Մակեդոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մակեդոնիա
Մակեդոնիայի Հանրապետություն
Република Македонија
Մակեդոնիայի դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Денес над Македонија
Մակեդոնիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Սկոպյե
Պետական լեզուներ մակեդոներեն
Տարածք
 -  Ընդհանուր 25,333 կմ² 
 -  Ջրային (%) 1.9
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 2,055,915 
 -  2002 մարդահամարը 2,022,547 
 -  Խտություն 79 /կմ² 
205 /մղոն²
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .mk
Հեռախոսային կոդ +389

Մակեդոնիա կամ Մակեդոնիայի Հանրապետություն, պետություն Արևելյան Եվրոպայում։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել]

Տարածքը 25,713 ք.կմ է, բնակչությունը՝ 2 մլն. 055 հզ.։ Պետական լեզուն մակեդոներենն է։ Բնակչության 64.2%-ը մակեդոնացիներ են, 25.2%-ը՝ ալբանացիներ, 3.9%-ը՝ թուրքեր, 2.7%-ը՝ գնչուներ և այլն։ Մակեդոնիան Հարավարևլյան Եվրոպայի կենտրոնական Բալկանյան թերակղզում գտնվող պետություն է։ Այն նախկին Հարավսլավիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության մաս կազմող Մակեդոնիայի ՍՍՀ իրավահաջորդն է, որն իր անկախությունը ձեռք է բերել 1991 թ. սեպտեմբերի 8-ին։ 1993 թ. Մակեդոնիան դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ, սակայն հարևան Հունաստանի հետ իր անվան շուրջ տարաձայնության պատճառով Մակեդոնիան ներկայացվում է որպես նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն։

Մակեդոնիան լեռներով շրջապատված երկիր է։ Հյուսիս-արևմուտքում այն սահմանակցում է Կոսովոյին, հյուսիսում՝ Սերբիային, արևմուտքում՝ Բուլղարիային, հարավում՝ Հունաստանին և արևմուտքում՝ Ալբանիային։

Մակեդոնիայի ներկայիս տարածքը մտնում է պատմական Մակեդոնիա կոչվող աշխարհագրական տարածաշրջանի մեջ՝ հանդիսանալով նրա հյուսիս-արևմտյան մասի կեսը (մնացած մասը մտնում է Հունաստանի և Բուլղարիայի մեջ)։

Երկրի մայրաքաղաքը Սկոպյեն է՝ 506,926 բնակչությամբ։ Խոշոր քաղաքներից են Բիտոլա՝ 95,385 բն., Կումանովո՝ 70,842 բն., Պրիլեպ՝ 66,246 բն., Տետովո՝ 52,915 բն., Օխրիդ՝ 42,003 բն., և այլն։

Մակեդոնիայի տարածքում կան ավելի քան 50 լիճ և 2,000 մ. ավելի բարձրություն ունեցող 16 լեռներ։ Մակեդոնիան ՄԱԿ-ի և Եվրոպական Խորհրդի անդամ երկիր է։ 2005 թ-ի դեկտեմբերից այն նաև Եվրոպական Միության անդամ դառնալու թեկնածու-երկրների ցուցակում է, ինչպես նաև հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալու համար։

Քաղաքականություն[խմբագրել]

Մակեդոնիան խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանի ներկայիս խոսնակը Տրայկո Վելյանովսկին է։ Կառավարության գլուխ կանգնած է վարչապետը, ում ձեռքերում է կենտոնացված ողջ իշխանությունը։ Նա է նշանակում կառավարության անդամներին։ Իսկ նախագահի դերը զուտ խորհրդանշական է։ Խորհրդարանը միապալատ է և ունի 120 անդամ, ովքեր ընտրվում են չորս տարի ժամկետով։ Խորհրդարանի կողմից են նշանակվում դատավորները։

Նախագահը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, ինչպես նաև Անվտանգության Խորհրդի նախագահը։ Նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով և ունի վերընտրվելու իրավունք։

2009 թ-ի ապրիլի 5-ի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Գեորգի Իվանովը։ Երկրի ներկայիս վարչապետը Նիկոլա Գրուևսկին է։

Ռազմական ուժեր[խմբագրել]

Մակեդոնիայի Հանրապետության Զինված Ուժերը կազմված են ցամաքային ուժերից, օդուժից և հատուկ նշանակության ուժերից։

Կառավարության ազգային անվտանգության քաղաքականության նպատակն է երկրի անկախության, ամբողջականության, օդային և ցամաքային տարածքի անվտանգության ինչպես նաև սահմանադրական կարգի ապահովվումը, ազգային կենսական շահերի պաշտպանությունը։ Զինված Ուժերը ակտիվորեն համագործակցում են նաև ՆԱՏՕ-ի զորքերի հետ՝ մասնակցելով տարբեր ռազմական առաքելությունների։

Վարչական բաժանում[խմբագրել]

Երկիրը բաժանված է 8 մարզերի (նահանգների)՝ Սկոպյե, Պելագոնիա, Պոլոգ, Արևելյան, Հարավ-արևելյան, Հյուսիս-արևելյան, Հարավ-արևմտյան և Վարդար։

Կրոն[խմբագրել]

Մակեդոնիայի բնակչության 64.7%-ը Ուղղափառ Քրիստոնեության հետևորդներ են, որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում է Մակեդոնական Ուղղափառ Եկեղեցուն։ 33.3%-ը մուսուլմաններ են (ալբանացիներ, թուրքեր, գնչուներ, մակեդոնացիներ)։ Մակեդոնիան Եվրոպական երկրների շարքում 4-րդն է Կոսովոյից, Ալբանիայից և Բոսնիա-Հերցոգովինիայից հետո իսլամադավան բնակչության բարձր տոկոսով։

Երկրում հաշվվում են 1,842 եկեղեցիներ և 580 մզկիթներ։ Մայրաքաղաք Սկոպյեում գործում են ուղղափառ և մուսուլմանական համայնքներին պատկանող կրոնական միջնակարգ դպրոցներ, ուղղափառ աստվածաբանական քոլեջը։