Կառավարություն

Նախարարություններ

Վահրամ Բորիսի Բաղդասարյան

Վահրամ
Բորիսի
Բաղդասարյան

ԱՀ ֆինանսների նախարար


Ֆինանսների նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում գործադիր իշխանության քաղաքականությունը, ինչպես նաև պետական եկամուտների վճարման նկատմամբ հսկողությունը: Նախարարությունը հանդիսանում է նաև «Հարկային ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված հարկային մարմին, իսկ հարկային ծառայության մասով` իրավապահ մարմին: Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին ու այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, անգլերեն ու ռուսերեն՝ իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։
5. Նախարարության լրիվ անվանումն է`
հայերեն` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
ռուսերեն` Министерство финансов Республики Арцах,
անգլերեն Ministry of Finance of the Artsakh Republic:
6. Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց N1, կառավարության շենք:
7. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարներից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից: Նախարարության համակարգում ընդգրկվում է նաև հարկային մարմինը: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
8. Նախարարության աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան` կարող են լինել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, հարկային ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Նախարարությունում հարկային և քաղաքացիական ծառայողների պաշտոնները դասակարգվում են «Հարկային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կազմում կարող են հայտարարվել հարկային կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ` կապված այդ ստորաբաժանման կողմից իրականացվող գործառութային առանձնահատկությունների հետ: Ընդ որում, տվյալ ստորաբաժանման յուրաքանչյուր ծառայողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ծառայության մասին օրենսդրությամբ:
9. Նախարարության համակարգում աշխատող հարկային ծառայողների համար նախատեսվում է համազգեստ, որի ձևը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կարգը` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը (այսուհետ՝ նախարար):
10. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախարարության պաշտոնատար անձինք իրավունք ունեն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային զենք:
11. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) բյուջետային գործընթացի կազմակերպումը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.
2) ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.
3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
4) հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտորական գործունեության քաղաքականությունների ու մեթոդաբանության մշակումը և դրանց իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.
5) Արցախի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.
6) պետական մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման կազմակերպումը և իրականացումը.
8) պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.
9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.
10) գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը.
11) պետական պարտքի կառավարումը.
12) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
13) հարկային ծառայության մասով`
ա. Արցախի Հանրապետության հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը,
բ. Արցախի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների խախտումների (հարկային հանցագործությունների) կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը,
գ. Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Արցախի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը,
դ. հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Արցախի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,
ե. ծառայության իրավասության սահմաններում պետական տուրքի, ոչ հարկային եկամուտների և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը.
14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

 

 

Կայք`
http://www.minfin-nkr.am