Շոտլանդացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոտլանդացիներ, ազգ։ Բնակվում են Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային կեսում և կից կղզիներում։ Թիվը Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 5,2 միլիոն (1979)։ Հաճախ շոտլանդացիների թվին են դասում երկրի լեռնային շրջանների կելտալեզու բնակչության հետնորդներ գելերին։ Շոտլանդացիները բնակվում են նաև ԱՄՆ-ում (250 հազար), Կանադայում (200 հազարից ավելի), Ավստրալիայում (150 հազարից ավելի), Նոր Զելանդիայում (50 հազարից ավելի)։ Խոսում են անգլերենի բարբառով, գրական լեզուն անգլերենն է։ Կրոնով մեծ մասամբ բողոքականներ են (պրեսբիտերականներ), մոտ 15%-ը՝ կաթոլիկներ։ Շոտլանդացիների էթնիկական հիմքը կազմել են պիկտերի տեղական և 5-6-րդ դարերում Իռլանդիայից տեղափոխված սկոտների կելտական ցեղերը։ 7-րդ դարում նրանք մասամբ խառնվել են Շոտլանդիա եկած անգլերի ու սաքսերի գերմանական ցեղերին, ընդունել նրանց լեզուն։ Շոտլանդական ժողովուրդը ձևավորվել է շոտլանդական պետության կազմավորման (11-րդ դար) և անգլիացի նվաճողների դեմ պայքարի պայմաններում։ Շոտլանդիայի քաղաքական միավորումը Անգլիայի հետ (18-րդ դար) և անգլիական կառավարության՝ շոտլանդացիների հանդեպ վարած համաձուլման քաղաքականությունը չհանգեցրին շոտլանդացիների ձուլմանն անգլիացիներին։ Ավանդական մշակույթի և կենցաղի հիմնական գծերով շոտլանդացիները մոտ են իռլանդացիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png