ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ

Share via email

ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ (ծ. թ. անհտ – XI դ. 70-ական թթ.), մատենագիր, մեկնիչ, դավանաբան: Եղել է Հաղբատ-Սանահնի միաբանության անդամ, աշակերտել Դիոսկորոս Սանահնեցուն: Անանիա Սանահնեցու երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբան-դավանաբանական մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ: «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» հակաճառական-դավանաբանական աշխատությունը հեղինակը շարադրել է Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի օրոք:

Դավանական ամենազանազան խնդիրներին նվիրված այս երկը բաղկացած է 14 ճառից, որոնց խորագրերն արտացոլում են դրանց բովանդակությունը («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն Մեծի Հինգշաբթին», «Առ ապականացու ասողան է զմարմինն Տեառն», «Վասն պատկերապաշտից», «Վասն բաժանմանն Վրաց» ևն): Երկը աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտական նշանակություն: Արժեքավոր են հատկապես Անանիա Նարեկացու «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջական բնագրերը մեզ չեն հասել: Պետրոս Ա Գետադարձի պատվերով 1055-ին Անանիա Սանահնեցին շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորքետասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), որտեղ հեղինակն օգտվել է Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց համաբնույթ աշխատություններից: Մեկնաբանական մյուս երկերը` «Մեկնութիւն Մատթէի» և «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», հեղինակը գրել է Դիոսկորոս Սանահնեցու պատվերով: Անանիա Սանահնեցու այս երկերը հետագայում իբրև դասագիրք կիրառվել են վանական դպրոցներում և վարդապետարաններում: Անանիա Սանահնեցին գրել է նաև ճառագրական և ներբողական գործեր («Յաղագս Յովհաննու Մկըրտչի», «Ի խաչելութիւն Պետրոսի», «Ներբողեան ասացեալ ի սուրբ Կաթողիկէ եկեղեցի»): Հեղինակ է նաև տոմարական մի աշխատության, որի մի հատված պահպանվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» դավանաբանական աշխատության մեջ:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Comments are closed.