Լիտվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվայի Հանրապետություն
Lietuvos Respublika

Flag of Lithuania.svg
Դրոշ

Coat of arms of Lithuania.svg
Զինանշան

EU-Lithuania.svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Լիտվերեն
Մայրաքաղաք Վիլնյուս
Պետական կարգ Միատարր խորհրդարանական հանրապետություն
Կրոն Քրիստոնեություն
Մակերես 65 300 կմ² (1.35% ջրային)
Ազգաբնակչություն. 2 921 920 (45/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q43978?
Արժույթ Եվրո (€) (EUR)
Ժամային գոտի (UTC+2) ամռանը (UTC+3)
Վեբ | ISO | Հեռ. .lt | LT | +370

Լիտվա (լիտ.՝ Lietuva), պաշտոնապես Լիտվայի Հանրապետություն (Lietuvos Respublika), երկիր Հյուսիսային Եվրոպայում, մերձբալթյան պետություն։ Մայրաքաղաքն է Վիլնյուսը։ Նախագահն է Դալյա Գրիբաուսկայտեն, ով հաջորդել է Վալդաս Ադամկուսին (2004-2009)։ Երկիրն ունի 3 միլիոն բնակիչ։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին։ Սահմանակից է Լատվիային, Բելոռուսիային, Ռուսաստանին և Լեհաստանին։ Տարածքը՝ 65,2 հազար կմ² քառակուսի։ Մակերևույթը մեծ մասամբ դաշտավայրային է։ Հարավ-արևելքում Օշմյանիի բարձրավայրի արևմտյան մասն է (բարձրությունը մինչև 292 մ, Յուոզապինե լեռը՝ Լիտվայի ամնեաբարձր կետը)։

Անվանում[խմբագրել]

Անվանումը ստացել է լիտվան ժողովրդի անունից (լիտվերեն երկիրը կոչվում է Լետուվա, ժողովուրդը՝ լետուվայ)։ Լիտվան և լիտվանները գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են 1009 թվականին։ Ոմանք գտնում են, որ ցեղանվան հիմքում ընկած է Նեման գետի հին անվանումը՝ Լեյտա կամ Լիետա, որոնց հիմքում տեսնում են լիտվերեն Lytus «հոսել» բառը։[1]

Բնական պաշարներ[խմբագրել]

Լիտվան հարուստ է տորֆով, կրաքարով, դոլոմիտով, կավճով, տարբեր կավերով, հայտնաբերվել է նաև նավթով։

Աշխարհրագրություն[խմբագրել]

Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ խոշոր գլաքարեր, կլորացած ժայռաբեկորներ, ծովային քարակարկառներ։ Գրեթե 100 կմ ձգվում է գեղեցիկ ծովափը՝ իր սպիտակին տվող մանրավազ լողափերով ու ավազաթմբերով։ Ցամաքի նեղ շերտը՝ Կուրշի ցամաքալեզվակը, որը նույնանուն ծոցը բաժանում է Բալթիկ ծովից, բնության մի եզակի անկյուն է։ Լիտվայի ամենամեծ գետը Նյամունասն (Նեման) է, որը թափվում է Բալթիկ ծովը։ Լիտվան գտնվում է այդ գետի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա. այն բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի։ Ծովի մոտիկությունը, արևմուտքից փչող տաք քամիները մեղմում են ձմռան սառնամանիքները։ Ամառն այստեղ հաճախ թխպոտ ու անձրևային է։

Կենդանիներ[խմբագրել]

Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են։ Այստեղ կան եղջերու, որմզդեղն, այծյամ, աղվես, ճագար, վարազ, գայլ, լուսան, կզաքիս, սկյուռ և այլն։ Հարևան Բելովեժյան թավուտից այստեղ է թափանցել նաև վայրի ցուլը։ Անտառները լի են զանազան թռչուններով։ Գետերում ու լճերում կան տարբեր ձկնատեսակներ՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ, ապրում է նաև կուղբ, որն ունի թանկարժեք մորթի։

Իշխանության կազմավորում[խմբագրել]

13-րդ դարի 1-ին կեսին կազմավորվել է ավատատիրական Լիտվական իշխանությունը, որն իր գոյության սկզբից պայքարի մեջ է մտել գերմանական ասպետական օրդենների հետ, որոնք ձգտում էին նվաճել մերձբալթյան հողերը։ Հաղթելով այդ օրդեններին՝ Լիտվական իշխանությունը մեծ վերելք ապրեց, բայց արդեն 1569 թվականին այն միավորվեց Լեհաստանի հետ՝ կազմելով Ռեչ Պոսպոլիտա միացյալ պետությունը։ Ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջին, այդ պետական միավորման քայքայումից հետո Լիտվայի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության մեջ։

Պատերազմ[խմբագրել]

Լիտվական նոր պետականության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 1918 թվականի փետրվարին, օգտվելով ռուս-գերմանական հակամարտությունից, Լիտվան մի կարճ ժամանակ իրեն անկախ հռչակեց, սակայն արդեն 1940 թվականի հուլիսին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում կրկին կորցրեց պետական անկախությունը՝ դառնալով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետույանների Միություն միութենական հանրապետություններից մեկը։ Իր նոր պետականությունը Լիտվան ձեռք բերեց արդեն մեր օրերում՝ 1990 թվականի փետրվարի 24-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով դուրս գալով փլուզվող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետույանների Միություն միութենական հանրապետության կազմից։

Բնակչություն[խմբագրել]

Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներն են։ Այստեղ ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելառուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին։ Մետաղաձուլության բացակայության պատճառով և աշխատուժի բարձր որակավորման շնորհիվ այստեղ զարգացել են արդյունաբերության ոչ մետաղատար, այլ աշխատատար և գիտատար ճյուղերը, օրինակ՝ էլեկտրոնային, էլեկտրա և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, հաշվողական տեխնիկայի արտադրությունը, սարքա և հաստոցաշինությունը։ Արդյունաբերության ավանդական ճյուղերից է փայտամշակումը. արտադրում են կահույք, ստվարաթուղթ, թուղթ և այլն։ Զարգացած են նաև նավաշինությունն ու քիմիական արդյունաբերությունը, արտադրվում են գործվածքներ, հագուստ, կոշիկ։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է, մշակում են գարի, ցորեն, շաքարի ճակնդեղ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր։ Բայց հիմնականը անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում։ Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը։ Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը։ Նրա ձկնորսանավերը Կլայպեդա նավահանգստից դուրս են գալիս Բալթիկ ծով ու Ատլանտյան օվկիանոսի շատ շրջաններ։ Նեմանի ամենամեծ վտակի՝ Նյարիսի ափին փռված է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը։ Վիլնյուսից 100 կիլոմետր արևմուտք, որտեղ Նյարիսը թափվում է Նեման գետը, գտնվում է Լիտվայի նախկին մայրաքաղաքը՝ Կաունասը, որի հին թաղամասերը հիշեցնում են միջնադարյան թանգարան։

Հանգստավայրեր[խմբագրել]

Կլայպեդան հանրապետության ծովային դարպասն է։ Այստեղ է գտնվում «Բալթիա» խոշորագույն նավաշինական գործարանը։ Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով։ Պալանգա ծովափնյա քաղաքում, մանրավազ լողափերին, ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ։ Լայնորեն հայտնի է նաև Դրուսկինինկայ առողջարանային քաղաքը, որտեղ հիվանդներին բուժում են ցեխաբուժությամբ, հանքային ջրերով ու ասեղնատերև անտառների կազդուրիչ օդով։ Լիտվայում հատկապես շատ են սիրում խմբերգային երգեցողությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելում ազգագրական անսամբլները։ Մայրաքաղաք Վիլնյուսում 5 տարին մեկ անցկացվող երգի ավանդական փառատոներին, որոնք սկիզբ են առել 1924 թվականից, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Հայերը Լիտվայում[խմբագրել]

Միջնադար[խմբագրել]

Դեռևս միջնադարում, թուրք-սելջուկների կողմից Անիի բռնազավթումից հետո, բազմաթիվ գաղթական հայեր են այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ պետության մեջ։ Հիշատակություն կա, որ գերմանական ասպետների դեմ 1410 թվականի Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաև հայկական ջոկատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված մարտերին։ Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու գործում մեծ է հատկապես հայ զորավար, ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի դերը։

Մշակույթ[խմբագրել]

Հայ-լիտվական մշակութային կապերը նույնպես երկարամյա պատմություն ունեն։ Դրանք սկիզբ են առել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ ու ակնարկներ։ Այնուհետև այդ կապերը սերտացան հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գրողների և արվեստագետների փոխայցելություններով, նրանց ստեղծագործությունների թարգմանություններով ու գրական-գեղարվեստական համատեղ հանդեսներով։ Լիտվերեն լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Նար-Դոսի, Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից։

Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ՝ հիմնականում Վիլնյուսում և Կաունասում։ 1988 թվականին գրանցվել է «Գարուն» հայ մշակութային միությունը, 1992 թվականին ստեղծվել է Լիտվա-հայկական ընկերությունը։ Հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Վիլնյուսում, Կաունասում, Վիսագինասում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png