Աշոտ Սաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշոտ Մովսեսի Սաթյան, (ծնվել է հունվարի 5-ին (հին տոմարով հունվարի 18-ին) 1906 թվականին, Մերվում (այժմ՝ քաղաք Մարի, Թուրքմենական ԽՍՀ)- մահացել է սեպտեմբերի 30-ին 1958 թվականին, Երևանում), հայ սովետական կոմպոզիտոր և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել]

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)։ ԽՄԿԿ անդամ է եղել 1943 թվականից։ 1926-1930 թվականներին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում։ 1930 թվականից բնակվել է Երևանում, 1936 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հ․ Ստեփանյան, ապա՝ Ս. Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ Կ․ Սարաջև) դասարանները։ 1930-1939 թթ.՝ Սունդուկյանի անվան թատրոնում երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-1947 թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։ 1947-1952 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։

Գործունեություն[խմբագրել]

Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ Գուրգեն Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռո֊մանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» (1950, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ 1952 թվականին) և «Լեռների երգեր» (1958) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակ֊յանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն։ Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային սռաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների (1952), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», 1942), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («Դավիթ Բեկ», 1944, «Անահիտ», 1947, «Ում է ժպտում կյանքը», 1952 և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտakan ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951 թվականին արժանացել է մրցանակի)։ Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով, նրա լավագույն երկերը սովետահայ երաժշտության մասսայական ժանրերի զարգացման գործում նշանակալից դեր են կատարել։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png