Խաչատրյանի տոհմածառը

Հայրը՝ Եղիա (Իլյա) խաչատրյանը, գեղջկական ծագում ուներ. նրա նախնիները Օրդուբադ քաղաքի մոտ գտնվող, Իրանի սահմանին կից Նախիջևանի գավառի Վերին Ազա գյուղից էին։
19-րդ դարի 70-ական թվականների վերջին տասներեքամյա Իլյան լքել էր հարազատ գյուղը և մեկնել Թիֆլիս՝ աշխատանք գտնելու ակնկալիքով։ Այդ ժամանակ Թիֆլիսն արդեն Անդրկովկասի առևտրական և մշակութային կենտրոնն էր։ Այստեղ էին ձգտում ողջ Կովկասի ամենաձեռներեց մարդիկ։
Ընդամենը մի քանի մետաղադրամ ձեռքին՝ Իլյան ժամանեց Թիֆլիս և սկսեց սովորել կազմարարական արհեստանոցում։ Կարճ ժամանակի ընթացքում նա կատարելապես տիրապետեց կազմարարի աշխատանքին և մեծ ճանաչում ձեռք բերեց թբիլիսյան արհեստավորների համքարությունում։ 19-րդ դարի 90-ական թվականներին, որոշ գումար հավաքելով, Իլյան գնեց կազմարարական արհեստանոց և ձեռք բերեց զգալի քանակությամբ հաճախորդներ։ Այդ ժամանակ նա ընդամենը 25 տարեկան էր։ Այսպես Եղիա Խաչատրյանը դարձավ կազմարարական արհեստանոցի տեր, որտեղ հետագայում աշխատեցին նաև նրա երկու որդիները՝ Վաղինակն ու Լևոնը։

Մայրը՝ Ղումաշը,
մինչ ամուսնությունն ապրել է Վերին Ազային հարևան Ներքին Ազա գյուղում։
Կոմպոզիտորի ծնողները նշանվել էին դեռևս միմյանց չճանաչելով, երբ Ղումաշն ընդամենը ինը տարեկան էր, իսկ Իլյան՝ տասնինը։ Բարեբախտաբար, նրանք երջանիկ ամուսիններ դարձան։ Ամուսնանալով տասնվեցամյա Ղումաշի հետ՝ Իլյան նրան տարավ Թիֆլիս, որտեղ էլ ծնվեցին նրանց հինգ երեխաները. ավագ դուստրը՝ Աշխենը (մահացել է մեկ և կես տարեկանում) և չորս որդիները՝ Վաղինակը, Սուրենն, Լևոնն ու Արամը։
«Մայրս, - հիշում էր Արամ Խաչատրյանը, - շատ գեղեցիկ կին էր՝ բարձրահասակ, վայելչակազմ։ Մինչև կյանքի վերջը նա մեր ընտանեկան օջախի հոգատար պահապանն էր և վայելում էր հորս խորը հարգանքը, ինչին այն ժամանակ այնքան էլ հաճախ չէիր հանդիպի Արևելքում»։
Բավականին վաղ կուրանալով՝ Ղումաշ Խաչատրյանը կյանքի վերջին տասը տարիներին ապրեց որդու՝ Վաղինակի ընտանիքում։ Նա մահացավ 1956թ.-ին Երևանում։ Թաղված է ամուսնու կողքին, որի աճյունասափորը Մոսկվայից տեղափոխվել է Երևան։

Սուրեն Խաչատրյանը
(Խաչատուրով)՝ Ա.Խաչատրյանի եղբայրը, սովորել է Թիֆլիսի գիմնազիաներից մեկում։ Նա մեծ հետաքրքրություն էր տածում թատրոնի նկատմամբ։ Սուրեն Խաչատրյանի դերը նշանակալից էր Արամ Խաչատյրան - արվեստագետի կայացման գործում։ Ավարտելով Մոսկվայի համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետը՝ նա աշխատում էր Մոսկվայի գեղարվեստական թատրոնի առաջին ստուդիայում, որպես ռեժիսոր։
1919թ.-ին Մոսկվայում նրա ջանքերով հիմնադրվեց Հայկական դրամատիկական ստուդիան։ Բնականաբար, նաև Երևան ու Թբիլիսի մեկնելու և ստուդիայի համար երիտասարդ աշակերտներ ընտրելու պահանջ առաջ եկավ։ Սուրենին հաջողվեց Անդրկովկասից Մոսկվա տանել 40-50 տաղանդաշատ երիտասարդներ։ Արդյունքում, Մոսկվայի ստուդիան ավարտելուց հետո նրանցից շատերը վերադարձան Երևան և Լենինական (այժմ՝ յումրի)՝ դառնալով ԽՍՀՄ-ի լավագույն թատրոններից մեկի՝ .Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի և իհարկե, Լենինականի թատրոնի «հենարանը»։

Կարեն Խաչատրյանը (ավագ) Սուրեն Խաչատրյանի որդին է։ Հորեղբոր՝ Արամ Խաչատրյանի նման, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ սովորելով Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում, իսկ մինչ այդ պարապել է Դ.Շոստակովիչի և Վ.Շեբալինի մոտ։ Հայտնի կոմպոզիտոր է, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բալետները՝ «Չիպպոլինո»-ն և «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», բեմադրվել են Մոսկվայի Մեծ թատրոնում։ Կարեն Խաչատրյանը մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների, ներկայացումների, մուլտֆիլմերի, կինոյի համար գրված երաժշտության հեղինակ է։ Նա է գրել նաև Սոմալիի պետական հիմնը։

Վաղինակ Խաչատրյանն՝ Ա.Խաչատրյանի եղբայրը, ավարտել է Թբիլիսիի առևտրական ուսումնարանը։ Մասնագիտությամբ ֆինանսագետ էր։ Նա եղբայրներից միակն էր, որն իրեն չնվիրենց երաժշտությանը։ Վաղինակը մտերիմ էր փոքր եղբոր՝ Արամի հետ և մշտապես հոգում էր նրա առողջության մասին։ Վաղինակ Խաչատրյանի տունը Երևանում հիմք դարձավ Արամ Խաչատրյանի այժմյան տուն-թանգարանի համար։

Լեյլի Խաչատրյանը Վաղինակ Խաչատրյանի դուստրն է։ Նա Հայաստանի ժողովրդական արտիստուհի է։ Երաժշտական կրթություն ստանալով՝ Լեյլին ուսումը շարունակել է նախ Մոսկվայի Վախթանգովի թատրոնի Շչուկինսկու ուսումնարանում, ապա վերադառնալով Երևան՝ թատերական ինստիտուտում։ Այսօր Լեյլի Խաչատրյանը Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից է։

Լևոն Խաչատրյանը՝ Ա.Խաչատրյանի եղբայրը, Մոսկվայի ռադիոկոմիտետի մենակատար էր։ Թեպետ նա հիանալի ձայն ուներ (բարիտոն), այդուհանդերձ շատ ամաչկոտ էր և բեմ դուրս գալ չէր սիրում։ Լևոն Խաչատրյանը հնչունավորել է բազմաթիվ ֆիլմեր։

Էմին Խաչատրյանը՝ Լևոն Խաչատրյանի որդին, հայտնի դիրիժոր էր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես դիրիժոր։ Ղեկավարել է Մոսկովյան մարզի սիմֆոնիկ, իսկ 1965-ից՝ ԽՍՀՄ-ի Մեծ թատրոնի նվագախմբերը։ Տասը տարի շարունակ եղել է Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Նա ղեկավարել է աշխարհի շատ հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբեր։

Նունե Խաչատրյանը Ա.Խաչատրյանի դուստրն է։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Ներկայումս Գնեսինների անվան ինստիտուտի դասախոս է։

Կարեն Խաչատրյանը՝ Ա.Խաչատրյանի որդին, արվեստագետ է։ Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը։ Դրա դիպլոմային աշխատանքն էր «Սարյանը թատրոնում» գիրքը։