“Zhamanak” Armenian-American Political Daily

Խոսրովի անտառը Հովիկ Աբրահամյանի դուքյանն է

16:45 Yerevan | 12:45 GMT | Friday 1 October 2010

Սիրանույշ Պապյան

Խոսրովի անտառը Հովիկ Աբրահամյանի դուքյանն է
Խոսրովի պետական արգելոցի գլխով ինչեր ասես չեն անցել ստեղծման պահից` 1958 թվականից:

14 հազար հեկտար-ից 2007 թվականի հաստատված Խոսրովի արգելոցը արդեն 23 հազար հեկտար էր ընդգրկում, սակայն նույն 2007-ին 200 հեկտար տարածք Խոսրովի «սրտում» 60 տարի ժամկետով տրվել է մի ՍՊԸ-ի. պայմանագրով տարածքը իբր վարձակալել է Տիգրան Սիսակի Մինասյանը: Բնապահպանների արձագանքից հետո այդ տարածքում շինարարությունը որոշ ժամանակով դադարեցվել էր, սակայն Մարիամ Սուխուդյանը տեղեկացնում է, որ արգելոցում, ըստ ամենայնի, սկսվելու են շինարարական աշխատանքները: Ըստ նրա` Խոսրովի անտառի սրտում մատաղատեղի կամ ռեստորան են կառուցում` հասարակաց տան նախադրյալներով, ինչի արդյունքում կորսվում է պատմամշակութային միջավայրը: Սակայն եթե Հովիկ Աբրահամյանը մտքին մի բան է դրել, հազիվ թե չիրականացնի (թեեւ փաստաթղթերով վարձակալել է բոլորովին ուրիշ մեկը, բայց իրական տերը Հովիկ Աբրահամյանն է): Արդեն միտում կա շինարարական աշխատանքների վերսկսման:

Ճարտարապետ Գագիկ Կնյազյանի խոսքերով` Խոսրովի անտառ-արգելոցում ունենք 5-6 ճարտարապետական կոթողներ: Արգելոցի հուշարձանների պահպանությունը, սակայն, անտերության է մատնված: «Մենք դատապարտում ենք մեր բարեկամներին, որ Նոր Ջուղայում խաչքարեր են ոչնչացնում, իսկ մենք մեր ձեռքով մեր լուրջ կոթողները դարձնում ենք քարակույտ, եւ թե վաղը սերունդներին ինչ ենք թողնելու` չգիտեմ»:

Մարիամ Սուխուդյանը այն, ինչ կատարվում է Խոսրովի անտառ-արգելոցում, նմանեցնում է քաղցկեղի, որը միտում ունի աճելու, զարգանալու, որի ուղղությունը դեպի Կաքավաբերդ է, սա մի լավ տեղ է որսագողերի համար, որոնք բեզոարյան այծերի պոզերով կխմեն ու կուտեն արջի միս, որովհետեւ հիմա այնպիսի պայմաններ են, որ իրենք չեն կարողանում նստել եւ ճաշակել իրենց որսը, իսկ հիմա արդեն տեղ կլինի: Մարիամը հանդես է գալիս կոչով, ըստ որի` ներսի ուժերը` կառավարությունը, բնապահպանության նախարարությունը եթե նորից շարունակեն լռել, հրատապ պատասխան չտան, իրենք դիմելու են միջազգային կառույցներին:

«Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի նախաձեռնող Վահագն Փիլիպոսյանը օրերս Խոսրովի անտառում անցկացրած երեքօրյա արշավի ժամանակ Հավուց Թառի վանքում ականատես է եղել մի եղկելի տեսարանի` վանքի մեջտեղում խորովածի մոխրի մնացորդներ, եկեղեցու խորշերում` ալկոհոլի կիսադատարկ շշեր, ուտելիքի ամաններ, կեղտոտ բաժակներ: Նրա խոսքերով` եթե մեր հասարակության իրական դեմքն ենք ուզում տեսնել, պետք է գնանք Հավուց Թառի վանք:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, միայն Խոսրովի անտառ-արգելոցով չի բավարարվում: Հիմա էլ հերթը Քարերի սիմֆոնիային է հասել: Մարիամ Սուխուդյանը տեղեկացնում է, որ այս շաբաթ հեծանվորդները եղել էին այնտեղ եւ տեսել էին բեռնատար, առանց պետհամարանիշի, որով քարեր են տեղափոխել: Նրա խոսքերով` Քարերի սիմֆոնիայի քարերով Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը առանձնատուն կառուցեց, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կենտրոնը կառուցվեց, հիմա էլ Հովիկ Աբրահամյանի եկեղեցու սալահատակը նույնպես այդ քարերից է լինելու:

Ի դեպ, 2007-ին, երբ բնապահպանները դիմել են կառավարությանը Քարերի սիմֆոնիան փրկելու համար, կառավարությունը նախ նշել է, որ այն չի մտնում հուշարձանների պահպանության ցանկի մեջ, ուստի չի կարող որեւէ մեկը պատժվել, բայց բնապահպանների աղմուկից հետո գրանցվել է: Հարցին` ինչո՞ւ հիմա չեն պատժվում, պատասխանել են` օրենքը թույլ է տալիս, որ եթե արդեն ընկած քար է, կարող են վերցնել տանել:

Ինչեւէ, բնապահպան-ակտիվիստները չեն դադարում հետեւողական պայքար մղել հանուն հուշարձանների պահպանության, հանուն բնապահպանության:

Վերլուծական
Պետք են ընկալման իրարից տարբեր ռեժիմներ

Պետք են ընկալման իրարից տարբեր ռեժիմներ

Հայաստանի իշխանական դասը կարծես թե թեթեւացած շունչ է քաշում` Աստրախանում որեւէ բան տեղի չունեցավ, հաջողվեց խուսափել անցանկալի համաձայնություններից:

Քաղաքական
Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

Հայաստանում մնաց 12 քաղբանտարկյալ

Աշխարհ
Հայազգի պատգամավորը երկրից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել

Հայազգի պատգամավորը երկրից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել

Որտե՞ղ է Աշոտ Եղիազարյանը

Արխիվ

Copyright © 2004–2016 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.