շվեդիա[1] (շվեդ.՝ Sverige), պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդ.՝ Konungariket Sverige), պետություն է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Շվեդիային են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ։ Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է։ Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ)։ Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները՝ շխերները։ Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը։ Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ։ Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով։ Գետերը կարճ են ու ջրառատ։ Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ։ Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները։ Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն։ Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները։ Կան բազմաթիվ արգելոցներ։

Պատմություն[խմբագրել]

Հին շրջան[խմբագրել]

Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ․ թ․ ա․ VIII—IX հազարամյակներից են։ Մոտ II հազարամյակում եվրոպական մայրցամաքից Շվեդիա են ներխուժել անասնապահ ցեղեր, որոնք ենթարկել են բնիկներին։ Մ․ թ․ առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսային գերմանական ցեղեր՝ սվիոններ, գաուաներ և այլն։ Մ․ թ․ VI—VII դդ․ տեղի է ունեցել շվեդ, ցեղերի միավորում, անցում նախնադարյան համայնականից՝ դասակարգային հասարակարգի։ Շվեդիացի վիկինգները առեարի և թալանի նպատակով ասպատակել են հարևան երկրները: XI դ․ սկզբին Շվեդիայում տարածվել է քրիստոնեությունը, երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ։ Մինչև XIV դ․ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են դանդաղ, պահպանվում էին տոհմացեղային մնացուկները։ XII դ․ կեսից շվեդ, ֆեոդալները խաչակրաց արշավանքներ են ձեռնարկել դեպի արևելք՝ Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Ռուսիայի հյուսիս-արևմուտք, որտեղ շվեդները պարտվել են Ալեքսանդր Նևսկուց։ 1389-ին ֆեոդալական երկպառակություններից թուլացած Շվեդիան Դանիայի հետ կնքել է ունիա, որին 1397-ին միացել է նաև Նորվեգիան։ Այդ միությամբ Շվեդիայում ուժեղացել է հարկային լուծը, Շվեդիայի ենթարկվածությունը Դանիային։ 1434-ին Շվեդիայում բռնկել է գյուղացիական պատերազմ, որը շուտով վերաճել է հակադանիական պայքարի և ունիայի խզման։ Դանիական տիրապետությանը վերջ է տվել 1521-ին Դուստավ էրիկսոնի գլխավորած ժողովրդական ապստամբությունը։ 1527—1539-ին Շվեդիայում անց է կացվել Ռեֆորմացիա, որն ուժեղացրել է թագավորական իշխանությունը։ XVI դ․ վերջից, և հատկապես XVII դ․, շվեդական ֆեոդալական պետությունը բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար, որի հետևանքով Շվեդիան զավթել է Արևելյան Մերձբալթիկան, Պոմերանիաև ու այլն, և դարձել Եվրոպայի հզոր պետություններից մեկը։ Շվեդիայի արտաքին քաղաքական հաջողությունները ամրապնդել են թագավորական իշխանությունը երկրի ներսում։ Թագավորները անց են կացրել հողերի ռեդուկցիա, որը առաջընթաց քայլ էր երկրի բուրժուականացման ճանապարհին։ Շվեդիայում հաստատվեց բացարձակ միապետություն, որի հիմնական հենարանն էին միջին ազնվականությունը, սպայությունը և առևտրամանուֆակտուրային բուրժուազիան։ 1700—1721Հյուսիսային պատերազմում Շվեդիան ժամանակավոր հաջողության հասավ, սակայն խոշոր պարտություն կրեց Ռուսաստանում և կորցրեց իր տիրույթները Արևելյան Մերձբալթիկայում և Հարավ-Արեմտյան Կարելիայում։ Կարլ XV-ի մահով (1781) ավարտվեց շվեդիայի բացարձակապետության շրջանը։ Շվեդիայի փորձերը ռևանշ վերցնելու Ռուսաստանից, ավարտվեցին շվեդական զորքերի նոր պարտությամբ։

Միջին դարեր[խմբագրել]

1805—1810-ի և 1813—1814-ի պատերազմներին Շվեդիան մասնակցեց հակաֆրանսիական կոալիցիայի կազմում։ Դանիայի հետ կնքված Քիլլի պայմանագրով (1814) Շվեդիան ստացավ Նորվեգիան։ Աննդմեջ պատերազմները հանգեցրին Շվեդիայի տնտեսական քայքայման։ Բայց արդեն XIX դ․ 50—60-ական թթ․ Շվեդիայում սկսեց արագորեն զարգանալ արդյունաբերական կապիտալիզմը։ Կապիտալիստական հարաբերությունները մեծ չափով զարգացան նաև գյուղատնտեսության մեջ։ Քաղաքական ակտիվ ուժ դարձավ արդյունաբերական բուրժուազիան։ XIX դ․ 70-ական թթ․ բանվորական շարժումը ընդունեց կազմակերպված ձևեր, առաջացան արհմիություններ։ Օսկար II-ի օրոք (1872—1907) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, բայց որոշակի գերմանական կողմնորոշմամբ, որը պահպանվեց նաև առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) ժամանակ։ 1918—1920-ին երկրում ծավալվեց հուժկու գործադուլային շարժում, կառավարությունը ստիպված էր անցկացնել ընտրական բարեփոխումներ, ընդունել օրենք 8-ժամյա աշխատանքային օրվա մասին։ 1920-ական թթ․ ավարտվեց շվեդական կապիտալիզմի անցումը մոնոպոլիստական փուլին։ Շվեդիան դարձավ կապիտալի խոշոր արտահանող։ 1920—1922-ին Շվեդիայի կառավարությունը հիմնականում ղեկավարում էին լիբերալները։ 1930-ական թթ․ սկզբի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցեց նաև Շվեդիան, անկում ապրեց արդյուաբերական արտադրությունը, աճեց գործազրկությունը, ծավալվեց գործադուլային շարժումը։

Երկրորդ աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) ժամանակ Շվեդիան չեզոքություն հայտարարեց, բայց հաճախ էր այն խախտում հօգուտ Գերմանիայի և Ֆինլանդիայի։ 1946-ին Շվեդիան ընդունվեց ՄԱԿ, 1948—1952-ին մասնակցեց: 1967—1968-ին միջոցներ ձեռնարկվեցին տնտեսության մեջ պետական կարգավորման դերը ուժեղացնելու ուղղությամբ, բայց շարունակվում էր պահպանվել գործազրկության բարձր մակարդակը, ավելանալ գործադուլների թիվը։ 1974—1976-ին ռիկսդագը օրենքներ ընդունեց միջին և ցածր եկամուտ ունեցողների պետական հարկերը, ի հաշիվ ձեռնարկատերերից գանձվող հարկերի, նվազեցնելու մասին։ 1970-ական թթ․ 2-րդ կեսի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Շվեդիայի տնտեսությանը, դանդաղեց արդյունաբերական զարգացումը, ավելացավ գործազրկությունը։ Շվեդիան կապիտալիստական երկրներից առաջինը ճանաչեց ՎԴՀ-ին, տնտեսական օգնություն ցույց տվեց նրան, դատապարտեց Իսրայելի ագրեսիան արաբական երկրների դեմ, ճանաչեց Օդեր-Նայսե սահմանագիծը, 1975-ին ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը։

Պետական կարգ[խմբագրել]

Շվեդիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975-ից։ Պետության գլուխը թագավորն է, որն իրականացնում է ներկայացուցչական ֆունկցիաներ։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Օրենսդիր բարձրագույն մարմինը ռիկսդագն է (միապալատ խորհրդարան), որն ընդունում է օրենքներ, պետության բյուջեն, ընտրում վարչապետին, հաստատում կառավարության կազմը, ընտրում օմբուդսմեններին և այլն։ Լեներում կենտրոնական իշխանությունը ներկայացնում է նահանգապետը, որը գլխավորում է հատուկ վարչական բյուրոն, վերահսկում տեղական ինքնավարության մարմինները՝ լանդստինգները լեներում, լիազորների ժողովները՝ քաղաքներում և գյուղական կոմունաներում։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապելյացիոն դատարանները, քաղաքային և օկրուգային դատարանները։ Կան հատուկ դատարաններ՝ գույքի բաժանման, հողային գործերի, ոստիկանական և այլն։

Աշխարհագրություն[խմբագրել]

Շվեդիան գտնվում է Ֆենոսկանդինավիայում։ Գերակշռում են ոչ բարձր, ժայռոտ ափերը՝ մանր կղզիներով ու շխերներով, որոնք դժվարացնում են մերձափնյա նավագնացությունը։ Բոտնիկի ծոցի ափերը ցածրադիր են, գլխավորապես՝ ավազային։ Շվեդիայի հյուսիսային և արևմտյան շրջանները զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկայսե լեռ), որոնք լեռնաշղթաների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների զուգակցում են։ Սառցադաշտերը (ավելի քան 200) գրավում են մոտ 400 կմ2։ Երկրի հյուսիսում տարածված է խիստ մասնատված Նորլանդ սարահարթը (բարձրությունը՝ 200—800 մ)։ Ավելի հարավ գտնվում է Միջին-շվեդական դաշտավայրը՝ իրար հաջորդող թմբաշարերով և գոգավորություններով, որոնց զգալի մասն զբաղեցնում են լճերը։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը (օզեր, մորեններ և այլն)։ Երկրի հարավում Ամոլանդ բարձրությունն է, որը շառավղաձև հովիտներով կտրտված է առանձին բլրաշարերի և լեռնազանգվածների։

Երկրաբանական կառուցվածք[խմբագրել]

Շվեդիան գտնվում է Արևելա-Եվրոպական պլատֆորմի Բալթիական վահանի սահմաններում և Շրջափակված է կալեդոնյան ծալքավորման կառուցվածքներով։ Ծածկված է քեմբր-սիլուրի մնացորդներով և առավելապես անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։

Օգտակար Հանածոներ[խմբագրել]

Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, կապար, ցինկ, վոլֆրամ, հազվագյուտ մետաղներ և ֆլյուորիտի ոչ խոշոր հանքավայրեր, հանքային աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել]

Կլիման բարեխառն է, խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը։ Հյուսիսային շրջաններում կլիման ավելի խիստ է, միջին և հարավային շրջաններում՝ անցումային ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում 0—5°C է, հյուսիսում՝ —6°C-ից մինչև — 14°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 15—17 և 10— 11°C։ Տարեկան տեղումները լեռներում 1500—1700 մմ են, հարթավայրերում՝ 700—800 մմ, հյուսիս-արևելքում՝ 300—600 մմ։ Հյուսիային լեռներում ձնածածկույթի տևողությունը 6—7 ամիս է, հարավում՝ մինչև 1 ամիս, որոշ շրջաններում ձնածածկույթը բացակայում է։

Ներքին ջրեր[խմբագրել]

Գետերը կարճ են, ջրառատ, սնումը՝ ձնաանձրեային։ Մեծ գետերն են էսթերդալելվենը, Տուռնելվենը, Կլարէլվենը, Օնգերմանէլվենը, Գյոթաէլվը։ Գետերն ունեն մեծ անկում, սահանքավոր են, առաջացնում են ջրվեժներ։ Առավելագույն հոսքը լինում է գարնանը և ամռանը։ Գետերի սառցակալման տևողությունը հարավում 3—4 շաբաթ է, հյուսիսում՝ 5—6 ամիս։ Հիդրոէներգիայի պաշարներով Շվեդիան Արևմտյան Եվրոպայում գրավում է 2-րդ տեղը (Նորվեգիայից հետո)։ Երկրի տարածքի 9%-ը զբաղեցնում են լճերը։ Խոշոր լճերն են Վենեռնը, Վեթեռնը, էլմարենը, Մելարենը։

Հողեր, բուսականություն և կենդանական աշխարհ[խմբագրել]

Տարածքի 50%-ը զբաղեցնում են անտառները։ Հյուսիսում, պոդզոլային հողերի վրա տարածված է տայգան, հարավում, ճմապոդզոլային հողերի վրա՝ խառն անտառները, Սկոնե թերակղգում, անտառային գորշ հողերի վրա՝ լայնատերև անտառները։ Տարածքի մոտ 14%-ը զբաղեցնում են ճահիճները, 15%-ը՝ տունդրային բուսականությունը։ Ծովափնյա շրջաններում և հարթավայրերում հանդիպում են մացառուտներ, մարգագետնային տեղամասեր։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, լուսան, սկյուռ, նապաստակ, կզաքիս, ոզնի, բևեռաղվես, լեմինգ։ Շատ են ջրլող թռչունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Շվեդիայում կա 16 ազգային պարկ և 850 արգելոց։

Բնակչություն[խմբագրել]

96%-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ, ֆիններ։ Պաշտոնական լեզուն շվեդերենն է, կրոնը՝ լյութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 22 մարդ է (2015), քաղաքային բնակչությունը՝ 86%[2] (2015)։ Առավել խիտ են բնակեցված երկրի միջին և հարավային շրջանները։ Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոտեբորգը, Մալմյոն։

Տնտեսություն[խմբագրել]

Շվեդիան Արևմտյան Եվրոպայի զարգացած կապիտալիստական ինդուստրիալ երկրներից է՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ և արտաքին տնտեսական լայն կապերով։ Շվեդիայի տնտեսությունում առաջատար են մեքենաշինությունը, հատկապես նավա և ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, էլեկտրատեխնիկան և էլեկտրոնիկան, թեև Շվեդիան շարունակում է մնալ երկաթի հանքանյութի, որակյալ պողպատի, սղոցանյութերի, թաղանթանյութի-թղթի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Տնտեսությունը բնութագրվում է արտադրության և կապիտալի բարձր աստիճանի կենտրոնացմամբ։ Արդյունաբերության և բանկերի վերահսկողությունը կենտրոնացած է շվեդական ֆինանսական օլիգարխիայի 20—25 ընտանիքների ձեռքում։ Պետական սեկտորին բաժին է ընկնում ազգային համախառն արդյունքի ավելի քան 15%-ը և ներդրված կապիտալի մինչև 30-40%-ը։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության ճյուղերից առանձնանում են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը (նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ)։ Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային նշանակության պաշարներ։ Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր։

Ստոկհոլմը 17-րդ դարում

Մեքենաշինություն[խմբագրել]

Ավտոմեքենաշինության մեջ հայտնի է «Վոլվո» վերազգային մենատիրությունը՝ համանուն ավտոմեքենաների արտադրությամբ։

Փայտամշակման արդյունաբերություն[խմբագրել]

Զարգացած է փայտամշակման արդյունաբերությունը, արտադրվում է կահույք, թուղթ և այլն։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝ կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ։ Զարգացած է նաև ձկնորսությունը։

Առողջապահություն[խմբագրել]

2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 12[3], մահացությունը՝ 9,4[4]։ Մահացության հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի, թոքերի հիվանդություններն են և չարորակ նորագոյացությունները։ Տարածված են գրիպը, մանկական վարակիչ հիվանդությունները, վարակիչ դեղնախտը և վեներական հիվանդությունները։ Առողջապահության ծառայությունը գտնվում է Սոցիալական գործերի նախարարության և Առողջապահության ու սոցիալական ապահովագրության ազգային խորհրդի ենթակայության ներքո։

Գիտություն[խմբագրել]

Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում։ Դրան մեծապես նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների (համապատասխանաբար՝ 1477 և 1668 թվականներին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թվականներին) հիմնադրումը։ Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը։ Քիմիկոս Շեելեն ստացել է քլորը, գլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա. Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»։ Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը։ Ալֆրեդ Նոբելը (հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան մրցանակը, որը տրվում է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, 1968 թվականից՝ նաև տնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար։ Հանրահայտ են նաև աստղագետ-ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, գրողներ Աստրիդ Լինդգրենը, Յուհան Ավգուստ Սթրինդբերգը, կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը, կինոդերասաններ Ինգրիդ Բերգմանը, Գրետա Գարբոն և ուրիշներ։

Կրթություն[խմբագրել]

Շվեդիայի տարածքում դպրոցները կազմավորվել են XIII դ․։ XVI դ․ կար 20 եկեղեցական ու վանական և 10 քաղաքային դպրոց։ Լյութերական ռեֆորմը (XVI դ․) նպաստեց գրագիտության տարածմանը։ Մինչև XIX դ․ կեսը դպրոցը ենթարկվում էր եկեղեցուն։ 1842-ին օրենք ընդունվեց պարտադիր ժողովրդական դպրոցների մասին, որոնք ստորին դասի երեխաներին տալիս էին տարրական պատրաստականություն։ 1936-ին օրենք է ընդունվել 7-ամյա, 1962-ին՝ 9-ամյա պարտադիր կրթության մասին։ Ժողովրդական կրթությունը ղեկավարում է կրթության նախարարությունը։ Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները և խաղային դպրոցները (3—6 տարեկանների համար), 9-ամյա պարտադիր դպրոցներ, և միավորված գիմնազիաները 22 բաժանմունքով, որոնցից 5-ը՝ տեխնիկական, գիտական, հումանիտար, տնտեսական և հասարակագիտական (3—4 տարվա ուսուցմամբ), իրավունք են տալիս բուհ ընդունվելու, իսկ մյուսները (2-ամյա ուսուցմամբ) տալիս են պրոֆտեխնիկական պատրաստականություն։ Բարձրագույն կրթության համակարգում կա 35 բուհ (ուսման տևողությունը՝ 3—6 տարի)։ Խոշորներից են․ Ստոկհոլմի (հիմնադրվել է 1877-ին), Օլփսալայի (1477), Լունդի (1668), Գյոթեբորգի (1891), Ումեոյի (1963), Լինչյոպինգի (1970) համալսարանները, Թագավորական բարձրագույն տեխնիկական դպրոցը (1827, Ստոկհոլմ), Պոլիտեխնիկական (1829, Գյոտեբորգ), Կարոլինյան բժշկավիրաբուժական (1810, Ստոկհոլմ) և այլ ինստիտուտները։ Խոշորագույն գրադարաններն են․ Թագավորականը (Ստոկհոլմ, 1 մլն գիրք), Ուփսալայի (ավելի քան 2 մլն գիրք), Լունդի (ավելի քան 1,3 մլն գիրք), Գյոտեբորգի (1,25 մլն գիրք) համալսարանների, Ստոկհոլմի (ավելի քան 1,4 մլն գիրք), Գյոտեբորգի (ավելի քան 1 մլն գիրք) քաղաքային և այլ գրադարաններ։ Թանգարաններից են․ Ազգային ժամանակակից արվեստի, Ազգագրության, Ստոկհոլմ քաղաքի (Ստոկհոլմ), Ծովային (Գյոտեբորգ) և այլն։

Մշակույթ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Պահպանված հուշարձաններից ամենահինը ռունական վիմագիր արձանագրություններն են։ Ֆեոդալիզմի կազմավորման և քրիստոնեության տարածման շրջանում առաջացել է լատիներենով կրոն, գրականությունը։ XIV—XV դդ․ տարածվել են բալլադ-երգերը։ XIV դ․ սկզբներին երևան են եկել պատմական ժամանակագրություններն ու ասպետական պոեզիան, XVII դ․՝ դրամատուրգիան ու քնարերգությունը։ XVIII դ․ սկզբներին կազմավորվել է Լուսավոր ականության գրականությունը։ XX դ․ սկզբներին երևան եկան Մ․ Կոկի (1882—1940), Գ․ Հեդենվինդ-էրիկսոնի (1880—1967), Դ․ Անդերսոնի (1880-1920) բանվոր դասակարգի մասին պատմող առաջին նշանակալի ստեղծագործությունները։ Լ․ Նուրդստրյոմը (1882—1942), Գ․ Հելստրյոմը (1882—1953) և էլին Վեգները (1882—1949) ստեղծեցին շվեդ, հասարակության տարբեր խավեր ներկայացնող կենցաղային վեպեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ծնած շփոթության ու սարսափի տրամադրություններն են արտահայտված Պ․ Լագերկվիստի (1891—1974) «Սարսափ» (1916) էքսպրեսիոնիստական բանաստեղծությունների ժողովածույում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) նախօրեին և պատերազմի տարիներին ստեղծվեցին հակաֆաշիստական երկեր։ ժամանակակից մարդու բարոյական որոնումներն են պատկերված Լագերկվիստի աստվածաշնչային սյուժեներով վեպերի շարքում («Վարավվա», 1950 և այլն)։ Շվեդիայի գրողների միությունը, որ գոյություն ունի 1893-ից, պրոֆեսիոնալ կազմակերպություն է և կոչված է պաշտպանելու գրողների տնտեսական ու ստեղծագործական շահերը։

Ճարտարապետություն և Կերպարվեստ[խմբագրել]

Բրոնզի դարին են վերաբերում Բոխուսլենում հայտնաբերված սխեմատիկ ժայռապատկերները, զարդապատ զենքերն ու կահկարասին, երկաթի դարին և մ․ թ․ I հազարամյակին՝ քարե ստելաները, մետաղի և Փայտի վրա կատարված կենդանակերպ զարդանախշերը, մարդկանց և կենդանիների պատկերները, «վիկինգների շրջանին»՝ հիմնակմախքային կառույցները։ XI—XII դդ․ կառուցվել են ռոմանական ոճի քարե ծանրանիստ եկեղեցիներ, XIII—XV դդ․՝ գոթական տաճարներ, XVI դ․՝ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ գծերով դղյակներ։ Միջին դարերում աճել են փողոցների մանր ցանցով քաղաքներ, զարգացել է դեկորատիվ գեղանկարչությունը և քանդակագործությունը, գրքի մանրանկարչությունը։ XVII դ․ բարոկկոյի և կլասիցիզմի ոգով կառուցվել են քաղաքային պալատներ, պուրակներով քաղաքամերձ նստավայրեր, Քաղաքային նոր շրջանները ստեղծվել են կանոնավոր հատակագծով։ XIX դ․1-ին կեսի կերպարվեստում անցում է կատարվել դեպի ռոմանտիզմը, աճել է հետաքրքրությունը երկրի անցյալի, բնության և մարդկանց նկատմամբ։ Զարգացել է նաև պատմական գունանկարչությունը։

Երաժշտություն[խմբագրել]

Մինչև XIX դ․ Շվեդիայի երաժշտությունը զարգացել է սկանդինավյան երաժշտական մշակույթների ընդհանուր հոսանքին համընթաց։ XX դ․ այն ձեռք է բերել ազգային ինքնատիպության գծեր։ Հնագույն ժողովրդակն նվագարաններից են՝ լուր, զանգակներ, ավելի ուշ գեղջկական անսամբլներում կիրառվել են նաև ջութակը, կլառնետը, ֆլեյտան, տավիղը։ Մինչև XIII դ․ երաժշտական արվեստի ներկայացուցիչները եղել են սկաչդերը, մինչև XVI դ․ սկիզբը՝ շրջիկ երաժիշտները՝ «լեկարները»։ XIV—XV դդ․ ստեղծվել են երգ-բալլադներ և քաղաքական հակաֆեոդալական երգեր, ռեֆորմացիայից հետո՝ ավետարանական սաղմոսներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության ձևավորման վրա ազդել է գրիգորյան խորալը, ռեֆորմացիայի ժամանակներից՝ բողոքական խորալը։ Աշխարհիկ երաժշտական կյանքի կենտրոնը թագավորական պալատն էր Ստոկհոլմում, ուր 1526-ից հանդես էր գալիս պալատական կապելլան։

Բալետ[խմբագրել]

1638-ից Ստոկհոլմում ֆրանսիացի արտիստները կազմակերպել են բալետային ներկայացումներ։ Առաջին մշտական թատերախումբը ստեղծվել է շվեդական Թագավորական օպերային կից, որը բացվել է 1773-ից։ Առաջին շվեդ, բալետմայստեր Ա․ Սելինդերը 1843-ին բեմադրել է Ֆ․ Տալյոնիի «Սիլֆիդա» բալետը։ Շվեդիայի բալետը նշանակալից վերելք է ապրել Մ․ Մ․ Ֆոկինի օրոք, որը 1913-ին բեմադրել է մի շարք բալետներ։ 1920-ական թթ․ ստեղծվել է «Շվեդ, բալետ» թատերախումբը։ Շվեդ, խորեոգրաֆները օգտագործել են նաև ազատ պարը։ 1967-ից բալետմայստեր Ի․ Կրամերը գլխավորում է իր ստեղծած «Կրամեր-բալետտեն» թատերախումբը, որի ներկայացումները նշանակալից չափով հիմնված են ժողովրդական բանահյուսության վրա։ Մշտական բալետային թատերախմբեր են գործում նաև Գյոտեբորգում և Մալմյոյում։

Թատրոն[խմբագրել]

XV-XVI դդ․ Շվեդիայում տարածվել են դպրոցական թատրոնները։ XVI դ․ վերջից թագավորական դղյակներում կազմակերպվել են ներկայացումներ։ Առաջին պալատական թատրոնը բացվել է 1649-ին, Ստոկհոլմում։ Մինչև XIX դ․ սկիզբը այնտեղ խաղացել են կոմեդիա դել արտեի, գերմանական և մի քանի ֆրանսիական թատերախմբեր։ Առաջին մշտական ազգային բեմը եղել է ուփասլայի Ուսանողական թատրոնը (1682—16911737-ին երիտասարդ ազնվականներից և չինովնիկներից կազմված սիրողական թատերախումբը անվանվել է «Թագավորական շվեդ, բեմեր»։ 1753-ին այդ թատրոնը իր տեղը զիջել է ֆրանսիական և իտալական թատերախմբերին։ Գյոտեբորգում (1779), Ստոկհոլմում (1778) Գուստավ III-ի օրոք ստեղծվել են առաջին հանրամատչելի շվեդական թատրոնները։ XIX դ․ 70-ական թթ․ կապված հասարակական, տնտեսական և կուլտուրական վերելքի հետ մասնավոր և պետական թատրոնների խաղացանկ է թափանցել «նոր դրաման»։

Կինո[խմբագրել]

Շվեդիայում վավերագրական առաջին նկարահանումները իրագործել է գերմանացի կինեմատոգրաֆիստ Մ․ Սկլադանովսկին։ 1897-ին շվեդ Ն․ Պետերսոնը մտեղծել է մի քանի վավերագրական և խաղարկային ֆիլմեր։ Կինոնկարների կանոնավոր արտադրությունն սկսվել է 1907-ին։ 1910—1920-ական թթ․ շվեդական դասական կինոդպրոցը համաշխարհային կինեմատոգրաֆի վրա ունեցել է նշանակալից ազդեցություն: 1930-ական թթ․ թողարկվել են մելոդրամներ և կոմեդիաներ, 1940-ական թթ․՝ ֆաշիզմը մերկացնող կինոնկարներ։ 1940—1950-ական թթ․ ստեղծվել են բանվոր դասակարգի մասին Հ․ Ֆաուստմանի ֆիլմերը։

Հայերը Շվեդիայում[խմբագրել]

Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից։ Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։ Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից։ Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով։ Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 7-8 հզ. է, որից 5 հազարը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում։ Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը։ 1974 թվականին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը։ Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն)։ Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ։ Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Շվեդիայում գործող օրենքի համաձայն՝ երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն։ Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ։ 1910–1920-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ։ 2000 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Շվեդիա» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։