ԺԱՆՆԱ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Դերասանուհի, երգահան

Ծնվել է 1947թ. մարտի 24-ին, Նոր Բայազետում (այժմ` Գավառ): Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի քույրն է: Նախնական կրթությունն ստացել է տեղի թիվ 1, ապա`  Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: Սովորել է նաև տեղի երաժշտական 7-ամյա, ապա` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում: Հետագայում երաժշտական ուսումը շարունակել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում, իսկ 1968-74թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1966-70թթ զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում` ստանալով կինոյի և թատրոնի դերասանի որակավորում: Երկար տարիներ դասավանդել է Ապարանի, Եղվարդի, Արարատի երաժշտական դպրոցներում: Որպես դերասանուհի աշխատել է հեռուստատեսությունում, Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1980-94թթ եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասանուհի: Տասնյակից ավելի գլխավոր դերեր է կերտել թատրոնում, մի շարք դերեր է խաղացել հեռուստաթատրոնում: 1990-93թթ աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսորական ֆակուլտետում` որպես բեմական խոսքի մասնագետ: Հեղինակել է բազմաթիվ երգեր, երաժշտական մանրանվագներ, էտյուդներ, վալսեր, տանգոներ, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում: Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում: Թողարկել է «Հանդիպման տանգո», «Իմ մեղեդիները», «Խաչված սրտեր», «L’Envole», «Eternity» և այլ ձայներիզներ: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել մի շարք կատարողների երգացանկերում, համերգային ծրագրերում, ձայներիզներում: Երևանում, Փարիզում կայացել են մի շարք համերգներ, որտեղ երագրվեստի մի շարք հանրահայտ ներկայացուցիչներ կատարել են նրա գրած երգերը: Երգիչ Մհերի կատարած «Վերջին զանգ» և երգչուհի Անահիտ Մանուկյանի կատարած «Տուն-Նաիրյան» երգերը համարվել են «Տարվա լավագույն երգ»: Համագործակցել է մի շարք հանրահայտ արվեստագետների հետ` Երվանդ Երզնկյան, Արամ Սաթյան, Ռուբեն Ամիրբեկյան, Արտակ Հակոբյան, Մարտին Վարդազարյան, Արա Թորոսյան, Ջիպսի Քինգս, Ժան Մյուզի, Լոալվա Բրազ, Գրեգորի Հյուբեն, Մալյա, Ժերիկա, Նառա Նոյան (դուստրը), Էնիկո Սիլագի, Ժան Կրիշմար, Բերնար Տիրտիո, Լևոն Բլբուլյան, Ժորժ Գոդֆրուա, Անահիտ Մանուկյան, Սյուզան Մարգարյան, Լեյլա Սարիբեկյան, Միստր Իքս, Սոֆի Դևոյան և այլք: 1994թ-ից բնակվում և ստեղծագործում է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար