Շվեյցարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի Համադաշնություն
Schweizerische Eidgenossenschaft
Շվեյցարիայի դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Swiss Psalm
Շվեյցարիայի դիրքը
Մայրաքաղաք Բեռն
Ամենամեծ քաղաք Ցյուրիխ
Պետական լեզուներ գերմաներեն
ֆրանսերեն
իտալերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 41,285 կմ² 
 -  Ջրային (%) 4.2
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 7,507,000 
 -  2000 մարդահամարը 7,288,010 
 -  Խտություն 182 /կմ² 
100 /մղոն²
Դրամական միավոր Շվեյցարական ֆրանկ (CHF)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ch
Հեռախոսային կոդ +41

Շվեյցարիա (՝գերմ.՝ Schweiz, ֆր.՝ Suisse, իտալ.՝ Svizzera, ռոմանշ.՝ Svizra), պաշտոնական անվանում՝ Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։

Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ։ Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։

Անվանում[խմբագրել]

Աշխարհագրություն[խմբագրել]

Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում՝ Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը։ 

Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին։ Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ)։ Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով։ Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը՝ Արե վտակով, Ռոն , Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե , Նևշատելյան։  

Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը։ Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը։ Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային։

Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսը, քարայծը, ալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ։

Պատմություն[խմբագրել]

Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից։ Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները  վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը։ Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին։ Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում՝ ֆրանսիացիներ, հարավում՝ իտալացիներ։ 

Շվեյցարիան՝ որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները։ XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն։ Նրա կազմի մեջ մտնում  է 23 կանտոն։ 

1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին։ Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ։ Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը։ 

Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը՝ ֆրանսիացիներ, 7,6%-ը՝ իտալացիներ։

Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը։ 

Տնտեսությունը[խմբագրել]

Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով։ Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից։ Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է։ Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը։ Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է)։ 

Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնաբուծությունն է, ինչը պայմանավորված է երկրում հրաշալի արոտավայրերի ու մարգագետինների առկայությամբ։ Անասնաբուծության արտադրանքը կազմում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի 80 %-ը, որի մի մասն արտահանվում է։ Շվեյցարիայի ոչ լեռնային շրջաններում հնարավոր չէ գտնել անմշակ հողակտոր։ 

Շվեյցարիան Եվրոպայի և ամբողջ աշխարհի բանկիրն է։ Ավանդների գաղտնիության երաշխիքը և չեզոք երկրի կարգավիճակը դեպի Շվեյցարիայի բանկերն են ձգում բազմաթիվ երկրների դրամական կապիտալը։ Այստեղ գործում են բազմաթիվ ազգային ու միջազգային բանկեր, որոնք գործարքներ են կատարում տարբեր պետությունների, բազմաթիվ արդյունաբերական, առևտրական ֆիրմաների, ընկերությունների հետ և համարվում են կայուն ու հուսալի ֆինանսական հաստատություններ։ Այստեղ են գտնվում նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (Ժնև), Միջազգային օլիմպիական կոմիտեն (Լոզան) և այլն։

Մեծ է շվեյցարացիների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում. Ի. Մայերը կազմել է Շվեյցարիայի առաջին աշխարհագրական ատլասը, իսկ երկրաբան Օրաս Սոսյուրն առաջինն է հետազոտել Ալպերը։ Մեծ ճանաչում ունեն շվեյցարացի մանկավարժ Իոհան Պեստալոցցիի աշխատանքները։

Հանրահայտ են նաև գրող-դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթը, կոմպոզիտոր Հանս Հուբերը և ուրիշներ։