ՀԱՅ     РУС
Որոնում


Օգտագործվող և պարապուրդի մատնված մարզադաշտեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
Օգտագործվող և պարապուրդի մատնված մարզադաշտեր
10:11 30.04.2010

Հայտնի է, որ մայիսի 1-ից «Հանրապետական» մարզադաշտում անցկացվող բոլոր հանդիպումները սկսվելու են ժամը 20.00-ին։ Բնականաբար հարց է ծագում, թե ինչու միայն այս մարզադաշտում են հանդիպումները սկսվելու երեկոյան։֊ Կարծում ենք պատասխանն էլ ավելի քան պարզ է. ՀՀ ազգային առաջնությունը հյուրընկալող մարզադաշտերից լուսավորության համակարգ է գործում միայն «Հանրապետական» ու «Հրազդան» մարզադաշտերում, որից միայն առաջինն է գտնվում ՀՖՖ ենթակայության տակ։


Ընդհանուր առմամբ հետաքրքիր է, թե ինչ մարզադաշտերում են անցկացվում մեր առաջնության հանդիպումները։ Ստորև ներկայացվող նյութը բոլորովին կապ չունի խաղերի գնահատականների հետ. այսօր մենք կխոսենք բուն ստադիոնների, նրանց ենթակառուցվածքների և դրանց հետ առնչվող այլ խնդիրների մասին:


2010թ. մարտի 27-ին 19-րդ անգամ մեկնարկեց Հայաստանի առաջնությունը, և մասնակից ութ թիմերը հերթական անգամ սկսեցին իրենց պայքարը հայկական մարզադաշտերում: Հայաստանում սեփական մարզադաշտի խնդիր կա: Դա միանշանակ է: Մեր երկրում առանց այն էլ քիչ են ստադիոնները, ավելի քիչ են մասնավոր սեփականություն համարվողները, ընդամենը` մի քանի հատ: Արտասահմանում էլ կան ստադիոններ, որոնք սեփականություն չեն համարվում: Մասնավորապես Իտալիայում ակումբներից շատ-շատերը սեփական մարզադաշտեր չունեն:

 

Գրեթե բոլորը գիտեն, որ Հռոմի «Ստադիո Օլիմպիկոն» քաղաքային իշխանություններից վարձակալում են «Ռոման» և «Լացիոն», նույնը Միլանում է, որտեղ «Ինտերն» ու «Միլանը» «կիսում» են «Սան Սիրոն»: Եվ պատահական չէ, որ այդ վարձը քաղաքային իշխանություններին տալու փոխարեն ակումբները ցանկանում են կառուցել սեփական կառույցները: Նման տարբերակներն Իտալիայում շատ են, իսկ, օրինակ, Իսպանիայում, Անգլիայում, Գերմանիայում ստադիոններից շատերը ակումբների սեփականությունն են:
Բայց չարժե թվարկել բոլորի անունները, ավելի լավ է խոսենք մեր ստադիոններից: Հայկական ակումբներից շատերն էլ չունեն սեփական մարզադաշտեր: Հայաստանում ամենաբարձրակարգ ստադիոնը, որն ունի նորմալ ենթակառուցվածք և շատ հարմարավետ է ֆուտբոլ դիտելու համար, Վազգեն Սարգսյանի անվան «Հարնապետական» մարզադաշտն է, որը տեղավորում է մոտ 15 հազար հանդիսական: Այս ստադիոնը ՀՀ առաջնության հանդիպումներն անցկացնելու համար ներկա պահին վարձակալում են երկու ակումբներ` մայրաքաղաքը ներկայացնող «Փյունիկն» ու «Բանանցը»:

 

Երկուսն էլ ունեն մարզաբազաներ, կայացած մանկապատանեկան դպրոցներ, սակայն սեփական մարզադաշտեր դեռ չունեն: Ավելի ճիշտ` ունեն, բայց դրանք պատշաճ մակարդակ չունեն խաղեր ընդունելու համար: «Բանանցը» դեռևս կառուցում է իր ստադիոնը` մարզաբազայի շրջանակներում: Մեր տեղեկություններով` արդեն սկսվել են նույնիսկ ծածկի աշխատանքները: Հավանաբար, հաջորդ տարի սեփական հարկի տակ հանդիպումները «Բանանցը» կանցկացնի իր ստադիոնում, և սա կնպաստի, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ֆուտբոլասեր հանրությունը հնարավորություն ստանա ֆուտբոլ դիտել սեփական համայնքի տարածքում:

 

Ստադիոն ունի նաև «Փյունիկը»: «Նաիրի» մարզադաշտը պատկանում է չեմպիոնին, բայց այն լուրջ խնդիրներ ունի: «Նաիրին» հին մարզադաշտ է, ներկա պահին` շատ անհրապույր, և տրիբունաներն էլ ամենևին անվտանգ չեն: Մոտ երկու տարի առաջ տրիբունայի մի հատվածը վնասվեց, և այժմ այն անկարող է ապահովել ֆուտբոլասերների անվտանգությունը: Ֆուտբոլային առումով էլ այս ստադիոնը բոլորովին գրավիչ չէ, քանի որ միակ տրիբունայի դիմաց դատարկություն է, իսկ քիչ այն կողմ` բնակելի շենքեր, իրենց լվացքի պարաններով և կիզիչ արևի տակ չորացող հագուստներով, որոնք չեն ապահովում ֆուտբոլային մթնոլորտը: Որոշ ժամանակ առաջ փորձ արվեց այս ստադիոնը միջազգայնացնել, սակայն հարակից տարածքներում բազմաթիվ բենզալցակայանների առկայությունը լուրջ խնդիր էր դա իրագործելու համար, ու թերևս սա է պատճառը, որ «Փյունիկը» այս մարզադաշտի հետ լուրջ հույսեր չի կապում: Միակ տարին, երբ չեմպիոնը այստեղ մի շարք խաղեր անցկացրեց, 2008 թվականն էր, քանի որ «Հանրապետականում» փոխվում էր խոտածածկը: Ինչևէ, «Հանրապետական» ստադիոնը մնում է մեր երկրի ամենահրապուրիչ մարզադաշտը և ֆուտբոլասերները հաճույքով են գալիս այստեղ` ֆուտբոլային հանդիպումներ դիտելու: Ի դեպ, «Փյունիկը» և «Բանանցը» այս ստադիոնում միայն խաղում են, իսկ մարզումներն անց են կացնում իրենց մարզաբազաներում:

 

Սեփական ստադիոն ունի «Միկան»: Ակումբի հովանավոր Միխայիլ Բաղդասարովը ժամանակին գնեց «Արաքս» մարզաբազան, որն անուշադրության էր մատնված: Այն, բացի խաղադաշտից, ուներ նաև փակ մարզապալատ, որը նույնպես վերանորոգման կարիք էր զգում: «Միկան» հրաշալի կերպով վերանորոգեց և՛ ստադիոնը, և՛ մարզապալատը ու մի փոքր խաղադաշտ էլ կառուցեց գլխավորի կողքին: Ճիշտ է, ֆուտբոլ դիտելու համար «Միկա» ստադիոնը որոշակի անհարմարություններ ունի, սակայն ընդհանուր առմամբ այն վատ կառույց չէ և միջազգային չափանիշներին համապատասխանում է: ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ընդունել են այս մարզադաշտը իրենց չափորոշիչներով: «Միկան» այստեղ է անցկացնում իր տնային հանդիպումներն ու մարզումները: «Սեփական հարկ» հասկացողությունը այստեղ լիովին արդարացվում է: «Միկայում» ենթակառուցվածքները նույնպես լավ են զարգացած, կան բոլոր անհրաժեշտ պայմանները:

 


Մայրաքաղաքային մյուս երկու թիմերը` «Կիլիկիան» և «Ուլիսը», իրենց սեփական հարկի տակ հանդիպումներն այս տարի անցկացնելու են «Հրազդանում»` Հայաստանի ամենամեծ մարզադաշտում: «Կիլիկիայի» համար այն հարազատ է, թեև երկրպագուների մեծ բանակ այս թիմը չունի: 60 հազարանոց ստադիոնը գրեթե միշտ դատարկ է ՀՀ առաջնության հանդիպումների ժամանակ: «Ուլիսը» նույնպես ստադիոն չունի և ամեն տարի նոր տեղ է գտնում տնային հանդիպումներն անցկացնելու համար: Մի տարի այս թիմը խաղաց Ոսկեհատի «Վարդանանք 451» ստադիոնում, հետո վարձակալեց «Միկան», սակայն այս պայմանագիրը շուտով խախտվեց, հետո ուլիսցիները վարձակալեցին «Հանրապետականը», բայց այս տարի նրանք ընտրել են «Հրազդանը»: Այնպես որ, 2010թ. պատմական ստադիոնում ավելի շատ խաղեր կանցկացվեն:


Հիմա անդրադառնանք երեք մարզային թիմերին: Գյումրիի «Շիրակը» հանդես է գալիս Գյումրիի Քաղաքային մարզադաշտում: Դժվար է ասել, թե ինչպե՞ս են կարգավորվում ակումբի և քաղաքային իշխանությունների հարցերը, բայց ֆուտբոլային հանրությունը երբեք չի լսել, որ կողմերը խնդիրներ ունենան: Ճիշտ է, ստադիոնը ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ ունի, և տրիբունաները կիսաքանդ վիճակում են, բայց դեռևս կարողանում է ծառայել իր նպատակին, թեև, մյուս կողմից, այն հաստատ չի համապատասխանում միջազգային չափանիշներին. ո՛չ հանդերձարանները, ո՛չ կիսախարխուլ տրիբունան ու հարակից կառույցները , ո՛չ էլ խոտածածկը չեն նպաստում այս կառույցին որակյալ չափորոշիչներ տալու համար: Կապանում «Գանձասարը» խաղում է տեղի համանուն ստադիոնում, սակայն ակումբի և մարզադաշտի տերերի միջև որոշակի տարաձայնություններ նախկինում եղել են:

 

Բանն այն է, որ Կապանում մի քանի անգամ բարձրաձայն ասվել է, որ ստադիոնի ղեկավարությունը թույլ չի տվել «Գանձասարին» մարզվել խոտածածկի վրա, և թիմը ստիպված է եղել մարզումներն անցկացնել ասֆալտի վրա: Խոսակցություններ կային, որ ակումբի սեփականատերերն ուզում են վերանորոգել այդ ստադիոնը, բայց կարծես հետագայում որոշեցին նորը կառուցել: Տեսնենք, թե երբ այն կիրագործվի: Տեղեկություններ կան, որ ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանը մարզաբազա է կառուցում «Գանձասարի» համար` մեկ արհեստական և մեկ բնական խոտածածկով: Ինչ վերաբերում է «Իմպուլսին», ապա այս թիմը սեփական հարկի տակ խաղերը պետք է անցկացնի Դիլիջանում, բայց մարզվելու է Երևանում: Դիլիջանի ստադիոնը լավ տեղում է կառուցված, սակայն դեռ ենթակառուցվածքները բավականաչափ զարգացած չեն: Թերությունները կարող են շտկվել ժամանակի ընթացքում: ՀՖՖ-ն ընդունել է ստադիոնը, և այստեղ ՀՀ առաջնության հանդիպումներ են անցկացվում:


Բացի վերը նշվածներից, մեր երկրում կան նաև այլ մարզադաշտեր, որոնք այս պահին չեն ծառայում իրենց նպատակին: Նոյեմբերյանում կառուցվեց «Արնար» ստադիոնը, որտեղ նույնիսկ անցկացվեց ՀՀ Գավաթի եզրափակիչ հանդիպումը, բայց Իջևանը բարձրագույն խմբում այդպես էլ թիմ չունեցավ, և ստադիոնը պարապուրդի է մատնված: Աչաջուր գյուղում էլ կա ստադիոն, որի հետ մեծ հույսեր էին կապում: Այստեղ մանկապատանեկան թիմերն են անցկացնում իրենց հանդիպումները: Անգործության է մատնված Արմավիրի «Հոբելյանական» ստադիոնը, որի տրիբունաներում ժամանակին, Հոկտեմբերյանի «Սպարտակի» խաղերին 10 հազար հանդիսական էր հավաքվում: Ցավոք, հիմա այդ ստադիոնից միայն անունն է մնացել:

 

Վանաձորում կա մարզադաշտ, որտեղ պետք է վերանորոգման աշխատանքներ ընթանային, սակայն մեր երկրի խոշորագույն քաղաքներից մեկը նույնիսկ առաջին լիգայում ներկայացված չէ, և այսքանով ամեն ինչ ասված է: Աբովյանի Քաղաքային մարզադաշտը շատ լավ խոտածածկ ունի, հարմարավետ է, բայց ընթացիկ տարում այստեղ բարձրագույն խմբի հանդիպումներ չեն անցկացվի: Անցյալ տարի այստեղ խաղում էր «Արարատը», բայց քաղաքը սեփական թիմ չունի, ինչպես խորհրդային տարիներին: Ստադիոն կա նաև Գորիսում, որտեղ ժամանակին ՀՀ առաջնության հանդիպումներ են անցկացվել, սակայն վաղուց Գորիսը «չի խոսում» ֆուտբոլի մասին:

 

«90 րոպե»


 
 
19:29 02.05.2010
Շիրակի հերթական պարտությունը
Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ տուրում հերթական պարտությունը կրեց Գյումրիի "Շիրակը": Վերջինս սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց "Ուլիսին":...
ավելին
 
Արմեն Ադամյան. Կարևորը՝ միավորներ չկորցրինք 19:24 02.05.2010
Արմեն Ադամյան. Կարևորը՝ միավորներ չկորցրինք
«Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Իմպուլսի» հետ խաղում տոնած հաղթանակից հետո նշեց, որ մրցակից թիմը գործում էր բավական լավ։...
ավելին
 
Տղաների աշխատանքը ափսոս էր. Վարուժան Սուքիասյան 19:17 02.05.2010
Տղաների աշխատանքը ափսոս էր. Վարուժան Սուքիասյան
«Միկայի» հետ հանդիպումից հետո «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ տղաների աշխատանքը ապարդյուն անցավ։...
ավելին
 
Միկա-Իմպուլս` 1:0 «Միկան» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը 18:35 02.05.2010
Միկա-Իմպուլս` 1:0 «Միկան» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հանդիպման 89-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ «Միկան» կարողացավ հաղթանակ տոնել անչափ կարևոր խաղում ու նորից գլխավորել մրցաշարային աղյուսակը, առաջ անցնելով գործող չեմպիոն «Փյունիկից» մեկ միավորով։ Միակ գոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը։

...
ավելին
 
19:47 01.05.2010
Գանձասար-Փյունիկ. Խաղից հետո
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուր «Գանձասար»-«Փյունիկ»: Խաղից հետո մարզիչները ասացին հետեւյալը....
ավելին
1  2  3  4  5  ... 134 
Նորություններ
03.05.2010
02.05.2010
01.05.2010
30.04.2010
29.04.2010
28.04.2010
27.04.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook