Գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրականություն, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բնույթ ունեցող երկերը, նեղ առումով՝ արվեստի հիմնական տեսակներից մեկը՝ գեղարվեստական գրականություն։

Գրականությունը ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (շատ լեզուներում օգտագործվող «լիտերատուրա» եզրը հենց կապվում է լատիներեն լիտեր-տառ արմատի հետ)։

Գեղարվեստական գրականության առաջին նշանավոր երկերը բանահյուսական ստեղծագործությունների գրառման կամ մշակման արդյունք են։

Գեղարվեստական գրականությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացոլման ձևերից է, որ իրականացվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։

Ըստ կառուցման արտաքին եղանակի՝ գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ արձակ և չափածո։ Սկսած հնագույն ժամանակներից՝ գրականությունն ունի երեք մեծ բաժին, որոնք կոչվում են սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական։[1]։

Գեղարվեստական գրականությունը հիմք է ծառայում արվեստի տարածական և համադրական տեսակների զարգացման համար[2]։

Հասկացության սահմանափակումներ[խմբագրել]

Հիմնականում գրականության տակ հասկանում են գեղարվեստական գրականությունը, այսինքն գրականությունը՝ որպես արվեստի տեսակ։ Սակայն այդ ժամանակակից ընկալումը պետք չէ կիրառել այսօրվանից հեռվացած ժամանակաշրջանների վրա։ Հնագույն գիտական տրակտատներն ու կրոնա-դիցաբանական ստեղծագործությունները, ինչպիսիք են օրինակ Հեսիոդոսի «Թեոգոսիա»-ն ու Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին», ժամանակակիցների կարծիքով չէին հակադրվում, օրինակ էպիկական պոեմներին (Հոմերոսի «Իլիական» կամ Վերգիլիոսի «Էնեական») ինչպես ոչ գեղարվեստական գրականությունը գեղարվեստականին։ Ռուսաստանում 1820-ական թվականներին քննադատները որդեգրել էին այն կարծիքը, որ ռուս արձակի լավագույն նմուշներն են Կարամզինի «Ռուսական պետության պատմության»-ն ու Նիկոլայ Տուրգենևի «Հարկերի տեսության փորձը»։ Բաժանելով այլ ժամանակաշրջանների գեղարվեստական գրականությունը կրոնական, փիլիսոփայական, գիտական, հրապարակախոսական գրականությունից՝ մենք պրոյեկցեում ենք մեր ժամանակակից պատկերացումները անցյալի։

Համենայն դեպս, գրականությունն ունի մի շարք ընդհանուր հատկություններ, որոնք անփոփոխ են բոլոր ազգային մշակույթներում ու մարդկային պատմության ամբողջ ընթացքում, չնայած այդպիսի հատկություններից յուրաքանչյուրը կապված է որոշակի խնդիրների ու բացառությունների հետ.

  • Գրականության մեջ են մտնում հեղինակային տեքստերը (այդ թվում՝ անանունները, այսինքն՝ նրանք, որոնց հեղինակն ինչ-ինչ պատճառներով անհայտ է, ու խմբակայինները, այսինքն՝ գրված խմբի կողմից, որը երբեմն բազմամարդ է լինում, եթե խոսքը գնում է օրինակ՝ հանրագիտարանի մասին, սակայն բավականին որոշակի)։ Այն, որ տեքստը պատկանում է որևէ անձի, նրա կողմից ստեղծվել է, կարևոր է այս դեպքում ոչ թե իրավաբանական տեսանկյունից ու ոչ հոգեբանականից (հեղինակը, որպես կենդանի արարած, որի մասին ընթերցողը կարող է փորձել վերծանել կարդացածից), այլ այն պատճառով, որ կոնկրետ հեղինակը առկայությունը ապահովում է տեքստի ավարտվածությունը. հեղինակն է դնում վերջակետը, ու դրանից հետո տեքստը սկսում է ինքնուրույն գոյատևել։ Մշակույթի պատմությանը հայտնի են տեքստերի տիպեր, որոնք գոյատևում են այլ օրենքներով. Օրինակ՝ ժողովրդականները. հեղինակի բացակայության պարճառով տեքստը վերջնականապես ամրացված չէ, ու նա, որ հերթական անգամ այն պատմում կամ գրի է առնում, ազատ է այն փոփոխելու, երբեմն՝ նշանակալիորեն։ Այսպիսի տեքստի այս կամ այն գրառումները կարող են կապված լինել գրողի կամ գիտնականի անվան հետ, ով իրականացրել է այս գրառումը (օրինակ՝ Աֆանասյեվի «Ժողովրդական հեղիաքները»), սակայն ոչ գրական տեքստի այդպիսի գրական ամրագրումը չի ապահովում դրա այլ տարբերակների բացակայությունը, ու այդպիսի գրառման հեղինակին է պատկանում հենց այդ գրառումը, այլ ոչ ինքը՝ հեքիաթը։
  • Նախորդ հատկության հետ կապված է ևս մեկը՝ գրականության մեջ են մտնում գրավոր տեքստերն ու չեն մտնում բանավորները։ Բանավոր ստեղծագործությունը պատմականորեն նախորդում է գրավորին, ու անցյալում, ի տարբերություն գրավորի, չէր ամրագրվում։ Ժողովրդական բանահյուսությունը միշտ եղել է բանավոր (ընդհուպ մինչև 19-րդ դարը, երբ սկսեցին ի հայտ գալ դրա գրավոր տարբերակները)։ Հասարակությանը, սակայն, հայտնի են սահմանային ու անցումային տարբերակներ։ Այսպես, ազգային մշակույթներում, որոնք իրականացնում էին 20-րդ դարում զարգացման մեծ թռիչք, պահպանվում էին ու պահպանվում են պատմիչները, որոնք զբաղվում են բանավոր (բանաստեղծական, գրեթե երգի նման) ստեղծագործությամբ. Նախկինում այսպիսի երգերը գնում էին դեպի բանահյուսություն ու այնտեղ գոյատևում էին, փոփոխվելով ու զարգանալով այլ կատարողների միջոցով, սակայն նորագույն ժամանակում օրինակ՝ Ջամբուլ Ջաբանի ստեղծագործությունները ենթարկվում էին գրավոր ամրագրման հենց իրենց ստեղծումից հետո ու այն պատճառով գոյություն ունեն, որպես գրականություն։ Մեկ այլ ձև բանավոր ստեղծագործության վերափոխմանը գրավորի այսպես կոչված «գրական գրառում»-ն է՝ օրինակ՝ Զոյա ու Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշերը, որոնք բազմիցս հրատարակվել են առանձին գրքերով, գրանցված են նրա բառերից ու դարձված են գրական տեքստ նրանից հարցազրույց վերցնող գրող Ֆրիդա Վիգդորովայի կողմից։
  • Գրականության մեջ են մտնում այն տեքստերը, որոնց նյութն են հանդիսանում բացառապես մարդկային լեզվի բառերը, ու չեն մտնում չտարբերակված ու սինթետիկ տեքստերը, այսինքն նրանք, որոնցում բառային մասը չի կարող տարանջատվել երաժշտականից, տեսողականից կամ որտևէ այլ մասից։ Երգը կամ օպերա որպես այդպիսին չեն հանդիսանում գրականության մաս։ Եթե երգը գրել է երգահանը արդեն գոյություն ունեցող տեքստի համար, որը գրել է բանաստեղծը, ապա խնդիր չի առաջանում, 20-րդ դարում, սակայն, նորից լայն տարածում գտավ հնագույն ավանդույթը, որի համաձայն մի հեղինակ ստեղծում է միանգամից բառային տեքստն ու երաժշտությունը ու (որպես կանոն) ինքն է կատարում ստացված ստեղծագործությունը։ Հարցը նրանում է, թե որքանով է օրինաչափորեն ստացված սինթետիկ ստեղծագործությունից անջատել միայն բառային մասնաբաժինը ու դիտել այն որպես ինքնուրույն գրական ստեղծագործություն, մնում է վիճելի։ Մի շարք դեպքերում սինթետիկ ստեղծագործությունները, միևնուն է, ընկալվում ու դասակարգվում են որպես գրական, եթե ոչ բառային տարրերը նրանում համեմատաբար քիչ են (այդպիսին է, օրինակ՝ հայտնի «ոլործունքը» Լորենս Սթերնի «Թրիստամ Շենդիի արկածներ»-ում կամ Սինքեն Հոպպի մանկական գիրք «Կախարդական կավիճ»-ում նկարները) կամ դրանց դերը սկզբունքորեն ստորադասված է (օրինակ մաթեմատիկական, քիմիական, ֆիզիկական գրականության մեջ բանաձևերը, նույնիսկ եթե դրանք գրավում են տեքստի մեծ մասը)։ Երբեմն հավելյալ տեսողական տարրերի տեղը գրական տեքստում այնքան մեծ է, որ այն դիտել որպես մաքուր գրական գիտական տեսանկյունից արդեն վերապահում է. Այդպիսի տեքստերից ամենահայնին է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը, որի կարևոր մասն են կազմում հեղինակային նկարները։
  • Վերը նշված երեք չափանիշներին ոչ լրիվ են բավարարում որոշ հնագույն տեքստեր, որոնք ավանդականորեն ընկալվում են որպես գրական՝ օրինակ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը. շատ հավանական է, որ Հոմերոսը, որպես այդ երկու պոեմների միասնական հեղինակ գոյություն չի ունեցել, իսկ այդ երկու պոեմների տեքստերը ձևավորվել են հին հունական բանահյուսությունից, որը կատարվում էր պատմիչների կողմից երգի տեսքով։ Սակայն այդ տեքստերի գրավոր ամրագրումը իրենց վերջնական տեսքով տեղի ունեցավ այնքան վաղուց, որ այդպիսի ավանդական մոտեցումը կարելի է համարել արդարացված։

Ճիշտ է ավելացնել ևս մեկ չափանիշ, որը վերաբերում է արդեն ոչ թե գրական տեքստերի կառուցվածքին, այլ դրանց գործառույթին.

  • Գրականության մեջ են մտնում այն տեքստերը, որոնք իրենք իրենցով ունեն սոցիալական նշանակություն (կամ նախատեսված են այնպես, որ այդպիսին ունենա)։ Դա նշանակում է, որ չեն դիտվում որպես գրականություն անձնական ու աշխատանքային նամակագրությունը, անձնական օրագրերը, դպրոցական շարադրությունները և այլն։ Այս չափանիշը թվում է պարզ ու ակնհայտ, բայց իրականում այն էլ մի շարք բարդությունների պատճառ է դառնում։ Մի կողմից՝ անձնական նամակագրությունը կարող է դառնալ գրականության փաստ (գեղարվեստական կամ գիտական), եթե այն պահում են նշանավոր հեղինակներ. Իզուր չեն գիտնականների ու գրողների ստեղծագործությունների ժողովածուները ներառում նամակների բաժին, ու այդ նամակներում երբեմն պարունակվում են գրականության ու գիտության համար կարևոր ու արժեքավոր տեղեկություններ. Նույնը վերաբերում է նաև ապագա գրողների, գիտնականների, քաղաքագետների դպրոցական շարադրություններին. դրանք կարող են հետին թվով ներգրավված լինել գրական միջավայր, անակնկալ լույս սփռելով իրենց հեղինակների հետագա ստեղծագործության վրա (այդպես՝ հեքիաթը, որը գրել է դպրոցի հանձնարարությամբ 14-ամյա Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, բացահայտում է «Փոքրիկ իշխան»-ի հետ զարմանալի նմանություններ)։ Ավելին՝ երբեմն գրողները, փիլիսոփաները, հրապարակախոսները նպատակասլաց կերպով դարձնում են անձնական նամակագրությունը կմ օրագիրը գրական փաստ. Դրանք գրում են, նախատեսելով այն կողմնակի ընթերցողի համար, կատարում հրապարակայնորեն կամ հրատարակում հատվածներ և այլն։ Այդպիսի՝ կառուցվածքով անձնական, բայց հրապարակային տեքստերի հայտնի օրինակներ կարող են լինել 1820-ական թվականների ռուս գրողների նամակները, որոնք մտնում էին «Արզամաս» միության կազմի մեջ, իսկ նորագույն ռուսական գրականության մեջ Վյաչեսլավ Կուրիցինի ու Ալեքսեյ Պարշիկովի նամակագրությունը, Սերգեր Եսինի օրագիրը և այլք։ Մյուս կողմից՝ վիճելի է մնում սիրող-հեղինակների գեղարվեստական ստեղծագործության իրավիճակի հարցը, որոնց տեքստերը մնում են նրանց ու նրանց նեղ ընկերական շրջապատի սեփականությունը. արդյո՞ք օրինաչափորեն է դիտել որպես գրականության երևույթ բանաստեղծական շնորհավորանքը, որը գրել է աշխատողների խումբը իր ղեկավարի ծննդյան տոնի առթիվ։ Այդ իմաստով նոր բարդություններ են առաջանում համացանցի առաջացման ու ազատ հրապարակմամբ կայքերի տարածման պատճառով, որտեղ իր ստեղծագործությունները կարող է տեղադրել ցանկացած մեկը։ Ժամանակակից գիտնականները (օրինակ՝ ֆրանսիացի հասարակագետ Պյեր Բուրդյեն ու նրա հետևորդները) փորձում են նկարագրել հատուկ մեխանիզմներ, որոնք որակավորում են գրականությունը, արվեստը, գիտությունը, ու սահմանափակում դրանք ցանկացած տեսակի սիրողական գործունեությունից, սակայն նրանց առաջարկած ծրագրերը չեն հանդիսանում համատարած ընդունված ու մնում են անողոք քննարկման առարկա։

Գրականության հիմնական տեսակներ[խմբագրել]

Գրականության տեսակները առանձնացվում են ինչպես ըստ բնագրի բովանդակության, այնպես էլ ըստ դրանց հետապնդած նպատակի, որի պատճառով գրականության դասակարգման ժամանակ դժվար է ամբողջությամբ պահպանել միասնականության սկզբունքը։ Բացի այդ, գրականության այդպիսի դասակարգումը կարող է մոլորության մեջ գցել՝ միավորելով իրարից բոլորովին տարբեր երևույթները։

Հաճախ միևնույն դարաշրջանի տիպաբանորեն տարբեր բնագրերը իրար շատ ավելի մոտ են, քան տարբեր դարաշրջանների ու մշակույթների տիպաբանորեն նույնական բնագրերը. եվրոպական փիլիսոփայական գրականության հիմքում ընկած Պլատոնի «Երկխոսությունները» ավելի շատ ընդհանրություններ ունի հին հունական գրականության այլ ստեղծագործությունների հետ (օրինակ՝ Էսքիլեսի դրամաների), քան Նոր ժամանակների փիլիսոփաների աշխատությունների հետ, ինչպիսիք են Հեգելն ու Ռասելը։

Որոշ բնագրերի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ստեղծման ժամանակ դրանք պատկանում էին գրականության մի տեսակին, բայց հետագայում շարժվում են դեպի մեկ այլ տեսակը. այսպես օրինակ՝ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն այսօր ավելի շուտ ընկալվում է որպես մանկական գրականություն, մինչդեռ այն եղել է ոչ միայն մեծահասակների համար գրված գեղարվեստական գրականություն, այլև որպես պամֆլետ հրապարակախոսական էական դերով։

Այդ պատճառով էլ գրականության հիմնական տեսակների ընդհանուր ցանկը ունի մոտավոր-կողմնորոշիչ բնույթ, իսկ գրական տարածքի հստակ կառուցվածքը կարող է սահմանվել միայն տվյալ մշակույթի և տվյալ ժամանակահատվածի շրջանակներում։ Գործնականորեն այդ դժվարությունները չունեն սկզբունքային բնույթ, գրքերի վաճառքի ու գրադարանների գործնական կարիքները բավարարում է գրականության՝ թեև մակերեսային, բայց բավականին ճյուղավորված գրադարանային-մատենագիտական դասակարգումը։

Գեղարվեստական գրականություն[խմբագրել]

Գեղարվեստական գրականությունը արվեստի տեսակ է, որի միակ սկզբնանյութը բառերն ու բնական (գրավոր) լեզվի կառույցներն են։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունները բացահայտում են համեմատելով այն մի կողմից արվեստի այն տեսակների հետ, որոնք չեն օգտագործում խոսքային-լեզվական նյութ (երաժշտություն, կերպարվեստ) կամ օգտագործում են այլ միջոցների հետ զուգահեռ (թատրոն, կինո, երգ), մյուս կողմից՝ լեզվական տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Բացի դրանից, գեղարվեստական գրականությունը, ինչպես արվեստի մյուս տեսակները, միավորում է հեղինակային (այդ թվում՝ անանուն) ստեղծագործություններ, ի տարբերություն սկզբունքայնորեն հեղինակ չունեցող ժողովրդագրական ստեղծագործությունների։

Փաստագրական արձակ[խմբագրել]

Փաստագրական արձակ, գրականության ձև, որին բնորոշ է բացառապես իրական դեպքերի վրա կառուցված սյուժե, հազվադեպ գեղարվեստական հնարումներով։ Փաստագրական արձակը ներառում է նշանավոր մարդկանց կենսագրություններ, ինչ-որ դեպքերի պատմություններ, միջմշակութային նկարագրություններ, աղմկոտ հանցագործությունների հետաքննություններ։

Հուշագրություն[խմբագրել]

Հուշագրություն, ժամանակակիցների գրառումներն են, ուր պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնցում հեղինակը մասնակցություն է ունեցել կամ որոնք հայտնի են ականատեսներից։ Հուշագրությունների կարևոր առանձնահատկությունը հանդիսանում է տեքստի «փաստագրական» ոճը, որը հավակնում է անցյալի ճշմարտացիության վերստեղծմանը։

Գիտական և գիտահանրամատչելի գրականություն[խմբագրել]

Գիտական գրականությունը գրավոր աշխատությունների համախումբն է, որոնք ստեղծվել են գիտական մեթոդի սահմաններում կատարված հետազոտությունների, տեսական ընդհանրացումների արդյունքում։ Գիտական գրականությունը նախատեսված է գիտության վերջին նվաճումների մասին գիտնականների ու մասնագետների տեղեկացման համար, ինչպես նաև գիտության հայտնագործությունների հանդեպ գերակայության ամրացման համար։ Որպես կանոն, գիտական աշխատությունը չի համարվում ավարտված, եթե այն չի հրապարակվել։ Առաջին գիտական ստեղծագործությունները ստեղծվում էին տարբեր ժանրերով՝ տրակտատների, դատողությունների, խրատների, երկխոսությունների, ճանապարհորդությունների, կյանքի նկարագրման ու նույնիսկ բանաստեղծությունների տեսքով։ Ներկա ժամանակում գիտական գրականության բոլոր ձևերը ստանդարտացված են ու կազմված են մենագրություններից, ակնարկներից, հոդվածներից, զեկուցումներից (այդ թվում՝ թեզերից), ավտոռեֆերատներից, ռեֆերատներից ու գրախոսություններից։ Ներկայումս բազմաթիվ երկրներում գործում է գիտական գրականության որակավորման մեխանիզմը, որն օժանդակում է ղեկավարությունը կամ հասարակական գիտական կազմակերպությունները։ Ռուսաստանում, օրինակ, այդպիսի որակավորում իրականացնում է ԲՈՀ-ը (Բարձրագույն որակավորվման հանձնաժողով)։ Գիտական գրականության հրատարակման հիմնական պահանջներից մեկն է դրա պարտադիր գրախոսումը։ Այդ գործընթացի սահմաններում գիտական ամսագրի հրատարակչությունը կամ խմբագրությունը նոր գիտական աշխատությունը տպագրելուց առաջ այն ուղարկում է այն մի քանի (հիմնականում՝ երկու) գրախոսների, որոնք համարվում են այդ ոլորտի մասնագետներ։ Գրախոսման գործընթացի իմաստն է բացառել գիտական գրականության շրջանակներում այն նյութերի տպագրությունը, որոնք պարունակում են կոպիտ մեթոդոլոգիական սխալներ կամ ուղիղ կեղծում։ 20-րդ դարից սկսած պահպանվում է հրատարակվող գիտական գրականության ծավալի պարբերական էքսպոնենցիալ աճը։ Սրա հետ կապված՝ ներկայումս գիտական գրականության գլխավոր կրիչներից մեկն են պարբերական հրատարակչությունները, հիմնականում՝ գրախոսվող գիտական ամսագրերը։ 20-րդ դարի վերջից նկատելի է այս ամսագրերի անցման գործընթացը թղթային կրիչներից էլեկտրոնայինների, մասնավորապես՝ համացանցի։

Գիտահանրամատչելի գրականությունը գիտության, գիտական ձեռքբերումների, գիտնականների մասին գրական ստեղծագործություն է, որը նախատեսված է լայն հասարակության համար։ Գիտահանրամատչելի գրականությունը նախատեսված է ինչպես այլ ոլորտների մասնագետների, այնպես էլ քիչ պատրաստված ընթերցողների համար՝ ներառյալ երեխաներին ու դեռահասներին։ Ի տարբերություն գիտական գրականության՝ գիտահանրամատչելի գրականության ստեղծագործությունները չեն որակավորվում ու չեն գրախոսվում։ Գիտահանրամատչելի գրականության մեջ են մտնում ստեղծագործութուններ հիմնարար ու կիրառական գիտությունների հիմքերի ու առանձին խնդիրների, գիտական գործիչների կենսագրության, ճանապարհորդությունների նկարագրությունների ու այլնի մասին, որոնք գրված են տարբեր ժանրերով։ Լավագույն հանրամատչելի ստեղծագործությունները քարոզում են առաջադեմ գիտությունների ձեռքբերումները այնպիսի ձևով, որը հասանելի է այն ընթերցողներին, որոնց համար այն գրված է։ Բանաստեղծական ոճով գրվել են Եվրոպայում առաջին գիտության մասին հանրամատչելի ստեղծագործություն Լուկրեցիուս Կարուսի «Իրերի բնության մասին»-ն ու Միխայիլ Լոմոնոսովի «Գրություն ապակու օգուտի մասին»-ը։ Զրույցներից ձևավորվեցին Մայքլ Ֆարադեյի «Մոմի պատմություն»-ն ու Կ. Թիմիզաևի «Բույսի կյանքը»։ Հայտնի են հանրամատչելի ստեղծագործություններ, որոնք գրվել են բնության օրացույցի, էդյուդի, գրական ակնարկի, «ինտելեկտուալ» արկածների ու այլ ձևերով։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 1990, Էջ 702
  2. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան», 2009, էջ 48: