Կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազմակերպությունը մեկ միասնական սոցիոտեխնիկական համակարգ է։ Կազմակերպության արդյունավետ կառավարման համար խիստ կարևոր է բացահայտել նրա բոլոր բաղադրամասերի փոխազդեցության առանձնահատկությունները։

Կատեգորիաներ[խմբագրել]

Կազմակերպության՝ որպես սոցիոտեխնիկական համակարգի, հիմնական բաղադրամասերն են՝

  • նպատակները,
  • կառուցվածքը,
  • խնդիրները,
  • տեխնոլոգիան,
  • մարդկային ռեսուրսները։

Նպատակներ[խմբագրել]

Նպատակը կառավարման տեսության հիմնական կատեգորիաներից մեկն է, ներկայացնում է կառավարվող համակարգի հնարավոր ցանկալի վիճակը։ Նպատակը բնութագրում է կազմակերպության ակնկալվող տեղը հասարակական միջավայրում, թե կազմակերպությունը արտադրատեսակների և ծառայությունների նկատմամբ ամբողջական պահանջարկի որ մասն է բավարարելու։ Անկախ կազմակերպությունների առջև դրված նպատակների բազմազանությունից՝ դրանք պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝

  • բխեն արտաքին միջավայրի պահանջներից
  • լինեն իրատեսական և հասանելի,
  • լինեն որոշակի և ենթակա քանակական ու որակական գնահատման։

Նպատակը պետք է բխի շուկայի իրական պահանջներից և հասցեագրված լինի սպառողներին։

Դասակարգում[խմբագրել]

Նպատակներն ընդունված է դասակարգել ըստ չորս հայտանիշների՝

  • բովանդակային,
  • ժամանակային,
  • աստիճանակարգային
  • կառավարման մակարդակների

Ըստ բովանդակային հայտանիշի, տարբերում են`

  • տնտեսական,
  • սոցիալական,
  • քաղաքական
  • գիտատեխնոլոգիական նպատակներ։

Սոցիալական նպատակներն առնչվում են մարդկանց բնականոն կենսագործունեության ապահովման, զբաղվածության աճի, մարդկային կապիտալի ավելացման /կրթություն, առողջապահություն/ հետ կապված խնդիրների լուծմանը։

Կառուցվածքն[խմբագրել]

Յուրաքանչյուր կազմակերպություններ աշխատանքի հորիզոնական և ուղղահայաց բաժանման շնորհիվ ստեղծում են առանձին ստորաբաժանումներ ու կառավարման մակարդակներ։ Կազմակերպության ստորաբաժանումները նաև անվանում են գործառնական ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է աշխատանքների մի որոշակի համախումբ։ Աշխատանքի ուղղահայաց բաժանման հետևանքով ձևավորվում են կազմակերպության կառավարման մակարդակները։ Կառավարման յուրաքանչյուր օղակի ղեկավար իր ենթակայության տակ կարող է ունենալ կառավարման ավելի ցածր մակարդակում գտնվող ստորաբաժանումներ և ղեկավար աշխատողներ։ Կառավարման հարթ կառուցվածքները հնարավորություն են տալիս կրճատել կառավարչական որոշումների ձևավորման և իրացման շղթան։ Բայց դրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է գործնականում նպատակահարմար չլինել՝ վերահսկման ոլորտի ավելորդ ընդլայնման պատճառով։ Դրանից խուսափելու նպատակով ստեղծում են մեծ թվով կառավարման մակարդակներ ունեցող կառուցվածքներ, որոնք ընդունված է անվանել բարձր։

Խնդիրներ[խմբագրել]

Խնդիրն իրենից ներկայացնում է կարգադրված աշխատանք, աշխատանքների համախումբ կամ դրանց մի մասը, որը պետք է կատարվի նախօրոք սահմանված եղանակով՝ և նախատեսված ժամկետներում։ Յուրաքանչյուր ստորաբաժանման բոլոր աշխատողների առաջ դրված խնդիրները պետք է ձևավորվեն՝ ելնելով խմբի գործունեության միասնականության և խմբին առաջադրված ընդհանուր նպատակների իրականացման առաջնայնությունից։ Յուրաքանչյուր աշխատողի խնդիրների տարածության և ժամանակի մեջ համակարգված, փոխհամաձայնեցված կատարումը պետք է հնարավորություն տա հասնել առանձին ստորաբաժանումների և կազմակերպության նպատակների իրականացմանը։ Կազմակերպության խնդիրները ընդունված է բաժանել հետևյալ երեք խմբերի՝

  • աշխատանք մարդկանց,
  • առարկաների
  • տեղեկատվության

Տեխնոլոգիա[խմբագրել]

Սոցիոլոգ Չարլզ Պերոուն տեխնոլոգիան համարում է հումքը արտադրանքի և ծառայությունների վերափոխման միջոց։ Լյուիս Դեյվիսի մեկնաբանմամբ՝ «տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մասնագիտական կարողությունների, սարքավորումների, ենթակառուցվածքի, գործիքների և համապատասխան տեխնիկական միջոցների այնպիսի զուգորդում, որը թույլ է տալիս նյութերի, տեղեկությունների և մարդկանց մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել»։ Տեխնոլոգիաների զարգացմանը բնորոշ են երեք փուլեր՝

  • արդյունաբերական հեղաշրջում,
  • ստանդարտացում և մեքենայացում,
  • հոսքային գծերի կիրառում։

Մարդկային ռեսուրսներ[խմբագրել]

Կազմակերպության ներքին միջավայրում աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակը, նրանց վարքի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները վճռորոշ ներգործություն են ունենում նպատակների իրականացման և խնդիրների լուծման գործընթացի արդյունավետության վրա։ Ինչպես կազմակերպությունը, այնպես էլ ղեկավարներն ու ենթականերն իրենցից ներկայացնում են մարդկանց խմբեր։ Ղեկավարը կազմակերպության նպատակների իրականացմանը հասնում է աշխատողների ջանքերի շնորհիվ։ Հետևապես, մարդիկ կառավարման ամեն մի մոդելի պայմաններում հանդես են գալիս որպես այդ գործընթացի արդյունավետության վրա ազդող վճռորոշ փոփոխական։ Տարբերում են մարդկային ռեսուրսների երեք տեսանկյուներ՝

  • առանձին անհատի վարքը,
  • մարդկանց վարքը խմբերում,
  • ղեկավարի վարքը
  • ազդեցությունն առանձին մարդկանց ու նրանց խմբերի վարքի դրսևորման վրա։

Գրականություն[խմբագրել]

  • Սուվարյան Յու.Մ. - Մենեջմենթ-2002
  • Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело. 1992
  • Герчикова И.Н. менеджмент М., Банки и Биржи, 1995