HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքը

Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին «Հետքն» ուսումնասիրել է Բերձորի (Լաչինի) ներկա միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումներն ու Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհը, որն առաջիկայում դառնալու է Հայաստանն Արցախին կապող միակ երթուղին։  

Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, ուժի եւ դրա կիրառման սպառնալիքով նոր զիջումներ է կորզում Հայաստանի ու Արցախի իշխանություններից։

Չնայած նոյեմբերյան հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի (Հայաստան եւ Ադրբեջան) համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար, Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ, որը, տարանցելով Քաշաթաղի (Լաչինի) շրջանի մի նեղ հատված՝ մտնում է Շուշիի շրջան (այլ կերպ ասած՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածք), անցնում Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերով եւ Տասը Վերստ գյուղի մոտ միանում Գորիս-Ստեփանակերտ ներկա մայրուղուն։

Այն բանից հետո, երբ օգոստոսի 1-3-ը Ադրբեջանը սադրանքներով լարեց իրավիճակը Արցախի հետ շփման գծի մի մասում (Արցախի/Ղարաբաղի լեռնաշղթայի երկայնքով)՝ հանգեցնելով ՊԲ 2 զինծառայողի մահվան եւ 19-ի վիրավորման, ու զուգահեռաբար պահանջեց ՀՀ-Արցախ երթուղին կազմակերպել նոր ճանապարհով, օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, եւ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Այսինքն՝ չնայած ադրբեջանցիների հասցեին հնչեցվող հրապարակային քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է Բաքվի պարտադրած սցենարով (այստեղ կրկին որպես ելակետ ենք ընդունում հայկական կողմի պնդումն առ այն, որ նոր երթուղու նախագիծը հաստատված չի եղել)։

Միաժամանակ հայտնի դարձավ, որ ներկա միջանցքի սահմաններում գտնվող բնակավայրերում մնացած հայ բնակիչները մինչեւ այս ամսվա վերջ պետք է դուրս գան դրանցից։ Սա նշանակում է, որ Բերձոր (Լաչին) քաղաքն ու միջանցքի գյուղերը ադրբեջանցիներին են հանձնվելու արդեն այս աշնանամուտին։

Ուսումնասիրելով ռուս խաղաղապահների դիտակետերի տեղակայումը միջանցքում՝ գալիս ենք հետեւության, որ նրանց տիրույթում են Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձոր քաղաքը, ինչպես նաեւ Քարեգահ, Ներքին Սուս, Աղավնո, Աղանուս եւ Ապարան գյուղերը (ավելի մանրամասն՝ քիչ անց)։ Սակայն «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Աղանուսն ու Ապարանը բռնազավթված են Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանը 2021-ի փետրվարին «Հետքին» հայտնել էր, որ պատերազմից հետո հայ բնակիչներ են մնացել Բերձորում, Ներքին Սուսում եւ Աղավնոյում։

«Քաշաթաղի շրջանի 109 բնակավայրերից ներկայումս 3-ում են հայեր բնակվում՝ Բերձոր, Ներքին Սուս եւ Աղավնո: Ներքին Սուսում 30 մարդ է ապրում, Բերձորում՝ 100-120 մարդ, Աղավնոյում՝ 40-ից ավելի: Այս գյուղի դպրոցը 20-23 աշակերտ ունի»,- պատերազմից 3 ամիս անց «Հետքին» պատմել էր Դ․ Դավթյանը։ Նկատենք, որ այս թվերը հետագայում որոշ փոփոխությունների են ենթարկվել, ինչպես պարզ է դառնում տարբեր լրատվամիջոցներում արցախցի պաշտոնյաների հնչեցրած վերջին տվյալներից:

«Բերձորում բնակվելը ռուսների քմահաճույքով է պայմանավորված, այսօր թույլ կտա՝ կապրենք, բայց վաղը կարող են ասել՝ բոլորդ գնացեք, սա ձերը չէ,- 2021-ի փետրվարին «Հետքին» հայտնել էր Դավիթ Դավթյանը,- Բերձորում թուրք չկա, նրանք ռուսների ուղեկցությամբ շարասյունով անցնում են այդտեղից, բայց մեզ համար անվտանգ չէ այնտեղ, սարերն ու ձորերն անվերահսկելի են, ռուս խաղաղապահները որոշակի հատվածում են տեղակայված:

Բերձորը 2000 բնակիչ ուներ, հիմա 100-120 մարդ է բնակվում այնտեղ: Տարհանման ժամանակշրջանում պահանջեցին կարճ ժամանակամիջոցում դուրս գալ տարածքից: Ժամը 6-ին մոտ, բանակցային գործընթացի ժամանակ, մեկ ասում էին՝ դուրս եկեք, եւ մի մասը գնաց, մեկ ասում էին՝ մնացեք, եւ մի մասը մնաց: Այս պահին էլ Բերձորի կարգավիճակը հայտնի չէ, ադրբեջանցին ասում է՝ իմն է, ռուսն ասում է՝ իմն է, մենք էլ ասում ենք՝ մերն է: Եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանին 5 կմ լայնությամբ մայրուղի է տրամադրվում Արցախի հետ կապվելու համար: Ռուսն ասում է՝ սա բնակավայր չէ, մայրուղի է, այստեղ բնակիչներ չպետք է լինեն: Սակայն Բերձորում ռուսներն են, եւ նրանց սպասարկողներ են անհրաժեշտ՝ հոսանք, ջուր, կենցաղային այլ հարմարություններ, այդ պատճառով էլ քաղաքը բնակչությունից ամբողջությամբ չեն դատարկում, բայց մարդկանց քանակը սահմանափակել են: Այս պահին երկու խանութ է գործում Բերձորում»:

Ներկա միջանցքում կա 6 դիտակետ ի՞նչ ճանապարհներ են դրանք վերահսկում

ՌԴ խաղաղապահ զորակազմն ամեն օր քարտեզով ներկայացնում է իրադրությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է պատերազմից հետո Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասը, ինչպես նաեւ Բերձորի (Լաչինի) միջանցքն ու Շահումյանի (Քելբաջարի) շրջանի Դադիվանք (Վանք) գյուղը՝ նույնանուն վանքով։ Ըստ այդմ՝ խաղաղապահները հսկողություն են իրականացնում 27 դիտակետ-հենակետի միջոցով։ Դրանցից 6-ը (թիվ 1, 2, 24, 25, 26, 27) գտնվում են միջանցքի հատվածում։

Մանրամասների համար սեղմեք նշանների վրա

Նոյեմբերյան հայտարարության մեջ նշվում է, որ միջանցքի լայնությունը 5 կմ է, սակայն փաստացի չափումները հուշում են, որ այն 6 կմ-ից մի փոքր ավելի է։ Ռուսական դիտակետերից երկուսը (թիվ 1 եւ 2) տեղակայված են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին․ թիվ 1 դիտակետն Աղավնոյի կամրջի հարեւանությամբ է, թիվ 2-ը՝ Բերձորի կենտրոնական խաչմերուկի մոտ։

Սրանցից արեւելք ու արեւմուտք գտնվում են երկուական դիտակետեր, որոնք Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից մուտք-ելք են ապահովում դեպի միջանցք։ Ադրբեջանցիները միջանցքի տարածք մտնում եւ այդտեղ տեղաշարժվում են ռուսների ուղեկցությամբ, բայց առաջիկայում, երբ երթուղին փոխվի, նրանք առանց ռուսների ուղիղ հասանելիություն են ստանալու Բերձորին, Քարեգահին, Աղավնոյին ու Ներքին Սուսին։

Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհից արեւմուտք են տեղակայված թիվ 25 եւ 26 դիտակետերը։ Առաջինը գտնվում է Աղավնոյից Մելիքաշեն ու Ծիծեռնավանք տանող ճանապարհին՝ Աղավնո գետի ափին, նախկին կաթնամթերային ֆերմայի մոտ, որի հարեւանությամբ նաեւ այս գետի վրա կառուցված 9 հէկերից մեկն է եւ մյուսի ջրհավաք ավազանը։ Թիվ 26 դիտակետը տեղակայված է Բերձորի հարեւան Քարեգահ գյուղի հյուսիսային հատվածում եւ վերահսկում է Գանձա համայնքից եկող ճանապարհը։

Թիվ 24 եւ 27 դիտակետերը միջանցքի արեւելքում են։ Առաջինը գտնվում է նախկին Շիվիթ բնակավայրի ավերակների մոտ՝ Ապարան գյուղից 1,5 կմ հարավ։ Այս տարվա ապրիլին արված արբանյակային լուսանկարներից մեկում երեւում է (տես ստորեւ), որ թիվ 24 դիտակետ-հենակետի հարեւանությամբ 20-ից ավելի մեքենա է կանգնած, այդ թվում՝ բեռնատարներ, որոնք, ըստ ամենայնի, պատկանում են ադրբեջանցիներին եւ սպասում են ռուսների ուղեկցությամբ միջանցքի տարածք մտնելու իրենց հերթին։

Այս դիտակետը վերահսկում է Հագարի գետի հովտից եկող ճանապարհի անցումը դեպի միջանցք։ Նկատենք, որ այդ ճանապարհը խաչվում է Կոռնիձոր-Հին Շեն նոր ճանապարհի հետ։ Թիվ 27 դիտակետն էլ գտնվում է Աղանուս գյուղի տարածքում՝ Շիվիթ-Ապարան-Աղանուս-Բերձոր ճանապարհի վրա։

Միջանցքի արեւելք-արեւմուտք փաստացի լայնությունը, ինչպես ասվեց վերեւում, շուրջ 6 կմ է (հաշվել ենք հեռավորությունը ռուսական դիտակետերի միջեւ)։

Ի՞նչ գյուղեր կարող են հայտնվել նոր միջանցքի անվտանգության գոտում

Եթե միջանցքի անվտանգության գոտին նոր ճանապարհի երկու կողմերում հաշվենք 2,5-ական կմ, ապա կարող ենք ասել, որ խաղաղապահների վերահսկողության տակ են հայտնվելու Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր ու Մելիքահող գյուղերը։ Սրանցից առաջինը «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ ներկայում բռնազավթված է Ադրբեջանի կողմից, իսկ երկրորդը, որի տարածքը փաստացի նույնպես թշնամու տիրապետության տակ է, դեռ 2011-ին հանվել է օրենքում նշված բնակավայրերի ցանկից։

Նոր ճանապարհի հերեւանությամբ է նաեւ Հունանավ գյուղը, որը եւս պիտի որ մտնի միջանցքի գոտի։ Նկատենք, որ Հունանավը խորհրդային տարիներին Լաչինի շրջանի կազմում էր, սակայն Արցախյան առաջին պատերազմից հետո ներառվել է անկախացած Արցախի Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի մեջ (համայնքն ընդգրկում է Հին Շեն եւ Հունանավ գյուղերը)։ Ու չնայած վերոնշյալ օրենքում այս բնակավայրը չի նշվում որպես բռնազավթված, փաստն այն է, որ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս է։ Ավելին՝ թշնամին այսօր Հին Շենի հարեւանությամբ գտնվող բարձունքում հենակետ ունի (նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծին), որտեղից գյուղն ափի մեջ է։ Եվ այս հենակետ ադրբեջանցիները հասնում են հենց Հունանավի միջով անցնելով։

Օգոստոսի 6-ին արված արբանյակային պատկերում թվերով նշված են․
1. Տասը Վերստ
2. Նախկին ԼՂԻՄ սահմանը
3. ՀՀ փաստացի սահմանը
4. Ադրբեջանական հենակետեր նոր երթուղու հարեւանությամբ

Հունիսի 30-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։ Արցախյան կողմը, ըստ ամենայնի, փորձել է Աղավնոն ներառել նոր միջանցքի մեջ, սակայն հաջողության չի հասել, եւ այսօր այդ գյուղի բնակիչները լքում են բնակավայրը։ Նկատենք, որ Աղավնոյի հարավային ծայրամասից մինչեւ Հագարի գետի վրա կառուցված նոր կամուրջը 3,1 կմ է։

Նոր միջանցքի ենթադրյալ տարածքում (առայժմ հրապարակային տեղեկություններ չկան ռուս խաղաղապահների վերահսկողության տակ անցնող նոր գոտու սահմանների մասին) ներկայում ադրբեջանցիները մարտական հենակետ ունեն, որն, ըստ էության, կհանվի, երբ ռուսները Աղավնո-Բերձոր երթուղուց տեղափոխվեն ավելի հարավ։ Թշնամու նշված հենակետը նոր ճանապարհից ուղիղ գծով հեռու է ընդամենը 1,3 կմ եւ գտնվում է 1050 մ բարձրության վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն նոր ճանապարհը, այլեւ փաստացի սահմանը Կոռնիձորի հատվածում։

Արբանյակային պատկերում թվերով նշված են․
1. Ադրբեջանական հենակետ
2. Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Տասը Վերստ նոր երթուղին
3. Նոր երթուղու սահմանային կամուրջը Հագարի գետի վրա
4. Տեղ-Աղավնո-Բերձոր-Տասը Վերստ գործող երթուղին

Նոր երթուղին ավելի կարճ է, բայց դա ամենը չէ

Եթե «միջանցք» ասելով ընկալում ենք ՀՀ-ից մինչեւ նախկին ԼՂԻՄ տարածքն ընկած հատվածը, ապա այսօր երթուղին Տեղ գյուղի մոտ ՀՀ փաստացի սահմանից մինչեւ նախկին ԼՂԻՄ սահմանագիծը 21 կմ է (ՀՀ սահման-Աղավնո-Բերձոր-նախկին ԼՂԻՄ սահման):

Ինչ վերաբերում է ապագա երթուղուն, ապա ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհի երկարությունը Կոռնիձորի սահմանային կետից (Հագարիի կամրջից) մինչեւ նախկին ԼՂԻՄ սահման մոտ 8 կմ է (ՀՀ սահման-նախկին ԼՂԻՄ սահման)։

Այլ հարց է, թե ամենատարբեր եղանակային պայմաններում որքան հարմարավետ, ժամանակատար ու նաեւ դիմացկուն կլինի այս նոր ճանապարհը տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։ Նշենք, որ ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհի երկարությունը Հագարիի կամրջից մինչեւ Տասը Վերստ շուրջ 22 կմ է։

Լուսանկարները՝ արխիվային (2021 թ․ փետրվար)

Մեկնաբանություններ (1)

RUSSO
ALL THIS IS HAPPENING BECAUSE FOR 31 YEARS, ARMENIA STEAL AND WASTE BILLIONS OF $$$$ INSTEAD OF BUILDING ROADS, BUYING GUNS, TANKS, DRONES, JETS, SATELLITES, MISSILE LAUNCHERS AND MORE MORE MORE. INSTEAD OF EVERY ARMENIAN MAN, WOMAN AND CHILD BE GIVE GUNS AND TRAINED TO BE MILITARY, ARMENIANS DRINKING AND DANCING FOR 31 YEARS. INSTEAD OF WORK TOGETHER AND UNITE TO MAKE COUNTRY POPULATION STRONG, CORRUPTION AND NO LAW MAKE PEOPLE LEAVE. ARMENIANS MAKE BED AND NOW MUST SLEEP IN IT. 31 YEARS WASTE. 31 YEARS WASTE. TOO BAD. ARMENIA NEVER LEARN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter