Թուրքիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի Հանրապետություն
Türkiye Cumhuriyeti
Թուրքիայի դրոշ
Դրոշ
Թուրքիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Yurtta Barış, Dünyada Barış
(թուրքերեն)Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում
Ազգային օրհներգ՝
İstiklâl Marşı
Թուրքիայի դիրքը
Մայրաքաղաք Անկարա
39°55'48.00′N, 32°50′E
Պետական լեզուներ Թուրքերեն
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Վարչապետ Ահմեդ Դավութօղլու
 -  Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ժառանգություն Օսմանյան Կայսրությունից 
 -  Քեմալական պատերազմ Մայիսի 19, 1919 թ. 
 -  Խորհրդարանի ւնտրություններ Ապրիլի 23, 1920 
 -  Հանրապետության հայտարարումը Հոկտեմբերի 29, 1923 
Տարածք
 -  Ընդհանուր 783.562 կմ²  (37-րդ)
 -  Ջրային (%) 1.3
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 76.665.647  (17-րդ)
 -  2000 մարդահամարը 70.803.927 
 -  Խտություն 93 /կմ² (102-րդ)
240 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $1.415.856 միլիարդ (16րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $16.628 (66-րդ)
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $1.823.200միլիարդ [1] (17րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $10,206[1] (38-րդ)
Ջինի (2005) 38 (միջակ
ՄԶՀ (2009) Green Arrow Up Darker.svg 0.679[2] (բարձր) (83-րդ)
Դրամական միավոր Թուրքական նոր լիրա, Թուրքական լիրա (TRY)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .tr
Հեռախոսային կոդ +90

Թուրքիա[3] (թուրք.՝ Türkiye) (Թուրքիայի Հանրապետություն (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti)), երկիր Եվրասիայում, պետություն` տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին՝ Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։

Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից՝ Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա։

Անվանում[խմբագրել]

Անվանումը բառացի նշանակում է «թուրքերի երկիր»։ Թուրքերի պետությունը Փոքր Ասիայում առաջացել է 13-րդ դարի վերջին 14-րդ դարի սկզբին։ Այդ պետությունը Օսման բեյի (1299-1326) անունով կոչվել է Օսմանի բեյություն, հետագայում՝ Օսմանյան կայսրություն։

15-16-րդ դարերում թուրքերը դեռ չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական՝ մուսուլման անունը։ Հայերը նրանց անվանում էին տաճիկ (այստեղից էլ՝ անցյալում հայերեն՝ երկրին տրվող Տաճկաստան անվանումը)։ Երբ ուժեղացավ պանիսլամիզմն ու քրիստոնյաների նկատմամբ հալածանքը, ապա տաճիկ ասելով հայերը նկատի էին ունենում ընդհանրապես ճնշող, դաժան անձ կամ ժողովուրդ (մինչև այժմ էլ հայերենում պահպանվել է տաճիկ կտրել դարձվածքը, որը նշանակում է «սաստիկ կատաղել, դաժանանալ»)։

Թուրքական ազգի (ինքնանվանումը՝ թյուրք) ձևավորումն ավարտվել է 20-րդ դարի սկզբին։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո Անտանտի զինված ուժերը օկուպացրին երկրի տարբեր մասերը։ Այդ պայմաններում երկրում ծավալվեց ազգային պատերազմ՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) գլխավորությամբ, որի անունով էլ շարժումը կոչվեց քեմալական։

Ազգային պատերազմն ավարտվեց քեմալականների հաղթանակով, և 1923 թվականին երկիրը հռչակվեց Թուրքական Հանրապետություն[4]։

Պատմություն[խմբագրել]

1075 թվականին Իկոնիայից ի հայտ է եկել սելջուկ-թուրքական պետությունը, որն աստիճանաբար ընդլայնել է իր սահմանները ամբողջ Փոքր Ասիայի տարածքում։

1318 թվականին Հուլավյան խաները թագազերծ են անում վերջին սելջուկ սուլթանին և քանդում այդ պետությունը։

1299 թվականին Օսման I-ը՝ Էրտողրուլի որդին և ժառանգորդը, իրեն տալիս է «սուլթան» տիտղոսը և հրաժարվում ենթարկվել Իկոնիայի իշխանություններին։ Նրա անունով թուրքերը սկսեցին կոչվել օսմանական թուրքեր, կամ օսմանցիներ։ Նրանց իշխանությունը սկսվեց տարածվել Փոքր Ասիայում, և Իկոնիայի սուլթանները չէին կարողանում խոչընդոտել դրան։

1326 թվականին բյուզանդացիներից գրաված տարածքներում ստեղծվում է թուրքական սուլթանատ՝ իր Բուրսա մայրաքաղաքով։ Թուրքական սուլթանների իշխանության հիմքն էին հանդիսանում ենիչերիները։

1362 թվականին թուրքերը տարածքներ են նվաճում Եվրոպայում, մայրաքաղաքը տեղափոխում Ադրիանապոլիս (Էդիրնե)։ Թուրքիայի եվրոպական հատվածը ստանում է Ռումելիա անունը։

1510 թվականին թուրքերը զավթում են Կիլիկիան։

Պետական կարգ[խմբագրել]

Թուրքիան պառլամենտար հանրապետություն է։ Օրենսդիր իշխանությունը ներկայացնում է միապալատ պառլամենտը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Այն կազմված է 550 պատգամավորներից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով(մինչև 2007 թվականը՝ 5 տարի ժամկետով) համամասնական քվեարկությամբ։ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին անցկացված քվեարկությունը փոփոխություններ մտցրեց սահմանադրության մեջ։ Դրանք վերաբերում են պրեզիդենտական ընտրություններին և ժամկետին, ինչպես նաև պառլամենտի գործունեության ժամկետին։ Համաձայն 1982 թվականի սահմանադրության պառլամենտն էր ընտրում պրեզիդենտին 7 տարի ժամկետով, ընդ որում առանց վերընտրման իրավունքի։ 2007 թվականի փոփոխությունները պրեզիդենտի ընտրության նոր կարգ են սահմանել։ Այժմ պրեզիդենտն ընտրվում է համազգային քվեարկությամբ, 5 տարի ժամկետով և իրավունք ունի ևս մեկ անգամ վերընտրվելու։ Փոփոխությունները վերաբերում էին նաև պառլամենտին՝ նրա գործունեության ժամկետը նախկին 5 տարվա փոխարեն սահմանվեց 4 տարի։ Իշխանության ղեկը ներկայումս ստանձնել է իսլամական Արդարության և զարգացման կուսակցությունը։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Թուրքիայի վարչական բաժանում


Թուրքիան ունի 81 նահանգ, որոնց թուրքերեն ինքնանվանումն է՝ iller /իլլեր/ (հոգնակի il /իլ/՝ նահանգ, բառից)։

Աշխարհագրություն[խմբագրել]

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր է. հիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված: Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը: Արևմտյան ծովափը խիստ կտրտված է: Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մ) Փոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը: Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր: Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներից, նրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մ, Թուրքիայի ամենաբարձր կետը), Սիփանը (4434 մ), Նեմրութը (3050 մ) և ուրիշներ: Հայկական Տավրոսից հարավ գտնվում է Զեզիրե սարավանդի (500-1000 մ) հյուսիային մասը: Եվրոպական Թուրքիայի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան (մինչև 1030 մ) Թուրքիայի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում: Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերը, որոնց միջև գտնվում է մինչքեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան: Հարավ-արևելքում անցնում է հնագույն Աֆրիկա-Արաբական պլատֆորմի եզրային կքվածքը:

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Թուրքիան հարուստ է քրոմիտների, բորատների, բոքսիտների, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի, պղնձի, քարածխի պաշարներով: Կան նաև նավթի, մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կորունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածոների արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր:

Կլիմա[խմբագրել]

Կլիման մերձարևադարձային է, առափնյա շրջաններում՝ միջերկրածովյան: Լեռնային ռելիեֆը ստեղծում է կլիմայական շրջանների մեծ բազմազանություն: Հունվարի միջին ջերմաստիճանը դաշտավայրերում 5°C է, սարահարթերում՝ 0°C-ից, -5°C, հուլիսի միջին ջերմաստիճանը Սև և Մարմարա ծովերի ափերին 22°C-ից մինչև 24°C է, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին՝ 25°C-ից 32°C, ներքին սարահարթերում՝ 15°C-ից 22°C: Տարեկան տեղումները 1000-2000 մմ-ից՝ ափամերձ լեռներում, մինչև 3000 մմ Պոնտական լեռների արևելյան մասում, Անատոլական սարահարթի ներքին շրջաններում՝ 200-350 մմ, Հայկական լեռնաշխարհի լեռներում՝ 300-600 մմ:

Ներքին ջրեր[խմբագրել]

Գետերը լեռնային են, որպես կանոն, սակավաջուր: խոշոր գետերի (Տիգրիս, Եփրատ, Կուր, Արաքս, Եշիլ-Իրմակ, Կզըլ-Իրմակ, Ճորոխ) մեծ մասը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից, Մաքարիա գետը՝ Անատոլական սարահարթից: Եվրոպական Թուրքիայում է գտնվում Մարիցա գետի ստորին հոսանքը: Կան շատ լճեր (Վանա, Թուզ և այլն):

Հողեր[խմբագրել]

Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքներում՝ աղուտները, Հայկական լեռնաշխարհի տափաստանային շրջաններում՝ սևահողերը, ծովափնյա շրջաններում՝ շագանակագույն, հյուսիս-արևելքի խոնավ մերձարևադարձերում՝ կարմրահողերը և լեռնաանտառային գորշ հողերը, իսկ 2000-2100 մ բարձրությունից սկսած՝ լեռնամարգագետնային հողերը:

Բուսականություն[խմբագրել]

Եզրային լեռների ծովահայաց լանջերին գերակշռում է միջերկրածովային բուսականությունը (կոշտատերև անտառներ և թփուտներ), Տավրոսի լեռներում՝ մաքվիսը (տեղ-տեղ Փշատերև անտառներ), Արևելա-Պոնտական լեռներում՝ տերևաթափ անտառները (մշտադալար ենթանտառով), ներքին շրջաններում՝ կիսաանապատային և տափաստանային բուսականությունը, շիբլյակի և ֆրիգանայի խմբակցությունները: Հայկական լեռնաշխարհում տարածված են բարձրալեռնային մարգագետինները և լեռնային չոր տափաստանները:

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Բնորոշ են լեռնային ֆաունայի ներկայացուցիչները՝ մուֆլոն, բեզուարյան այծ: Անտառներում հանդիպում են ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, չախկալ, գայլ, շերտավոր բորենի, արջ, Զեզիրե սարավանդում՝ ցիռ (վայրի էշ), աֆրիկական ֆաունայի ներկայացուցիչներ՝ վիթ, փարավոնամուկ և այլն:

Բնակչություն[խմբագրել]

Բնակչության 70-75%-ը թուրքերն են[5], 18%-ը կազմում են քրդերը[6], իսկ մնացյալ ազգերը 7-12%[7]: 2015-ին բնակչության տարեկան միջին աճը կազմել է 1,26%*[8]: Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա £2 մարդ է: Քաղաքային բնակչությունը կազմում է 73,4%[9] (2015): Խոշոր քաղաքներ են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Բուրսան, Ադանան, Ղազիանթեպը, էսկիշեհիրը, Կոնիան: 2014-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը կազմում է 9,9%[10]:

Տնտեսություն[խմբագրել]

Թուրքիան հետարդյունաբերական երկիր է: Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մոնոպոլիաներից տնտեսապես կախվածության պարզորոշ գծերով: Պետությանն են պատկանում երկաթուղային տրանսպորտը, կապի միջոցները, ծովային տրանսպորտի 1/2-ը, վարկա-բանկային համակարգի միջոցների 3/4-ը, մշակող արդյունաբերության համարյա 1/2-ը, արդյունահանող արդյունաբերության 3/4-ը և երկրի համարյա ամբողջ էլեկտրաէներգետիկան: Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 19,600 ԱՄՆ դոլլար[11] (2014): Համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության բաժինը 2015-ին կազմել է 26,9%[12], գյուղատնտեսությանը՝ 8,2[13], իսկ ծառայություններին 64,9%[14]:

Տրանսպորտ[խմբագրել]

Երկաթուղիների երկարությունը 12.008 կմ[15] է (2014): Ավտոճանապարհների երկարությունը 385.754 կմ[16] է, որոնցից ասֆալտապատ է 352.268 կմ-ը[17]: Առավել խոշոր նավահանգիստները՝ Ստամբուլ, Մերսին, Իզմիր, Իսքենդերուն, Սամսուն: Նավագնացություն կա նաև Վանա լճում: Դատվանի և Վանի միջև երթևեկում է երկաթուղային լաստանավ: Խոշոր օդանավակայանները՝ էսենբոգա (Անկարա), Եշիլքյոյ (Ստամբուլ), Չիգլի (Իզմիր), Ադանա:

Արտաքին տնտեսական կապեր[խմբագրել]

Թուրքիայի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է: 2014-ին արտահանությունը կազմել է 176,6 մլրդ դոլլար[18], ներմուծումը՝ 240,4 մլրդ դոլլար[19]: Արտահանում է գյուղատնտեսական մթերքներ (բամբակ, ծխախոտ, կաղին, չամիչ) և արդյունաբերական հումք (սև և գունավոր մետաղների հանքանյութ): Ներմուծում է մեքենաներ ու սարքավորում, տրանսպորտային միջոցներ, մասամբ՝ սպառման ապրանքներ: Արտաքին առնտրում կարևոր դեր են խաղում Գերմանիան, Իտալիան, ԱՄՆՌուսաստանը, Չինաստանը[20]: Դրամական միավորը թուրքական լիրան է:

Առողջապահություն[խմբագրել]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Թուրքիայում ծնունդը 1000 բնակչին կազմել է 16,33[21], մահացությունը՝ 5,88[22] (2015): Մահացության հիմնական պատճառները՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն և այլն:

Կրթական համակարգ[խմբագրել]

Ժամանակակից կրթական համակարգը ձևավորվել է հանրապետություն հռչակվելուց հետո: 1924-ից մտցվել է համընդհանուր անվճար, պարտադիր, տարրական կրթություն, 1927-ից՝ համատեղ ուսուցում բոլոր աստիճաններում: 1973-ին օրենքով մտցվել է համընդհանուր պարտադիր 8-ամյա կրթություն: Ունի տարրական (5-ամյա, ընդունվում են 7 տարեկանից) և 5-7-ամյա միջնակարգ դպրոցներ: Տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ինստիտուտը և լիցեյները: Ունի տեխնիկամանկավարժական և առևտրա-մանկավարժական բարձրագույն դպրոցներ: Բարձրագույն ուսումնական հաստատություններն են. Ստամբուլի, Անկարայի (1946), Եգեյան (Իզմիրում, 1955), Աթաթյուրքի անվան (էրզրում, 1957) համալսարանները, տնտեսագիտության և առևտրի ակադեմիաները Անկարայում, Ստամբուլում, էսկիշեհիրում, կոնսերվատորիաները՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, ինժեներական-տեխնիկական և նրբագեղ արվեստի ակադեմիաները՝ Ստամբուլում: Խոշորագույն թանգարաններն են. Հնագիտության (հիմնադրվել է 1923-ին), Ազգագրության (1927) Անկարայում, Սուրբ Սոֆիայի տաճարի (1934), Ստամբուլի հնագիտության (1846):

Գիտական հիմնարկներ[խմբագրել]

Միասնական համակարգ չունի: Որոշ կոորդյաացնոդ դեր են կատարում Պետական պլանային կազմակերպությունը, գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը (հիմնվել է 1963-ին) և մի շարք նախարարություններ: Գիտահետազոտական աշխատանքներ են տարվում համալսարաններում: Ունի մոտ 25 հազար գիտաշխատող:

Մշակույթ[խմբագրել]

Թուրքական մշակույթը խիստ հակասական է եւ իր մերօրյա ամբողջականությամբ սկսել է հանդես գալ Օսմանյան կայսրության արևմտականացումից ի վեր, երբ սկսեցին համադրվել օղուզական, անատոլիական, օսմանական եւ եվրոպական մշակույթները։ Թուրքիայի մշակույթի վրա մեծ ազդեցություն է գործել արաբական, իրանական, բյուզանդական, հայկական եւ թյուրքական գեղարվեստական ժառանգությունը։ Թուրքական ճարտարապետությանը բնորոշ են դամբարանները, մզկիթները, գմբեթածածկ բաղնիքները, շքեղ ձևավորված շատրվանները։ Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները։ Զարգացած է կիրառական արվեստը (խեցեգործություն, կերպասագործություն, պղնձագործություն, ոսկերչություն), որի զարգացմանը նպաստել են բազմաթիվ հայ արհեստավորներ։

Գրականություն[խմբագրել]

Գրավոր գրականության առաջին գործերը ստեղծվել են XIII դ.՝ արաբերենով և պարսկերենով: Թուրքերենով առաջին բանաստեղծությունները վերաբերում են XIV դ.: Ժողովրդական բանավոր գրականությանը զուգընթաց մինչև XIX դ. գոյություն Է ունեցել արաբա-պարսկական «արուզ» տաղաչափությամբ պալատական պոեզիա: «Նոր գրականության հայրը» և թուրքական առաջին կատակերգության («Բանաստեղծի ամուսնությունը», 1860) հեղինակը Իբրահիմ Շինասին (1826-1871) Է, նորավեպի ժանրի հիմնադիրը՝ Ահմեդ Միդհատը (1844-1913): Գրականության զարգացման գործում նշանակալի դեր է խաղացել «Սերվեթի ֆյունուն» (1891-1944) ամսագիրը՝ բանաստեղծ Թևֆիկ Ֆիքրեթի (1867-1915) գլխավորությամբ: 20-րդ դարում երևան է եկել տարբեր ուղղությունների պատկանող գրողների մի նոր խումբ՝ Մեհմեդ Լմին (1869-1944), Ահմեդ Հաշիմ (1884-1933), Օմեր Սեյֆեդդին (1884-1920): Գրականությունը վերելք է ապրել հանրապետության հռչակումից (1923) հետո: Հետպատերազմյան տարիներին դեմոկրատական պոեզիայի զարգացման գործում մեծ դեր են խաղացել «Եռոտանի» խմբակի բանաստեղծները՝ Օրհան Վելիի (1914-1950) գլխավորությամբ:

Ճարտարապետություն[խմբագրել]

Թուրքական ճարտարապետական համալիր

Թուրքիայի արվեստը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Միջին Ասիայի և արաբական երկրների ժողովուրդների, ինչպես և սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: XII-XIII դդ. և վաղ օսմանյան շրջանում (XIV-XV դդ.) ազդեցությունները նկատելի են շինարարական տեխնիկայում, ճարտարապետական ձևերում և դեկորում, ընդհանուր հատակագծման մեջ: Այնուհետև կազմավորվել Է թուրքական ազգային ոճը, որի զարգացումը և գագաթնակետը նշանավորվեց հայազգի ճարտարապետ Խոջա Մինանի (1489-1588) գործունեությամբ: XV-XVI դդ. քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մեդրեսեներ, հիվանդանոցներ, դամբարաններ, ամրոցների հորինվածքներին և արտաքին կերպարներին բնորոշ են մեծաչափ ու բարձր գմբեթավոր դահլիճների և սրահներով կամ հուջրաներով (խուցեր) կազմված բակերի զուգակցումը, մարմարով երեսպատված ճակատները, բազմաստիճան ծավալային հորինվածքի դահլիճների ինտերիերին՝ սյուներին դրված գմբեթը, գունազարդ ապակեպատ լուսամուտների հարկաշարքերը, մուգ և բաց երանգի քարի, մայոլիկայի զուգորդումը:

Կերպարվեստ[խմբագրել]

XVI դ. կազմավորվել է Թուրքիայի մանրանկարչությունը (Լենի, Նիգյարի, Օսման), հաստոցային նկարչությունը (Սինան Բեյ, Մանասեներ), բուռն զարգացել է կիրառական արվեստը, խեցեգործությունը (Քյոթահիա, Իզնիկ), դաջագործությունն ու կերպասագործությունը (Մալաթիա, Բուրսա), պղնձագործությունը (Թոքատ), գորգագործությունը (Ուշաք), ոսկերչությունը (Կոնիա, Ստամբուլ), որին հաղորդակից են եղել բազմաթիվ հայ արհեստավորներ: Հատկապես մեծ համարում ուներ Տյուզյան ոսկերիչների ընտանիքը: Կիրառական արվեստը, կորցնելով իր կենտրոնները, շարունակում է ստեղծված ավանդները նաե այսօր: XIX դ. կեսերից մասնագետներ են պատրաստվել Ֆրանսիայում կամ Գերմանիայում:

Երաժշտություն[խմբագրել]

Թուրքական ժողովրդական երաժշտությունը ազգակից է թուրքական մյուս ժողովուրդների ֆոլկլորին և կրել է հարևանների երաժշտության նկատելի ազդեցությունը: Միաձայն է, տարածված ժանրերն են՝ մանի, ղոշմաթյուրքյու: Մասնագիտացված ժողովրդական («ավանդական») վոկալ, գործիքային և վոկալ-գործիքային երաժշտությունը արաբա-իրանական դասական մշակույթի մի ճյուղն է՝ ֆասիլ կոչվող իմպրովիզացիոն բնույթի բազմամաս պիեսներ, որոնք ընթանում են բազմազան մակամներում, օգտագործում մինչև 20 տեողական միավորներից կազմված բազմաթիվ որոշակի ռիթմեր՝ ուսուլներ: Ընդունված նվագարաններ են՝ քամանչան, ռեբաբը, ուդը, թամբուրը, զուռնան, դսռին ու դհոլը: Թուրքական երաժշտության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն՝ հանրագիտակ Դ. Կանտեմիրը (XVII-XVIII դդ.), որի ավանդական ոճով հորինված ստեղծագործությունները մինչև XIX դ. վերջը լայն ժողովրդականություն են վայելել, հայ երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Համբարձում Լիմոնճյանը, որի նոտագրական համակարգը լայնորեն օգտագործել են թուրք երաժիշտները, որի թուրք աշակերտները դարձել են նշանավոր երաժիշտներ, Տիգրան Չուխաճյանը, որ համարվում է նաև թուրքական օպերետի հիմնադիրը, և Կոմիտասը, որի ստեղծագործությունները թուրքական երաժշտության մեջ ժողովրդական հիմքով պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի գոյացման օրինակ են հանդիսացել:

Կինո[խմբագրել]

Թուրքիայում առաջին կինոնկարահանումը կատարել է Ֆ. Ուզկինայը 1914-ին: 1919-ին Ստամբուլում կազմակերպվել է կինեմատոգրաֆիայի մասնավոր ֆիրմա (1922-ից՝ «Քեմալ ֆիլմ» կինոստուդիա, գլխավոր ռեժիսոր՝ Մուխսին էրտուգրուլ): Սակայն ազգային կինոարդյունաբերության ստեղծումը համընկնում է 1940-1960-ական թթ.: Այդ ժամանակ հանդես են եկել ռեժիսորներ Լութֆի Ակադը, Այդին Արակոնը, Մեդին էրկսանը, Իսալիդ Ռեֆիդը, որոնք ֆիլմերում արծարծել են թուրք, իրականության հուզող խնդիրները: Կինոստուդիաները մասնավոր են: 1960-ից Անթալիայում, Ադանայում և Իզմիրում կազմակերպվում են ազգային կինոփառատոներ: Թուրքական կինոնկարները ցուցադրվել են միջազգային փառատոներում:

Հայերը Թուրքիայում[խմբագրել]

Հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը։ Իսկ Փոքր Ասիայում թուրքերի հաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը։ Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ։ Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ։ 16-17-րդ դարերի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը։ 18-րդ և հատկապես 19-րդ դարերում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները։ Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ-ին իրականացվեց 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Մեծ եղեռնը. ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր, փրկվածները տարագիր դարձան՝ ցրվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից։ Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը՝ հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները։ Ներկա վիճակ

Ներկայումս Թուրքիայում բնակվում է շուրջ 80 հզ. հայ[1], (համշենահայերի հետ միասին 480 հզ.) որից 70 հզ-ը՝ Ստամբուլում[1], որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը։ Թուրքիայում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են Համազգյաց, Մեսրոպյան, Արարատյան, Կիլիկյան, Ազգանվեր հայուհյաց[23] ընկերությունները։ Հայկական եկեղեցիներին կից գործում են դպրոցներ։ Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թ-ին Կոստանդնուպոլսում։ Ներկայումս գործում են 17 հայկական վարժարաններ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են։

Արվեստ և մամուլ[խմբագրել]

Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։ Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։ Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1 Hürriyet: 2007 yılına hızlı girdik, seçime rağmen 1 trilyon dolarlık olduk
  2. «Human Development Report 2010» (PDF)։ http://hdr.undp.org/en/media/HDR_2010_EN_Table1.pdf։ Վերցված է 2010-11-01։ 
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 54. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  5. Թուրքիայի Բնակչության ազգային կազմ
  6. Թուրքիայի Բնակչության ազգային կազմ
  7. Թուրքիայի Բնակչության ազգային կազմ
  8. Թուրքիայի Բնակչության աճի տեմպեր
  9. Թուրքիայի Բնակչության Ուրբանիզացման մակարդակ
  10. Թուրքիայի գործազրկության մակարդակ
  11. Թուրքիայի Տնտեսություն
  12. Թուրքիայի Տնտեսություն
  13. Թուրքիայի Տնտեսություն
  14. Թուրքիայի Տնտեսություն
  15. Թուրքիայի Տրանսպորտային համակարգ
  16. Թուրքիայի Տրանսպորտային համակարգ
  17. Թուրքիայի Տրանսպորտային համակարգ
  18. Թուրքիայի Առևտրաշրջանառություն
  19. Թուրքիայի Առևտրաշրջանառություն
  20. Թուրքիայի Առևտրաշրջանառություն
  21. Թուրքիայի Առողջապահություն
  22. Թուրքիայի Առողջապահություն
  23. Ադանալյան Մ. Լ., «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը» (Ստեղծման 100-ամյակի առթիվ).- Պատմա-բանասիրական հանդես, 1979, № 4, էջ 255-259։

Արտաքին հղումներ[խմբագրել]