ԱՐՏԵՄ ՄԵՋԻՆՅԱՆ

Քամանչահար

29 նոյեմբեր, 1913 - 8 նոյեմբեր, 1998

Ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում: 1932թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Իջևանի գյուղ-տեխնիկում, որն ավարտել է 1935թ.: Իջևանում ուսանելու տարիներին, որպես քյամանի նվագող, ելույթներ է ունեցել տեղի ռադիոհանգույցում: 1934թ. Թբիլիսիում մասնակցել է Անդրկովկասյան ժողովրդական գործիքների օլիմպիադային, նվագել «Էշխեմեդ», «Լոռվա հովվականը» երաժշտական համարները: Վերջինս դուր է եկել ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանին: 1935թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել երաժշտական ուսումնարանի ջութակի բաժին: Նույն թվականին որպես քյամանչահար և շվի նվագող ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբ: 1941թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1939թ. մասնակցել է Երևանում տեղի ունեցած ժողովրդական գործիքների մրցույթին: Նույն թվականին նվագախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության տասնամյակին` արժանանալով մեդալի: 1946թ. ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների համույթ` որպես կոնցերտմեյստեր և մենակատար: Աշխատանքին զուգահեռ դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1956թ. կրկին մասնակցել է Մոսկվայի հայկական արվեստի և գրականության տասնօրյակին: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Համերգներով հանդես է եկել Շարա Տալյանի, Շողիկ Մկրտչյանի, Արաքսի Գյուլզադյանի, Վաղարշակ Սահակյանի և այլ կատարողների հետ: Գրել է նաև երգեր հայ գրողների խոսքերի հիման վրա` «Երգ-պար», «Արփենիկ», «Գայանե» պարերը: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար