Saving page now... https://armtimes.com/hy/article/135747 As it appears live September 19, 2020 2:36:44 AM UTC

«Զենքդ դիր, մերժիր Սերժին». ցուցարարները վանկարկելով դիմեցին ոստիկաններին. թարմացվող

18:00 - Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորում է հավաքվել հրապարակի կլոր «գորգի» վրա, որպեսզի չխոչընդոտվի ավտոմեքենաների երթեւեկությունը: Իսկ ինքը, շարունակ դիմելով անցնող մեքենաների վարորդներին, հնչեցնում է այսօր շրջանառության մեջ դրած նոր կարգախոսը՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»:

Ազդանշանները դրանից հետո չեն ուշանում եւ կառավարության նիստը փաստորեն, անցնում է գրեթե չընդհատվող ազդանշանների աղմուկի ուղեկցությամբ:

Կառավարության շենքում այս պահին ընթանում է նիստ, որը վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ վարում է Սերժ Սարգսյանը: Ցուցարարները նոր կարգախոսով դիմեցին նաեւ ոստիկաններին՝ վանկարկելով. «Զենքդ դիր, մերժիր Սերժին»: Փաշինյանն ասում էր, որ ոստիկանների հետ կռիվ ու պայքար չունեն: Եվ արձագանքելով ոստիկանների միահամուռ վանկարկումին, թե ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Փաշինյանը նկատեց, որ իրենք նույնպես առաջարկում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ կոռուպմացված Սերժ Սարգսյանին:

«Ինչու եք պաշտանում Սերժ Սարգսանին, որ շաբաթ-կիրակի գնաք, ցեմենտ-բետոն անեք, որ հինգ հազար դրա՞մ աշխատեք»- ոստիկաններին ասաց պատգամավոր Փաշինյանը: Նա հերթական անգամ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնելու է ոստիկանական պատնեշի ետեւից: 

17:40 - Րոպեներ առաջ Երեւանի քաղաքապետարանի հարակից այգուց ցուցարարները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենք, որտեղ այս պահին ընթանում է կառավարության նիստը, որն առաջինն է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո:

Ցուցարարներն անցան Վազգեն Սարգսյան փողոցով, որտեղ տեղակայված են կառավարական երրորդ շենքը՝ մի քանի նախարարություններով, ՀՀ գլխավո դատախազությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը: Նշված շենքերի երկայնքով կանգնած են ոստիկանները՝ մահակներով եւ վահաններով: «Մեր կռիվը ձեզ հետ չէ, տղերք ջան, բարի ծառայություն ձեզ»,- ոստիկանների կողքով անցնելիս ասաց ցուցարարներից մեկը:

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում նաեւ կառավարության գլխավոր մասնաշենքում: Նրանց թիվը բավական մեծ է: Հավաքի մասնակիցները ահսել են կառավարության շենք: 

Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ եկել են Սերժ Սարգսյանին ասելու, որ ժողովուրդը զզվում է նրանից, որ դա խամաճիկային նիստ է եւ որ Սերժ Սարգսյանը կառավարական շենքերում անելիք չունի:

Ցուցարարները բռնել են նաեւ Սերժ Սարգսյանի՝ շրջանակի մեջ առնված նկարը, որը ցերեկվա ընթացքում պոկվել է պետական մարմիններից մեկի պատից եւ պահում են շրջած վիճակում:

16:21- Տպավորիչ երթից հետո ցուցարարները Մանկական զբոսայգում (Կոմայգի) քոչարի էին պարում: Հիմա էլ գործնագործ են խաղում:

14:51 - Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ մեկ ժամով տեղափոխվում է գրասենյակ՝ հանդիպման, ապա կվերադառնա: Նա խնդրեց ցուցարարներին մնալ զբոսայգում:

14:05 - Ցուցարարներն այս պահին գտնվում են Մանկական զբոսայգում (Կոմայգի): Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին բերման ենթարկելը բացատրեց ցուցարարների հանդեպ սիրով, քանի որ ոստիկաններն այդպիսով թույլ են տալիս բերման ենթարկվածներին մի քանի ժամ հանգստանալ:

13:53- «Սինոփսիս» ընկերության աշխատակիցները ավտոերթով միացել են ցուցարարներին:

13:50- Ցուցարարներն անցնում են հաղթանակ կամրջով:

13:27- Ցույցի  մասնակիցները շարունակում են քայլել Իսակովի պողոտայով՝ երկկողմանի փակելով երթեւեկությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կշարունակեն քայլել եկկողմանի փակելով պողոտան այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր բերման ենթարկվածներն ազատ չեն արձակվել: Եթե ազատ արձակվեն, իրենք կքայլեն երթեւեկելի 1 գոտով:

13:08- Ցուցարարները փակել են Իսակովի պողոտան ու քայլում են դրանով: Ավտոմեքենաների վարորդները ողջունում են Նիկոլ Փաշինյանին եւ մյուս ցուցարարներին:

13:02- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ի պատասխան ոստիկանության գործողությունների, որ բերման են ենթարկում քաղաքացիներին, նաեւ որպես պահանջ, որ բոլորին ազատ արձակեն, Իսակովի պողոտան երկկողմանի փակ է լինելու:

12:56- Ցույցի մասնակիցները թարս բռնած տանում են Սերժ Սարգսյանի լուսանկարը: Դրա վրա սեւ ժապավեն կա:

12:38- «Մենք խումբ ունենք, որը զբաղվում է բերման ենթարկվածներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բերման ենթարկվածների համար չանհանգստանան:

Փաշինյանը նաեւ նշեց, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկությունները փոխանցեն Արայիկ Հարությունյանին 093 39 40 90 հեռախոսահամարով:

12:32- Նիկոլ Փաշինյանը նստել է Բագրատունյաց պողոտայի կենտրոնում:

12:25- Ցուցարարները Գարեգին Նժդեհի հրապարակում են:

12:09- Ցուցարարները «Երրոդ մասի շուկայի» մոտ են:

1:54- Ցուցարարները շարունակեցին երթը Երեւան մոլի մոտից:

11:52- Ցուցարարները հասել են Երեւան մոլ: Կարմիրբերետավորները փակել են մուտքը, ինչպես փակել էին Փեթակ առեւտրի կենտրոնի մուտքը:

11:41- Ցուցարարները երթի ժամանակ թարս բռնած տանում են Սերժ Սարգսյանի լուսանկարը:

11:37- Փաշինյանը դուրս եկավ Փեթակ առեւտրի կենտրոնից: Նա նշեց, որ առեւտրի կենտրոնը ծափերով է ողջունել իրենց: Փաշինյանը նաեւ սուջուխ էր գնել:

Ցուցարարները շարունակում են երթը Փեթակ առեւտրի կենտրոնի մոտից:

11:26- Նիկոլ Փաշինյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ մտավ Փեթակ առեւտրի կենտրոն:

«Գնամ սուջուխի հարցը լուծեմ,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրատվամիջոցներին թույլ չտվեցին մուտք գործել:

11:21- Նիկոլ Փաշինյանի նոր հումորային կարգախոսը.

«Սուջուխ առ, մերժիր Սերժին»,- վանկանրկում է նա:

Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Փեթակ առեւտրի կենտրոնի մոտ են: Ոստիկանները փակել են մուտքերը:

11:16- Ցուցարարները Փեթակ առեւտրի կենտրոնի մոտ են.

«Հիմա եթե ոստիկանական լրացուցիչ ուժեր բերեն դեպի Փեթակ կենտրոն, կոչ եմ անում բոլորիդ շրջափակել կառավարական շենքերը եւ Երեւանի բոլոր կենտրոնական փողոցները: Եթե ոստիկանական լրացուիցչ ուժեր բերեն, կոչ եմ անում շրջափակել կառավարական շենքերը, հնարավորության դեպքում ներս մտնել ու հայտարարել նստացույց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

11:06- Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու անձինք ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին՝ հենց ոստիկանների աչքի առաջ: Մեր զրույցում Մուրադյանն ասաց, որ ծեծի հետեւանքով գլխի սալջարդ է ստացել տեղափոխվել է հիվանդանոց: Մուրադյանը ծեծի է ենթարկվել իր մասնագիտական գործունեությունը կատարելիս, եղել է լրագրողական բեյջով:

11:05- Փեթակ առեւտեւի կենտրոնի մոտ լարված իրավիճակ է: Կարմիրբերետավորները փակել են մուտքը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մտնի ու առեւտուր անի:

Երբ ցուցարարները մոտեցել էին առեւտրի կենտրոնին, ցանկապատերը փակ էին եղել, Փաշինյանը ցուցարարների հետ միասին անցել էր ցանկապատի վրայով:

10:55- Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու:

10:43- Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցույցի մասնակիցները A4 ֆորմատի թղթի վրա գրեն. «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», ու այդ թղթերով կանգնեն մայթեզրերին, որպեսզի ոստիկանները իրավախախտում չտեսնեն:

10:32- Երթով շարժվող ցուցարարները քայլում են Երեւանի փողոցներում, Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտնեց, որ բոլոր այն վարորդները, որոնք դեմ են Սերժին, անցնելիս կարող են ձայնային ազդանշան տալ: Մի քանի մեքենաների ազդանշաններից հետո, ցուցարարները սկսեցին նոր կարգախոս վանկարկել՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»: Փողոցում ընթացող բոլոր մեքենաներն անցնում են ձայնային ազդանշաններով:

Ցուցարարներին մի շարքով ուղեկցում են ոստիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անմիջական հսկողությամբ, նրանք քայլում են ցուցարարների հետ միասին:

10:25- Ցույցի մասնակիցները անակնկալ կերպով փոխեցին երթի ընթացքը՝ ազատելով կառավարության երրորդ մասնաշենքն ու երթով սկսեցին առաջ շարժվել: Նրանք անցնում են Վերնիսաժով, ողջունելով այնտեղ աշխատողներին:

9:56- Ոստիկանական գործողությունների հետեւանքով վնասվել է ցուցարար աղջիկներից մեկի քիթը, արյունահոսությունը գրեթե կես ժամ չեր հաջողվում կտրել, ինչի պատճառով շտապ օգնություն կանչվեց: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում աղջիկը պատմեց, որ հարված է ստացել ոստիկանի կողմից՝ ծնկով: Մոտեցավ նաեւ Վալերի Օսիպյանը, նշեց, որ նման ոստիկանը տեղ չունի համակարգում, այնուհետ նշեց, որ հավածը անկանոն շարժումների հետեւանքով է եղել, այլ ոչ դիտավորություն:

9:50- Ոստիկանական կենդանի արգելապատնեշի հետեւից Նիկոլ Փաշինյանը խոսեց ոստիկանների հետ, նշեց, որ իր ծանոթներից մեկի տան վերանորոգման աշխատանքները հերթապահւթյունից հետո կատարում էր կարմիր բերետավոր մի ոստիկան, ուրեմն ի՞նչ կարիք կա ոչ կայուն աշխատավարձով ու առանց ապահովության կատարել ոստիկանի աշխատանքը, եթե հետո ցեմենտ-բետոնի գործով պետք է տուն պահի: Նշեց, որ ոստիկանների ընտանիքները, թերեւս, եւս չեն աջակցում այս իշխանություններին ու ոգեւորված չեն վարչապետից: Նա հորդորեց միանալ ոստիկաններին իրենց շարժմանը: Ի պատասխան, հաառակ կողմի ոստիկաններից մի քանիսը հայտարարեցին, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:

9:30- Ոստիկանական միկրոավտոբուսի հեռանալուն պես, ոստիկանական մեծաքանակ ուժերը շրջափակեցին կառավարական երրորդ մասնաշենքի մուտքը, այն ազատեցին ցուցարարներից ու աշխատակիցները սկսեցին մտնել շենք, իսկ մտնելուց հետո վերեւի հարկերի պատուհաններից հետեւում էին ցույցին, ներքեւում «ամոթ» էին վանկարկում ցուցարարները:

Բերման ենթարկվածների թվում է ՔՊ-ից Մարիամ Անանյանը, ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, որին բերման ենթարկեցին մեծ դժվարությամբ, գրեթե խցկելով նրան մեքենայի մեջ, որից նա շարունակ դուրս էր փորձում գալ, ինչպես նաեւ 2 այլ ակտիվիստ:9:15- Վալերի Օսիպյանի մոտենալուց հետո ցուցարարը դուրս բերվեց մեքենայի տակից, շենքն ամբողջությամբ շրջափակված է ոստիկանության զորքերի ծառայողներով՝ վահաններով ու սաղավարտներով զինված: Ոստիկանական մեքենան արդեն շարժվեց, ներսում ընդամենը 3-4 ցուցարարներ էին մնացել, նրանց տեղափոխեցին բաժին:

9:11- Շարունակվում է լարված իրավիճակը կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ Դավիթ Սանասարյանի պահած թեւում: Մոտեցել է Վալերի Օսիպյանը, բերման ենթարկվածներով լի մեքենային այդպես էլ չեն թույլ տալիս հեռանալ:

8:59- Երրորդ մասնաշենքի մյուս մուտքի մոտից, առաջին շարքում նստած խաղաղ ցուցարարներին, այդ թվում ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին բռնի ուժով, քաքշելով հեռացրեցին տարածքից ու հերթով տեղափոխեցին ոստիկանական միկրոավտոբուսը: Մյուս ցուցարարները փակել են միկրոավտոբուսի ճանապարհն ու չեն թողնում վերջինիս անցնել: Ոստիկանները մեկ հեռացնում են դիմացի ցուցարարներին, մեկ փորձում տեղափոխել մեքենան: Ոստիկանական մեքենայի տակ ուսանող է մնացել, քշում են նրա վրայով:

Կառավարական երրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ, ունի մի քանի մուտքեր, մուտքերից մեկով, որը չի հսկվում, աշխատակիցները մտնում են շենք:

8:52- Կարմիր բերետավորները ցուցարարներին հրելով բերեցին առաջ, նրանց հերթով տեղափոխում էին, նրանց մի քանի մետր առաջ տանելուց հետո թիկունքի ոստիկանները իրար թեւից բռնելով պատ կազմեցին մասնաշենքի մուտքի մոտ: Ցուցարարներից մեկին տարան անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ բերման ենթարկեցին:

Մի քանի ոստիկաններով տարածքից հեռացրին Նիկոլ Փաշինյանին, թեեւ նա անձեռնմխելիություն ունի ու չի կարելի սահմանափակել նրա տեղաշարժը:

8:41- Կառավարական երրորդ մասնաշենքում են տեղակայված գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունները: Նախարարությունների աշխատանքը սկսվում է ժամը 9-ից: Աշխատակիցներից մեկը մոտեցավ մուտքին, սակայն չկարողացավ անցնել, ոստիկանները փորձեցին նրան ուղեկցել մեկ այլ մուտքով:

8:31- Ցուցարարները հասել են կառավարական երրորդ մասնաշենքին, այնտեղ ուժեղացված ոստիկանական հսկողություն է:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց ծափերով ողջունել ոստիկաններին ու նշեց, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ չէ, պարզապես ցանկանում են գրավել կառվարաան երրորդ մասնաշենքը, որպեսզի այնտեղ չկարողանան մուտք գործել աշխատակիցներ:

Գրեթե բոլոր գերատեսչությունների մոտ ոստիկանական հսկողություն է:

8:25- Երեւանի կենտրոնից արդեն իսկ մեկնարկել են ցույցերի յոթերորդ օրվա անհնազանդության խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը հրապարակում բանակցում էր Վալերի Օսիպյանի հետ, այնուհետ հայտարարվեց, որ այսօր գրավվելու են ավելի շատ թվով կառավարական շենքեր:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Թանկյանի հետ, ով լիովին աջակցում է այս ցույցին ու հանրահավաքներին: Այժմ բազմությունը շարժվում է փողոցներով՝ փակելու համար գերատեսչական շենքեր:

Նշվեց նաեւ, որ երեկվա հայտարարություններից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանին հասած լուրերի, կառավարության այսօրվա անդրանիկ նիստը, որը վարելու էր Ս. Սարգսյանն ու որը տեղի էր ունենալու ժամը 12:00-ին, տեղափոխվել է ժամը 17:00:

Տպել
6970 դիտում

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Աշնանացանի համար նպաստավոր տարի է, սակայն գյուղացիները ոչ միշտ են կարողացել գտնել մատակարարներին

Մայր Տաճարը վերականգնող ճարտարապետները բացահայտել են 4-5-րդ դարերի կղմինդրածածկի շարվածքի տեխնոլոգիան

Արթիկում 440 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ փողոցը նորոգվում է տուֆով. ծրագրի արժեքը 41 մլն 232 հազար դրամ է

Ինչպես է վերականգնվում համաշխարհային տնտեսությունը համաճարակից հետո. կանխատեսումներ եւ իրականություն

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին

Ականի պայթյունի հետևանքով Ճամբարակի ԱԿ հոսպիտալացված զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան

Բարձրաշենի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ կբարեկարգվի

Սեպտեմբերի 18-ից 22-ը փակ կլինի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարզումները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Հրազդանում նախատեսվում է սանիտարական աղբավայր կառուցել. հանդիպել են Ռոմանոս Պետրոսյանն ու տիկին Ահլամ ԱլՍալամին

Սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

Ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման. ԱԳ նախարարի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Այնթապ գյուղի կամրջի տակ քաղաքացին փամփուշտ և զենք է թողել (տեսանյութ)