Իրաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
جمهورية العراق
Իրաքի Հանրապետություն
Իրաքի դրոշ
Դրոշ
Իրաքի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
الله أكبر
Ամենակարող Ալլահ
Ազգային օրհներգ՝
Մաուտինի (նոր)
Արտհ Ալֆորատեյն (հին)
Իրաքի դիրքը
Իրաքի տեղագրական քարտեզ
Իրաքի դիրքը
Իրաք
Մայրաքաղաք Բաղդադ
33°20′N, 44°26′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ արաբերեն, քրդերեն, արամեերեն
Կառավարում Խորհրդանական հանրապետություն
 -  Նախագահ Ֆուադ Մասում
 -  Վարչապետ Նուրի Ալ-Մալիքի
Անկախություն
 -  Անկախություն Օսմանյան Կայսրությունից հոկտեմբերի 1 1919 
 -  Անկախություն Միավորված Թագավորությունից հոկտեմբերի 3 1932 
Տարածք
 -  Ընդհանուր 438,317 կմ²  (58րդ)
 -  Ջրային (%) 1.1
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 36,004,532  (39-րդ)
 -   մարդահամարը 59,312,914 
 -  Խտություն 66 /կմ² (125րդ)
171 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $500.0 բիլիոն (35րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14.367 (77րդ)
Դրամական միավոր Իրաքի դինար (IQD)
Ժամային գոտի AST (UTC+3)
 -  Ամռանը (DST) ADT (UTC+4)
Վերին մակարդակի ազգային դոմենն .iq
Հեռախոսային կոդ +964


Իրաքը[1], պաշտոնապես Իրաքի Հանրապետությունը, երկիր է Մերձավոր Արևելքում։ Սահմանակից է Քուվեյթին՝ հարավ-արևելքում, Սաուդյան Արաբիային՝ հարավում, Հորդանանին՝ արևմուտքում, Սիրիային՝ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում, Թուրքիային՝ հյուսիսում և Իրանին՝ արևելքում։ Իրաքի հարավ-արևելյան հատվածի մի մասը ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Երկրի տարածքով են հոսում Տիգրիս և Եփրատ գետերը։ Իրաքը ունի ընդամենը 50 կմ ծովափ, սակայն այստեղից է առաջացել նրա «իրաք» (արաբերեն նշանակում է ափ կամ ծովափ) անվանումը։ Մայրաքաղաք Բաղդադը գտնվում է երկրի արևելակենտրոնական հատվածում։

Անվանում[խմբագրել]

Ժամանակակից Իրաքի տարածքը, որը հիմնականում համընկնում է Միջագետքին, համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է։ 1630ական թվականներից մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ․ պատերազմի վերջում Իրաքն օկուպացրել են անգլիական զորքերը։

1920 թվականին, կործանված Օսմանյան կայսրության երեք վիլայեթներից (Բասրայի, Բաղդադի և Մուսուլի) ստեղծվել է Իրաք (արաբերեն բառացի՝ «ափ, գետափ») պետությունը[2]։

Պատմություն[խմբագրել]

Վաղ Շրջան[խմբագրել]

Իրաքի տարածքը (մինչև 1920-ը՝ Միջագետք) համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է: Մ. թ. ա. VII հազարամյակում զարգացած էր անասնապահությունը և հողագործությունը: Մ. թ. ա. III հազարամյակում հիմնվեց Շումերա-Աքքադական պետությունը: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբին առաջ եկավ Բարեչոնի թագավորությունը, որն ընդմիջումներով գոյատևեց մինչե մ. թ. ա. 538-ը: Մ. թ. ա. II հազարամյակում Իրաքի տարածքի հյուսիսում կազմավորվեց Ասորեստանը, որը կործանվեց մ. թ. ա. 612-ին: Մ. թ. ա. VI—մ. թ. YII դդ. Իրաքի տարածքը գտնվել է Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելեկյանների, Պարթևական, Սասանյանների պետության կազմի մեջ:

Արաբական, Թուրքական, Մոնղոլական Տիրապետություններ[խմբագրել]

637-ին արաբները գրավեցին ամբողջ Միջագետքը, և այդ ժամանակից սկսվեց նրա արաբացումն ու իսլամացումը: Միջագետքը դարձավ Օմականների խալիֆայոէթյան տնտեսական ու քաղաքական կարևոր շրջաններից մեկը: 762-ին Աբբասյանները Իրաքի տարածքում հիմնեցին Բաղդադը և այն դարձրին խալիֆայության մայրաքաղաքը: Աբբասյանների ժամանակ Իրաքում զարգացան ֆեոդալական հարաբերությունները: Գյուղացիները կախման մեջ ընկան հողատեր-ֆեոդալներից, սահմանափակվեց նրանց ազատությունը: Տնտեսության առանձին ճյուղերում, մանավանդ սկզբնական շրջանում, կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը: Գյուղացիների, արհեստավորների և սարակների ապստամբությունները, ինչպես նաև ֆեոդալական կենտրոնախույս ուժերի աճն ու օտարերկրյա հարձակումները, խարխլեցին խալիֆայության հիմքերը: 1055-ին Բաղդադը գրավեցին սելջուկ-թուրքերը, 1258-ին՝ մոնղոլները, XIV դ.՝ Լենկթեմուրի հորդաները: Թուրք, սուլթան Սուլեյման I 1534-ին նվաճեց Միջագետքը: Իրանի դեմ երկարատև պատերազմներից հետո Թուրքիան XVII դ. իր տիրապետությունը հաստատեց Իրաքում: Թուրքական տիրապետությունը անկման եզրին հասցրեց Իրաքի տնտեսությունը և ծանրացրեց ժողովրդական զանգվածների վիճակը: XVII — XIX դդ. Իրաքում տեղի ունեցան հակա-թուրքական ելույթներ, որոնք դաժանորեն ճնշվեցին:

Իրաքը Եվրոպական Տիրապետությունների ներքո[խմբագրել]

Երկրի տնտեսական և քաղաքական դրությունն ավելի բարդացավ, երբ XVII դարից Իրաքը սկսեց թափանցել եվրոպական կապիտալը: Այդ պրոցեսն ուժեղացավ XIX—XX դդ.: Իրաքում (որտեղ հայտնաբերել էին նավթի պաշարներ) տիրապետող դիրք են ձգտել գրավել Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և ապա՝ ԱՄՆ: 1918-ին Անգլիան գրավեց Իրաքը: Իրաքի հայրենասիրական ուժերը 1918-1920-ին համառ դիմադրություն ցույց տվեցին անգլիական գաղութարարներին: Անգլիան հարկադրված էր հրաժարվել ուղղակի անեքսիայից և իր տիրապետությունը Իրաքում հաստատել Ազգերի լիգայի մանդատի ներքո, որի շրջանակներում, 1921-ին, հիմնվեց Իրաքի թագավորությունը: Ֆեյսալ I դարձավ Իրաքի առաջին թագավորը, երկրում հաստատվեց Հաշիմյանների դինաստիան: Անգլիական տիրապետության հաստատումը առաջ բերեց Իրաքի հայրենասիրական ուժերի, արաբների և քրդերի հակաիմպերիալիստական ելույթներ: Անգլիան 1932-ին հրաժարվեց մանդատից և ճանաչեց Իրաքի ձևական անկախությունը: Սակայն մինչև այդ, 1930-ին, Անգլիան Իրաքին պարտադրել էր, այսպես կոչված, «բարեկամության և դաշինքի» պայմանագիրը, որի շնորհիվ Անգլիային հաջողվեց պահպանել իր ռազմաքաղաքական, դիվանագիտական և տնտեսական վերահսկողությունը Իրաքի վրա:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել]

1934-ին հիմնվեց Իրաքի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ): Հակաիմպերիալիստական պայքարը չդադարեց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1941մայիսին բռնկվեց անգլո-իրաքյան պատերազմը, որն ավարտվեց Իրաքի հայրենասիրական ուժերի պարտությամբ և Իրաքի ռազմական օկուպացիայով: Նույնպիսի վախճան ունեցավ 1943-1945-ի քրդական ապստամբությունը: 1943հունվարին Իրաքը պատերազմ հայտարարեց առանցքի երկրներին, սակայն պատերազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցեց: 1944-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ-ի և Իրաքի միջև: Հակաիմպերիալիստական պայքարը և դեմոկրատական շարժումը նոր թափ ստացան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1948հունվարին բռնկվեց համազգային նոր ապստամբություն: Իրաքի հետադիմական ուժերը անգլիական իմպերիալիզմի օժանդակությամբ ճնշեցին հակաիմպերիալիստական ելույթները: Ռեակցիան իր հարվածն ուղղեց առաշին հերթին կոմունիստների դեմ:

Իրաքյան պետության ստեղծում[խմբագրել]

Իրաքի Դրոշը (1921-1959)

1955-ին Իրաքը մտավ Բաղդադի ագրեսիվ պակտի մեջ: 1957-ին ընդհատակում կազմավորվեց Ազգային միասնական ճակատ (ԱՄՃ), որի մեշ մտան ԻԿԿ, արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը (ԲԱԱՄ) և այլ առաշադիմական կազմակերպություններ: 1957-ի վերշին և 1958-ի սկզբին Իրաքում ստեղծվեց հեղափոխական իրադրություն: 1958հուլիսի 14-ին Իրաքի բանակը ժողավրդական զանգվածների և բոլոր դեմոկրատական ու առաջադիմական ուժերի աջակցությամբ տապալեց միապետությունը և հռչակեց հանրապետություն: Հեղափոխությունն իր բնույթով բուրժուա-դեմոկրատական, հակաիմպերիալիստական և հակաֆեոդալական էր: Իշխանության գլուխ անցավ ազգային բուրժուազիան: Իրաքի կառավարությունը Աբդել Քերիմ Կասեմի գլխավորությամբ հեղափոխությունից հետո առաջին տարիներին երկրում իրականացրեց մի շարք առաջադիմական հասարակական-տնտեսական և քաղաքական միջոցառումներ: Սակայն ազգային բուրժուազիան չէր ցանկանում հեղափոխության հետագա զարգացումը: Կասեմի կառավարությունը սկսեց սահմանափակել դեմոկրատական ազատությունները, հետապնդել առաջադեմ գործիչներին և կազմակերպությունները: 1963փետրվարի 8-ին Իրաքում տեղի ունեցավ հակահեղափոխական պետական հեղաշրջում: Կասեմը և նրա համախոհներից շատերը սպանվեցին: Ծանր պայմաններ ստեղծվեցին կոմկուսի համար: Նրա բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ կուսակցության առաջին քարտուղար

Իրաքի Դրոշը (2004-2008)

Սալյամ Ադիլը, տանջամահ արվեցին: Բաասական ծայրահեղների հաստատած վարչակարգը դժգոհություն առաջացրեց գրեթե բոլոր խավերի մոտ: 1963նոյեմբերի 18-ին զինվորականների կատարած Բաղդադի բնակիչները ողջունում են հանրապետության հռչակումը 1958հուլիսի 14-ին պետական հեղաշրջումից հետո, իշխանության գլուխ անցավ Աբդ ալ-Մալյամ Արեֆը, որը դարձավ Իրաքի նախագահ: Սակայն Իրաքի առջև կանգնած հասարակական-տնտեսական և քաղաքական խնդիրները իրենց լուծումը չստացան: Իրաքի նորագույն պատմության մեջ կարևոր շրջան սկսվեց 1968հուլիսի 17-ի հեղափոխությունից հետո, երբ իշխանության գլուխ անցավ ԲԱԱՍ կուսակցության առաջադիմական թևը: Կառավարման բարձրագույն մարմինը դարձավ Հեղափոխական հրամանատարության խորհուրդը (ՀՀԽ): Նախագահ դարձավ Ահմադ Հասան ալ-Բաքրը: 1972-ի հունիսին կոմկուսի ներկայացուցիչները մտան կառավարության մեջ: 1973հուլիսի 17-ին ԲԱԱՍ և կոմունիստական կուսակցությունների միջև կայացած համաձայնությամբ ստեղծվեց Ազգային-հայրենասիրական առաջադիմական ճակատ, որի մեջ հետագայում մտան Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը և դեմոկրատական այլ ուժեր ու կազմակերպություններ: Երկրում իրականացվեցին և շարունակվում են իրականացվել մի շարք կարևոր հասարակական-տնտեսական և քաղաքական վերափոխումներ, քրդերին շնորհվեց ազգային ինքնավարություն (1970մարտի 11-ի դեկրետով), ստեղծվեց պետական սեկտոր, ազգայնացվեցին օտարերկրյա նավթային մոնոպոլիստական ընկերությունները (մասնավորապես՝ «Իրաք Պետրոլեում քամփնի»-ն), ընդլայնվեցին աշխատավորների իրավունքները և բարելավվեց նրանց տնտեսական վիճակը, սկսեց իրականացվել արմատական բնույթի ագրարային ռեֆորմ և այլն: Այդ վերափոխումները կրում են ոչ-կապիտալիստական բնույթ և ունեն սոցիալիստական կողմնորոշում: Իրաքը վարում է հակաիմպերիալիստական արտաքին քաղաքականություն: Բարեկամական հարաբերություններ է հաստատել ԽՍՀՄ-ի և սոցիալիստական երկրների հետ: ԽՍՀՄ-ը քաղաքական և ֆինանսա-տնտեսական լայն օգնություն է ցույց տալիս Իրաքին. Սովետական Միության օգնությամբ կառուցվել և կառուցվում են կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ: 1972-ի ապրիլին Բաղդադում ստորագրվեց բարեկամության և համագործակցության պայմանագիր ԽՍՀՄ-ի և Իրաքի միջև:

Պետական կարգ[խմբագրել]

Իրաքը հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1970-ից: Սահմանադրությունը հիմնական ազգություններ է հռչակել արաբներին ու քրդերին, երաշխավորել քրդերի բոլոր իրավունքները: Պետական իշխանության բարձրագույն մարմինը՝ Հեղափոխական Հրամանատարության խորհուրդը (ՀՀԻՎ ընտրում է նախագահին, որը միաժամանակ ՀՀքս-ի նախագահն է, պետության գլուխն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: ՀՀքս-ի անդամները միաժամանակ արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (Բաասի) ղեկավարության անդամներ են: Երկրի գործադիր և վարչական մարմինը կառավարությունն է (Մինիստրների խորհուրդ): Դատական համակարգը կազմում են սովորական, հոգևոր (շարիաթի) և հատուկ (հեղափոխական) դատարանները:

Աշխարհագրություն[խմբագրել]

Իրաքի տարածքի մեծ մասը գրավում են Վերին և Ստորին Միջագետքի հարթավայրերը: Հյուսիսում և հյուսիս-արևելքում Հայկական և Իրանական բարձրավանդակների լեռնաշղթաներն են (ավելի քան 3000 մ բարձրությամբ), հարավ և հարավ-արևմուտքում՝ Սիրիա-Արաբական սարահարթն է (մինչե 900 մ բարձրությամբ): Վերին Միջագետքը կամ Զեզիրեն հարթ, քիչ բլրապատ, աննշան լեռնաշղթաներով (Սինջար են) սարավանդ է (300-450 մ բարձրությամբ): Ստորին Միջագետքը ծովի մակարդակից մինչե 100 մ բարձրությամբ ալյուվիալ դաշտավայր է: Իրաքի տարածքը գտնվում է Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտու և Աֆրիկական պլատֆորմի արաբական մասի միակցման մարգում և ընդգրկում է երեք հիմնական տարր՝ Աֆրիկական պլատֆորմի հյուսիս-արևելյան մասը, Միջագետքյան եզրային ճկվածքը և Զագրոսի միոգեոսինկլինալի արտաքին գոտին:

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Իրաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնցից գլխավորը նավթն է։ Հետազոտված պաշարներով (ավելի քան 5 միլիարդ տ) Իրաքը աշխարհի՝ նավթով հարուստ 5 երկրների թվում է։ Կան նաև գազի, ծծմբի, երկաթաքարի, ֆոսֆատների, քարաղի, մարմարի, պղնձի պաշարներ։

Կլիմա[խմբագրել]

Կլիման երկրի հյուսիսում և կենտրոնական մասում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային։ Ամենաշոգը օգոստոսն է, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +52C։ Հաճախակի են ավազահողմերը (խուջաջներ). այդ ժամանակ այնքան է մթնում, որ ավտոմեքենաները երթևեկում են վառվող լուսարձակներով։ Ձմռանը (դեկտեմբեր-փետրվար) առատ անձրևներ են գալիս, լեռներում՝ նաև ձյուն։

Ներքին ջրեր[խմբագրել]

Տնտեսական մեծ նշանակություն ունեն Տիգրիս և Եփրատ գետերը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Էլ-Քուռնա քաղաքի մոտ Տիգրիսը և Եփրատը միախառնվում են. և առաջացնում Շաա Էլ-Արաբը: Գետերը վարարում են գարնանը (հաճախակի են հեղեղումները), սակավաջուր են ամռանը և աշնանը: Ստորին Միջագետքում բազմաթիվ են ողողատային լճերը:

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]

Գետահովիտներում տարածված են ալյուվիալ, մնացած մասերում՝ շագանակագույն, տափաստանային մոխրագույն, կիսաանապատային հողերը: Հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններին բնորոշ են լեռնամարգագետնային հողերը: Իրաքի տարածքի մեծ մասը գրավում են տափաստանները, որոնք, հարավ-արևմուտքում փոխվում են կիսաանապատների և անապատների: Լեռնալանջերին գլխավորապես աճում են փշոտ թփեր: Միջլեռնային հովիտներում զարգացած է հողագործությունը: Գետերի ափերին աճում են բարդի, կարմրան, ուռենի, հարավում՝ փյունիկյան արմավենի: Կենդանական աշխարհը բազմատեսակ է, բայց ոչ հարուստ: Բնորոշ կենդանիներն են վիթը, վայրի էշը, շերտավոր բորենին, շնագայլը, ընձառյուծը: Կան սողունների շատ տեսակներ, կրծողներ, վնասատու միջատներ (մորեխ, կարիճ, մորմ):

Տնտեսություն[խմբագրել]

Իրաքը տնտեսապես թույլ զարգացած երկիր է: 1958-ի հատկապես 1968հուլիսի 17-ի հեղափոխությունից հետո Իրաքում ազգային արդյունաբերության զարգացման համար առաջադիմական վերափոխումներ կատարվեցին: Հատկապես մեծ նշանակություն ունեցավ «Իրաք Պետրոլեում քամփընի» նավթային ընկերության ազգայնացումը (1972հունիսի 1-ին), հետագայում ազգայնացվեցին նաև մյուս ընկերությունները: Այդ ընկերությունների բաժնետոմսերի 95 %-ը պատկանում էր անգլիական, հոլանդական, ամերիկյան և ֆրանսիական կապիտալին, 5%-ը՝ Գ. Կյուլպենկյանին: Նավթի արդյունահանման ու շահագործման անցումը Իրաքի ազգային նավթային ընկերությանը (ԻԱՆԸ), կառավարությանը հնարավորություն տվեց նավթից ստացվող եկամուտների զգալի մասը հատկացնել երկրի ինդուստրացմանը: Հանրապետական կարգերի տարիներին, Սովետական Միության տեխնիկա՜տնտեսական օժանդակությամբ, Իրաքում ստեղծվեցին արդյունաբերական մի շարք նոր ճյուղեր, մեքենաշինական, այդ թվում՝ Բաղդադի էլեկտրամեխանիկական, Իսկանդարիայի գյուղատնտական մեքենաշինության, դեղագործական, պարարտանյութերի գործարանները: ԽՍՀՄ օգնությամբ կառուցվել է 40 արդյունաբերական օբյեկտ: Զարգացան ցեմենտի, սննդի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արտադրությունը, ծխախոտագործությունը: Իրաքի պետական սեկտորը տալիս է արդյունաբերական արտադրանքի 70%-ը: 1970—1974-ին իրագործվեց երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանը, որի համար հատկացվել 100 մլն դինար;

Արդյունաբերություն[խմբագրել]

Իրաքի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Նավթի արդյունահանմամբ կապիտալիստական աշխարհում Իրաքը գրավում է 5-րդ, արտահանությամբ՝ 4-րդ տեղը (2013): Նավթաբեր հին շրջանների կողքին 1972-ին շարք մտավ Հյուսիսային Էր-Ռումայլան, որը շահագործման հանձնվեց սովետական և հունգարացի մասնագետների օգնությամբ: Նավթը արդյունահանվում և հիմնականում վերամշակվում է կառավարությանը պատկանող Էդ-Դաուրայի, Ալվանդի, Կիրկուկի, Հադիթի, Մուֆթիի և Կայյարի նավթազտիչ գործարաններում: Կառուցվել են մի շարք նավթամուղներ դեպի Տրիպոլի (Լիբանան), Բանիյաս (Սիրիա) և Ֆաո: 1975-ին արդյունահանվել է 111 մլն տ նավթ, արտահանվել՝ 107 մլն տ: 1972-ին ԼԺՀ օգնությամբ Միշրակում շահագործման հանձնվեց ծծմբի հարուստ հանքավայրը: ԽՍՀՄ աջակցությամբ կատարվում են նախապատրաստական աշխատանքները երկրի արևմտյան մասում ֆոսֆորիտների արդյունահանման համար: 1975-ին շահագործվեց Ֆելուջի ցեմենտի գործարանը: 1972-ից Բասրայում գործում է ազոտային պարարտանյութերի գործարանը: Տիրապետում են տնայնագործական ձեռնարկությունները և արհեստանոցները: Համեմատաբար խոշոր ձեռնարկություններն են Բաղդադի, Կուտ Էլ-Ամարայի և Մոսուլի տեքստիլ ֆաբրիկաները, Բաղդադի, Սերչենարի, Սամավայի ցեմենտի, Բաղդադի, էլ-Կուֆի կաշվի-կոշիկի, Ամարի և Մոսուլի շաքարի, Ռամադի ապակու գործարանները, Սուլեյմանիի սիգարետի ֆաբրիկան:

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը Իրաքի տնտեսության հիմնական ճյուղն է: Մինչև 1958հուլիսյան հեղափոխությունը Իրաքում տիրապետում էր ֆեոդալական հողատիրությունը: Բնակչության 5%-ը կազմող ֆեոդալների և ցեղապետների ձեռքում կենտրոնացված էր մշակելի հողատարածությունների 75%-ը: Գյուղացիների մոտ 80%-ը հողազուրկ էր: 1958-ին և 1970-ին կառավարությունն օրենքներ ընդունեց ագրարային ռեֆորմի վերաբերյալ: Այդ օրենքով հող ստացած գյուղացիները պարտադիր պետք է մտնեին կոոպերատիվի մեջ: Երկրում կան կոոպերատիվ հողօգտագործման տարբեր ձևեր: 1974-ին ցանքատարածությունները կազմել են 23 մլն դոնում (1 դոնումը = 0,25 հա): Պետական տնտեսությունների տնօրինության տակ են գտնվում 390 հազար, կոլտնտեսությունների՝ 04 Ոզ., դոոպ Ծրատիվր՝ 11 մլն դոնում հող: Երկրի հյուսիսում զարգացած է անջրդի հողագործությունը: Հողերի մնացած մասերը ոռոգվում են պոմպերի և ջրաշարժ անիվների միջոցով: Տարածված է էքստենսիվ գյուղատնտեսությունը: Ցանքատարածությունների 80%-ն զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները: Մշակում են գարի, ցորեն, բրինձ, բամբակ և ծխախոտ: Զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ:. Հարավային մուհաֆազներում աճեցնում են փյունիկյան արմավենի: Իրաքը աշխարհում առաջին տեղն է գրավում արմավենու ծառերի քանակով (30 մլն ծառ) և տալիս է արմավի համաշխարհային արտահանության 80%-ը: Անասնապահությամբ զբաղվում են լեռնային շրջանների բնակիչները, բեդվինները և քոչվորները:

Բնակչություն[խմբագրել]

     Շիա արաբներ      Սուննի արաբներ      Քրդեր      Ասորիներ      Եզդիներ      Թուրքմեններ

Իրաքը բազմազգ պետություն է. մեծ մասը արաբներ են, բնակվում են նաև քրդեր, թուրքմեններ, ասորիներ, հայեր և այլք։ Բաղդադից բացի, որը բարձրահարկ եվրոպական շինություններով ու լայն պողոտաներով ժամանակակից խոշոր քաղաք է, Իրաքի կարևոր արդյունաբերական, տրանսպորտային ու մշակութային կենտրոններ են Մոսուլը, Բասրան, Կիրկուկը, Ամարան, Ռամդին։

Տրանսպորտ[խմբագրել]

Երկաթուղիների երկարությունը 2528 կմ է (1970): Հիմնական ուղիներն են՝ Բաղդադ—Բասրա, Բաղդադ—Տել Կոչեկ: Սովետական Միության օգնությամբ վերակառուցվեց Բաղդադ—Բասրա երկաթուղագիծը: Բաղդադը ավտոճանապարհներով կապված է Թուրքիայի, Իրանի և Հորդանանի հետ: Նավարկելի են Շատ Էլ-Արաբ և Տիգրիս (մինչև Բաղդադ) գետերը: Խոշոր նավահանգիստներն են Բասրան՝ Շատ Էլ-Արաբի ափին, Ֆաոն՝ Պարսից ծոցի ափին: Օդանավակայաններ կան Բաղդադում (կառուցվել է Բուլղարիայի օգնությամբ), Բասրայում, Մոսուլում: Բաղդադը օդային ուղիղ գծով կապված է Մոսկվայի հետ: Նավթամուղների երկարությունը մոտ 3,7 հզ. կմ է (1975):

Արտաքին առևտուր[խմբագրել]

Իրաքի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է: Արտահանում է նավթ, նավթամթերքներ, ցեմենտ, կաշվի հումք, բուրդ, արմավ: Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, պարենամթերք, սև մետաղներ, տեքստիլ և քիմիական ապրանքներ, անտառանյութ: Առևտրական հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Շվեդիան, ԱՄՆ, Գերմանիան: Իրաքը արաբական երկրների «ընդհանուր շուկայի» անդամ է: Դրամական միավորը իրաքյան դինարն է:

Բժշկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել]

1967-ին Իրաքում ծնունդը կազմել է 1000 բնակչին 19,1, ընդհանուր մահացությունը՝ 4,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 16,2: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: Մահացության հիմնական պատճառները՝ ստամոքս՜աղիքային համակարգի վարակիչ հիվանդություններն են: Գոյություն ունեն ժանտախտի բնական օջախներ: 1970-ին գործել է 150 հիվանդանոց՝ 18,3 հզ. մահճակալով (2 մահճակալ 1000 բնակչին), աշխատել են 2,4 հզ. բժիշկ (1 բժիշկ 3,8 հզ. բնակչին), 309 ատամնաբույժ, 352 դեղագործ, 6,2 հզ. միջին բուժաշխատող: Բժշկական կադրեր են պատրաստում Բաղդադի համալսարանի բժշկական ֆակուլտետը, բժշկական ինստիտուտը, ստոմատոլոգիական 2 և դեղագործական մեկ քոլեջները: 1964-1965-ին առողջապահության ծախսերը կազմել են պետական բյուջեի 3,5%-ը:

Կրթություն[խմբագրել]

Մինչև 1958-ի հեղափոխությունը անգրագետ էր բնակչության շուրջ 90%-ը: 1959-ին ընդունվել է պարտադիր տարրական կրթության մասին օրենք: Ուսուցումն անվճար է: Կրթական համակարգի մեջ են մտնում մանկապարտեզները, տարրական, ոչ լրիվ միջնակարգ, լրիվ միջնակարգ դպրոցները: Կրոնի ուսուցումը պարտադիր է: Մասնագիտական ուսումնական հաստատությունները գործում են տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա: խոշորագույն ուսումնական հաստատություններն են՝ Բաղդադի (1958), Բասրայի (1967), Մոսուլի (1967), ալ-Հիկմա (1968), ալ-Մուսթանսիրիա (Բաղդադում) և Քրդական (Սուլեյմանիայում, 1968) համալսարանները: Խոշորագույն գրադարաններն են՝ Բաղդադի համալսարանին կից Կենտրոնական (1960), Իրաքի թանգարանի (1934), Ազգային (1955) գրադարանները Բաղդադում, Հանրային գրադարանը Մոսուլում (1930): Խոշորագույն թանգարաններն են՝ Իրաքի (1923), Արաբական հնությունների (1937), Ազգագրական (1941), Բնապատմական (1946), Ժամանակակից արվեստի (1963), Աբբասյանների պալատի (1935) թանգարանները Բաղդադում:

Գիտական հիմնարկներ[խմբագրել]

Գիտահետազոտական հիմնարկները ղեկավարում է բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը: Գլխավոր գիտական հիմնարկներն են՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովը, Գիտական հետազոտությունների կազմակերպությունը Իրաքի Գլխավոր Ակադեմիան (1947), Քրդական Գլխավոր Ակադեմիան (մշակում է քրդագիտական պրոբլեմներ) և համալսարանները:

Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն[խմբագրել]

Իրաքում լույս են տեսնում (1972) «Ալ-Զումհուրիա» (1963-ից), «Բաղդադ օբսերվեր» («Baghdad observer», 1967-ից), անգլիական կառավարական, «Աս-Սաուրա» (1967-ից) օրաթերթերը, «Ալ-Իրաք» (1976-ից) թերթը, Քրդստանի դեմոկրատական կուսակցության օրգան, «Ալիֆ-Բա» (1968-ից) շաբաթաթերթը, «Աս-Սակաֆա ալ-Զադիդա» (1969-ից) արաբական հասարակական-քաղաքական ամսագիրը, «Ալ-ֆիկր ալ-Ջադիդ» (1972-ից) շաբաթաթերթը և «Թարիկ աշ-Շաար» օրաթերթը (1974-ից). վերջին երեքը ԻԿԿ հրատարակություններ են: Իրաքի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1959-ին: Կա 10 ռադիոկայան: Հեռուստատեսությունը գործում է 1956-ից:

Գրականություն[խմբագրել]

Միջնադարյան արաբական գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բաղդադում: XIX—XX դդ. բանաստեղծներ Աբդալ-Մուհսին ալ-Քագիմին (1865—1935), Ջեմալ Աիդկի ազ-Զահավին (1863—1936) և Մաարուֆ առ-Ռուսաֆին (1875—1945) իրենց ստեղծագործություններում միահյուսել են լուսավորության և ազգային-ազատագրական պայքարի գաղափարները: XX դ. 20-ական թթ. ձևավորվեց նեոդասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ- Ջավահիրի, ծն. 1905, Մուհամեդ Սալիհ Բահր ալ-Ուլումի, ծն. 1911): Հետպատերազմյան շրշանում հանդես եկան բանաստեղծներ Աբդալ-Վահաբ ալ-Բայաթին, Աբդ ալ-Մաշիդ առ-Ռադին, Ռաշիդ ալ-Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը: Իրաքի գրականության մեջ առաջին անգամ պատմվածքի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերջին ստեղծագործությունները համակված են սոցիալիստական գաղափարներով: 50-ական թթ. կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբդել-Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս-Մակկար և ուրիշներ): Իրաքում կա նաև քրդերեն գրականություն:

Արվեստ[խմբագրել]

Իրաքը հարուստ է ճարտարապետական կոթողներով, որոնք պատկանում են նրա տարածքում գոյություն ունեցող տարբեր քաղաքակրթությունների՝ Ուբայդի, Ուրուկի և Ջամդաթ-Նասրի (մ. թ. ա. IV հազարամյակ), բաբելա-ասուրական, պարթևական և սասանյան մշակույթներին: Բաբելոնում, Ուրում, Նինվեում, Հատրայում, Տիզբոնում և այլուր պահպանվել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ: VII դարից Իրաքը զգալի դեր է խաղացել արաբական ճարտարապետական զարգացման գործում: Որոշակի հատակագծով կառուցվել են Բասրա, Կուֆա (VII դ.), Վասիտ և Բաղդադ (VIII դ.) քաղաքները: Կաֆայում, Բաղդադում, Ուքայդիրում և Մամարայում կառուցվել են խալիֆաների պալատներ, այգիներով, բնակելի շենքերով ու պարիսպներով, տարբեր վայրերում՝ ամրոցներ, մեդրեսեներ, իսկ Բաղդադում, Բասրայում, Նաշաֆում, Քերբելայում, Կազիմայնում, Մամարայում, Մոսուլում և այլն՝ մինարեթներով մզկիթներ, հատկապես նշանակալից է Մամարայի ալ-Մալվիտա պարուրաձև մինարեթը: XX դ. ազգային-ազատագրական շարժումը և 1958-ի հեղափոխությունը նպաստեցին նոր ճարտարապետության զարգացմանը: Վերակառուցվում են Բաղդադը, Մոսուլը, Բասրան: Ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ է միջազգային ստանդարտի ներդաշնակումը տեղական բնակլիմայական պայմաններին, նաև հատակագծման ու դեկորի ավանդական ձևերի կիրառումը (ներքին բակեր, զարդաճաղեր, տեղական տիպի երկհարկ բնակելի շենքեր): Աբբասյանների շրջանից պահպանվել են որմնանկարների պատառիկներ, արհեստական մարմարի քանդակազարդումներ: XII—XIV դդ. ծաղկել է գրքի մանրանկարչությունը:

Երաժշտություն[խմբագրել]

Իրաքի երաժշտությունը արաբական երաժշտական արվեստի ճյուղերից է: ժողովրդական և ավանդական պրոֆեսիոնալ երաժշտությանը բնորոշ է զարգացած լադային համակարգը: Երաժշտական գործիքներից են՝ ուդ, ռաբաբ, գիջակ, կանուն, նայ, դուֆֆ ե այլն: ժողովրդական երգերից տարածված է ատաբա ժանրը (բողոքի երգեր): Երաժշտական կադրերը կրթվում են Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (1940): 1971-ին ստեղծվել է Ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտոր Ահմեդ ալ-Խալիլը, երգչուհի Լամիա Թաուֆիկը, երգիչ Ռիդա Ալին, նվագածու Հասան Ռաջաբը և ուրիշներ: Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու Փորձեր են արվել XX դ. 20-ական թթ.: 1931-ին սիրող ռեժիսոր սակի աշ-Շիբլին կազմակերպել է առաջին պրոֆեսիոնալ անսամբլը և ժողգործիքների նվագախումբը: 1935-ին նման կոլեկտիվներ ստեղծվել են նաև Բասրայում և Մոսուլում:

Թատրոն[խմբագրել]

Իրաքում չկա մշտական պրոֆեսիոնալ թատրոն, և Բաղդադի Գեղեցիկ արվեստների ակադեմիան ավարտած դերասանները հանդես են գալիս ռադիոյով, հեռուստատեսությամբ, կաբարեներում: Ավելի մասսայական են մակամ-ասմունքողների ելույթները: Նշանավոր ասմունքողներից են՝ Մուհամեդ Կուբանչին, Մալիմա Մուրադը, Աֆիֆա Իսկանդերը: Կինեմատոգրաֆիայի զարգացումն սկսվել է 1940-ական թթ. կեսից: Թողարկվել են «Մաիդ էֆենդի», «ճակատագրի ձեռքը», «Գիշերային պահակ», և այլ ֆիլմեր: 1959-ին հիմնադրվել է կինոյի և թատրոնի համընդհանուր կազմակերպություն: Տարեկան թողարկվում են 1-2 լիամետրաժ և 8—10 կարճամետրաժ ֆիլմեր: Երկրում գործում է 117 կինոթատրոն (1971):

Հայերը Իրաքում[խմբագրել]

Հայ-իրաքյան առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից, երբ ներկայիս Իրաքի տարածքում (Միջագետք) կային հայկական գաղթավայրեր, որոնք մարդաշատ չլինելով, երբեժն-երբեմն աշխուժացել են պատմական նպաստավոր պայմաններում: Աբբասյան խալիֆայության շրջանում (VIII—XIII դդ.) բարգավաճել է հատկապես Բաղդադի հայ համայնքը: Հաշվի առնելով Բասրայում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը, 1222-ին հիմնվել է հոգեոր թեմ: Սակայն հայ գաղութը սկսել է ստվարանալ XVII դ. սկզբին, երբ Իրաք են եկել շահ Աբբասի բռնագաղթով տեղահանված և Թուրքիայից՝ ջալալիներից հալածված բազմաթիվ հայեր: Հետագայում իրաքահայ համայնքը համալրվել է ի հաշիվ առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքներից փրկված հայ տարագիրների: 1920-ական թթ. սկզբին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հզ. հայ գաղթական: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ Իրաքից, մի մասն էլ հայրենադարձվեց (1947-1948) Սովետական Հայաստան: Այժմ (2015) իրաքահաերի թիվը մոտ 25 հզ. է. շուրջ 19 հզ. բնակվում է Բաղդադում, 3 հզ.՝ Բասրայում, մնացածը՝ Մոսուլում, Կիրկուկում, Խանաքինում, Հաբբանիայում: Նրանք հիմնականում զբաղվում են սանտրով և արհեստներով (փականագործներ, դարբիններ, մեխանիկներ, դերձակներ ե այլն), կան նաև բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, պետական ծառայողներ: Իրաքահայ համայնքը ղեկավարում են Առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգային կալվածքները վերահսկող, եկեղեցական հանձնաժողովները: Իրաքում հայկական կուսակցություններից միայն իր գործունեությունն է ծավալում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Առաջին հայերեն հանդեսը՝ «Փունջ»-ը, Իրաքում լույս է տեսել 1890—1892-ին՝ Բաղդադում հիմնված (1874) հայկական տպարանում, այնուհետև՝ «Տիգրիս», «Գոյամարտ» (1948—1959) հանդեսները: Իրաքում գործում է 2 հայկական եկեղեցի (Բաղդադում և Բասրայում), իրաքահայ թեմը էջմիածնական է: Գործող 5 հայկական դպրոցներում (Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում), պետական հրահանգի համաձայն, միայն հայոց լեզուն և կրոնն են դասավանդվում հայերեն: Իրաքահայ հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում են ՀԲԸՄ իրաքյան մասնաճյուղը (1911-ից), Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) են: Գործում են «Կոմիտաս» երգչախումբը և ինքնագործ այլ խմբեր:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Արտաքին հղումներ[խմբագրել]