Ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg Ֆուտբոլ
Football iu 1996.jpg
Մարմին ՖԻՖԱ
Այլ անուններ Սոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
Առաջին 1863 թ., Անգլիա (Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը)
Թիմ կա, 11 հոգի յուրաքանչյուր կողմում
Սեռ Արական, Իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակ Թիմային, գնդակով խաղ
Հարմարանք Ֆուտբոլի գնդակ
Soccerball.jpg
Վայր 120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ
Football pitch metric.svg
Օլիմպիական խաղեր Սկսած 1900 թ-ից

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Տեխնիկական չափանիշներ[խմբագրել]

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109.88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105x70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Հիմնական կանոններ[խմբագրել]

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտ կեսում են գտնվում և առաջնային նպատակն է խփել գոլ։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ, և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ, յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Խաղացողներ[խմբագրել]

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝

  • Դարպասապահ-պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ-Խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին, և գործում են իրենց կիսադաշտում, լինում են
  • Աջ պաշտպաններ-գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ-գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ-գործում են կենտրոնում
  • Ինչպես նաև կան ունիվերսալ պաշտպաններ, որոնք կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ-Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակն է, կախված խաղից կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում, լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ-Կատարում են և պաշտպանական և հարձակվողական ֆունկցիաներ
  • Հարձակվողներ-Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասը, գործում են հակառակորդի կիսադաշտում, լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ-Գործում են կենտրոնում, նպատակը գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ-Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ-Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Footballantik.jpg

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ , Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

Հետաքրքիր փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն և աշխարհի գավաթի մասին[խմբագրել]

Բրազիլիայի դրոշը
  • Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954 թվականներին։ 1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
  • 1950 թվականին Բրազիլիայում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
  • Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսինե Լորանը։
  • Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բարասին։
  • 1966 թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
  • 1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
  • Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ[խմբագրել]

Տարի Խաղերի անցկացման վայր Չեմպիոն 2-րդ տեղ գրավողներ 3-րդ տեղ գրավողներ
1930 Ուրուգվայ Ուրուգվայ Արգենտինա ԱՄՆ
1934 Իտալիա Իտալիա Չեխոսլովակիա Գերմանիա
1938 Ֆրանսիա Իտալիա Հունգարիա Բրազիլիա
1950 Բրազիլիա Ուրուգվայ Բրազիլիա Շվեդիա
1954 Շվեյցարիա Գերմանիա Հունգարիա Ավստրիա
1958 Շվեդիա Բրազիլիա Շվեդիա Ֆրանսիա
1962 Չիլի Բրազիլիա Չեխոսլովակիա Չիլի
1966 Անգլիա Անգլիա Գերմանիա Պորտուգալիա
1970 Մեքսիկա Բրազիլիա Իտալիա Գերմանիա
1974 Գերմանիա Գերմանիա Հոլանդիա Լեհաստան
1978 Արգենտինա Արգենտինա Հոլանդիա Բրազիլիա
1982 Իսպանիա Իտալիա Գերմանիա Լեհաստան
1986 Մեքսիկա Արգենտինա Գերմանիա Ֆրանսիա
1990 Իտալիա Գերմանիա Արգենտինա Իտալիա
1994 ԱՄՆ Բրազիլիա Իտալիա Շվեդիա
1998 Ֆրանսիա Ֆրանսիա Բրազիլիա Խորվաթիա
2002 Ճապոնիա/Կորեա Բրազիլիա Գերմանիա Թուրքիա
2006 Գերմանիա Իտալիա Ֆրանսիա Գերմանիա
2010 Հարավաֆրիկյան Հանրապետություն Իսպանիա Հոլանդիա Գերմանիա
2014 Բրազիլիա Գերմանիա Արգենտինա Հոլանդիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել]

Տարի Ֆուտբոլիստ Երկիր
1930 Խոսե Անդրադե Ուրուգվայ
1934 Ֆրանտիշեկ Պլանչիկա Չեխոսլովակիա
1938 Լեոնիդաս Բրազիլիա
1950 Ադեմիր Բրազիլիա
1954 Շանդոր Կոշիչ Հունգարիա
1958 Ժյուստ Ֆանտոն Ֆրանսիա
1962 Գարինչա Բրազիլիա
1966 Էյսեբիո Պորտուգալիա
1970 Պելե Բրազիլիա
1974 Յոհան Կրուիֆ Հոլանդիա
1978 Մարիո Քեմպես Արգենտինա
1982 Պաոլո Ռոսի Իտալիա
1986 Դիեգո Մարադոնա Արգենտինա
1990 Սալվատորե Սկիլաչի Իտալիա
1994 Ռոմարիո Բրազիլիա
1998 Զինեդին Զիդան Ֆրանսիա
2002 Ռոնալդո Բրազիլիա
2006 Զինեդին Զիդան Գերմանիա
2010 Դիեգո Ֆորլան Ուրուգվայ
2014 Լիոնել Մեսսի Արգենտինա

Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ[խմբագրել]

Տարի Ռմբարկուներ Գոլեր
1930 Ստաբիլե (Արգենտինա) 8
1934 Նեեդլի (Չեխոսլովակիա), Սկիավիո (Իտալիա), Կոնեն (Գերմանիա) 5-ական
1938 Լեոնիդաս (Բրազիլիա) 8
1950 Ադեմիր (Բրազիլիա) 9
1958 Կոշիչ (Հունգարիա) 11
1962 Ֆոնտեն (Ֆրանսիա) 13
1966 Գարինչա, Վավա (Բրազիլիա) , Լ. Սանչես (Չիլի), Երկովիչ (Հարավսլավիա), Ալբերտ (Հունգարիա),Իվանով (ԽՍՀՄ) 4-ական գոլ
1970 Մյուլլեր (ԳՖՀ) 10
1974 Լյատո (Լեհաստան) 7
1978 Քեմպես (Արգենտինա) 6
1982 Ռոսի (Իտալիա) 6
1986 Լինեքեր (Անգլիա) 6
1990 Սկիլաչի (Իտալիա) 6
1994 Սալենկո (Ռուսաստան), Սկոիչկով (Բուլղարիա) 6-ական
1998 Շուքեր (Խորվաթիա) 6
2002 Ռոնալդո (Բրազիլիա) 8
2006 Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) 5
2010 Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ) 5-ական
2014 Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) 6

Դարի լավագույն ֆուտբոլիստ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պելե
Պելե

Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento; Հոկտեմբերի 21 կամ Հոկտեմբերի 23, 1940 թվական, Տրես Կորասյոես, Մինաս Ժերայս), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկաի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։

Ֆուտբոլը Հայաստանում[խմբագրել]

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ականն թթ.։ Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում։ 1920 թ-ին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թ-ին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թ-ից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թթ.՝ Դինամո, 1963 թ-ից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցել համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թթ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թ-ից սկսված անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ։

Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է Հենրիխ Մխիթարյանը, ով հաջողությամբ հանդես է գալիս Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png