30 Հուլիս 2013, 15:37
2440 |

Հայկական հայացք համաշխարհային «Անասնաֆերմա»-ին

Օրուելի այս ստեղծագործությունը հայերեն հասանելի դարձավ միայն 90-ականներին, այն էլ՝ առանց նկարազարդման: Իսկ Զաք Դեմիրճյանը ստեղծել է «Անասնաֆերմա»-ի մոտիվներն ու հիմնական գաղափարները պատկերող 6 աշխատանք:

Դեռ Մարսելում էր սովորում, երբ հայրը պատմեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի մասին: Հայաստան վերադառնալուց հետո Զաք Դեմիրճյանը գտավ գրքի հայերեն թարգմանությունը, կարդաց, սիրեց ու այն աստիճան ոգեշնչվեց, որ դիպլոմային աշխատանքի առիթը բաց չթողնելով՝ ստեղծագործության վիզուալ պատկերները ստեղծեց: Դիպլոմային աշխատանքը ճանաչվեց լավագույնը, 20-ամյա Զաքին էլ շնորհվեց Նկարիչների Միության անդամի կոչում: Անկախության սերնդի նկարազարդողը ստալինյան ռեժիմի մասին ստեղծագործության մեջ նոր ժամանակների կյանքը տեսավ: Մարդանման խոզերն ու կենդանիներից չտարբերվող մարդիկ 21-րդ դարի իրականության մի մասն էլ են: Թեմայի արդիական լինելուց բացի, «Անասնաֆերմա»-ն Զաքին ոգեշնչեց, որովհետև կենդանիներ նկարել միշտ է սիրել, կես-կատակ, կես-լուրջ էլ խոստովանում է. «Գորտի, մկան ու մորեխի հիբրիդ եմ: Գիտեմ, որ «Անասնաֆերման» 45 թվից այն կողմ հրաժարվում էին հրատարակել, ուր մնաց նկարազարդման մասին մտածեին: Ու միայն տպագրությունից 9 տարի անց, երբ ստեղծվեց մուլտը, հեղինակները հրատարակեցին նաև գրքի նկարազարդումները՝ մուլտի կերպարների կրկնօրինակմամբ»:

Օրուելի ստեղծագործությունը հայերեն հասանելի դարձավ միայն 90-ականներին, այն էլ՝ առանց նկարազարդման: Հիմա Զաքը ստեղծել է «Անասնաֆերմա»-ի մոտիվներն ու հիմնական գաղափարները պատկերող 6 գործ: Ի տարբերություն այլ նկարազարդողների՝ նա իր կերպարներին ազատել է գրոտեսկից, դարձրել իրական: Միևնույն ժամանակ, սակայն, Զաքի պատկերած խոզերը, շներն ու մյուս կենդանիները պարզապես անասուններ չեն, յուրաքանչյուրն ունի բնավորություն, ավելին՝ խորհրդավոր է:

Առաջին նկարի վրա կես տարի աշխատեց, մնացածը ստեղծեց չորս ամսում: Նկարազարդումները նրան համաինտերնետային հռչակ բերեցին. «Շատերն ինձ ճանաչում են որպես «Անասնաֆերմա»-ի նկարազարդող, ու ես ամաչում եմ բացատրել, որ հայ իրականության մեջ այդ գիրքը նկարազարդված երբեք չի հրատարակվել»:

Զաքը որոշել է՝ դռներ չի ծեծելու ու չի խնդրելու, որ իր աշխատանքներին ուշադրություն դարձնեն: Ժամանակն է, որ Հայաստանում էլ համացանցի միջոցով ոլորտը աչքի տակ պահելու ու շնորհալիներին գտնելու մեխանիզմը գործի. «Հիմա Վան Գոգ չկա, որ ստեղծագործի, մահանա ու հետո միայն ճանաչվի: Կյանքն արագ է ընթանում, ու կարծում եմ՝ հրատարակիչները կարող են շատ հեշտ իմանալ իմ նկարազարդումների մասին, հետո միասին համագործակցության տարբերակ գտնենք»:

Զաքի աշխատանքներն արդեն շատ պրոֆեսիոնալների աչքի տակով են անցել, դրական արձագանքների պակաս չկա: Պակասում է հետադարձ կապը հրատարակիչների հետ, նրանց նախաձեռնությամբ Զաքի նկարազարդումներն օգտագործելով՝ Օրուելի՝ համաշխարհային ճանաչում ունեցող գործը հայերեն վերահրատարակել: Սա անհրաժեշտություն է, քանի որ միայն հայերեն տարբերակն է զերծ նկարազարդումից, բացի այդ 90-ականներին հրատարակված տարբերակը թարմացվելու կարիք ունի:

Ու քանի դեռ «Անասնաֆերմա»-ի պատկերները սպասում են իրենց աստղային ժամին, Զաքը որոշել է՝ հաջորդ նկարազարդումները կլինեն նույն Օրուելի մյուս հայտնի ստեղծագործության հիման վրա՝ «1984»:

Այս թեմայով