Հայրեր և զավակներ

Գրապահարան-ից
Հայրեր և զավակներ

հեղինակ՝ Իվան Տուրգենև
թարգմանիչ՝ Մուշե Վարդապետ
աղբյուր՝ արտագրված է՝ Լիտոպեդիա

Նվիրվում է
Վիսսարիոն Գրիգորևիչ Բելինսկու հիշատակին

I

— Ի՞նչ է, Պյոտր, դեռ չե՞ն երևում։

Այդ հարցնողը քառասունն անց կալվածատեր մի պարոն էր, որ 1859 թվի մայիսի 20-ին, փոշոտ վերարկուով և աղյուսակազարդ հյուսվածքից կարած վարտիքով, գլխաբաց դուրս գալով խճուղու վրա գտնվող իջևանատան մուտքի ցածլիկ պատշգամբը, դիմեց իր ծառային երիտասարդ ու լիաթուշ, սպիտակավուն աղվամազը ծնոտին ու մանրիկ մարած աչքերով մի տղայի։

Ծառան, որի մեջ ամեն ինչ՝ թե ականջի փիրուզյա օղը, թե օծված, գույնզգույն մազերը, թե քաղաքավարի շարժումները, մի խոսքով բոլորը ցույց էին տալիս, որ նա նորագույն, կատարելագործված սերնդի մարդ էր։ Նա ներողամտաբար նայում էր ճանապարհի երկարությամբ և պատասխանում.

— Ոչ, դեռ չեն երևում։

— Չե՞ն երևում,— կրկնեց պարոնը։

— Չեն երևում,— նորից պատասխանեց ծառան։ Պարոնը հառաչեց ու նստեց փոքրիկ նստարանի վրա։

Մինչ նա ոտները տակը ծռած-նստած մտախոհ նայում է իր չորս կողմը, ընթերցողին ծանոթացնենք նրա հետ։

Նրան անվանում են Նիկոլայ Պետրովիչ Կիրսանով։ Իջևանատնից 15 վերստ հեռավորության վրա նա ուներ մի լավ կալված, երկու հարյուր շնչից, կամ, ինչպես նա ինքն էր ասում այն ժամանակից ի վեր, երբ սահմանազատվեց գյուղացիներից և հիմնեց իր «ֆերման», երկու հազար դեսյատինից բաղկացած։ Նրա հայրը, որ 1812 թ. մարտական գեներալ էր, մի կիսագրագետ, կոպիտ, բայց ոչ չար ռուս մարդ, իր ամբողջ կյանքը ծառայության մեջ էր անցկացրել, սկզբում՝ բրիգադայի հրամանատար, հետո էլ՝ դիվիզիայի, շարունակ ապրում էր գավառում, որտեղ իր աստիճանի շնորհիվ բավականին կարևոր դեր էր խաղում։ Նիկոլայ Պետրովիչը իր ավագ եղբոր՝ Պավելի նման, որի մասին կխոսենք քիչ հետո, ծնվել էր Ռուսաստանի հարավում և մինչև տասնչորս տարեկան հասակր դաստիարակվել էր տանը՝ շրջապատված էժանագին տնային դաստիարակներով, համարձակ, բայց շողոքորթ ադյուտանտներով և գնդային ու շտաբային ուրիշ անձերով։ Նրա մայրը, որ Կոլյազինների տոհմիցն էր, աղջիկ ժամանակը՝ Agathe, իսկ գեներալի կին լինելուց հետո՝ Ագաֆոկլեա Կուզմինիշնա Կիրսանովա էր դարձել, պատկանում էր «մայրիկ-հրամանատարների» թվին, դնում էր շքեղ չեպչիկներ և հագնում խշխշան մետաքսե շորեր, եկեղեցում առաջինն էր մոտենում խաչը համբուրելու, խոսում էր շատ բարձր ձայնով, թույլ էր տալիս, որ առավոտները երեխաներր մոտենան և իր ձեռքը համբուրեն, իսկ երեկոներրը քնելուց օրհնում էր նրանց։ Մի խոսքով, ապրում էր քեֆն ուզածի պես։ Նիկոլայ Պետրովիչը, որ թեև ոչ միայն աչքի չէր ընկնում քաջասրտությամբ, այլև վախկոտի անուն էր վաստակել, իբրև գեներալի որդի, պետք է որ իր եղբոր, Պավելի նման, զինվորական ծառայության մտներ, բայց հենց այն օրը, երբ տեղեկություն ստացվեց, որ նա ընդունված է ծառայության, ոտքը կոտրվեց և, երկու ամիս անկողնում պառկելուց հետո, ամբողջ կյանքում մնաց «կաղլիկ»։ Հայրը ձեռք քաշեց նրանից և թույլ տվեց, որ պատրաստվի քաղաքացիական պաշտոնի համար։ Հենց որ նա տասնութ տարեկան եղավ, հայրը նրան Պետերբուրգ տարավ ու տվեց համալսարան։ Այդ իսկ միջոցին նրա եղբայրը գվարդիական գնդի սպայություն ստացավ։ Երիտասարդները սկսեցին ապրել միասին, միևնույն բնակարանում, իրենց մոր կողմից ազգական Իլյա Կոլյազինի հեռավոր հսկողության տակ, որը մի կարևոր պաշտոնյա էր։ Նրանց հայրը վերադարձավ իր դիվիզիան և իր ամուսնու մոտ, միայն մեկ-մեկ ուղարկում էր որդիներին գորշ թղթի քառորդ թերթիկներ խզբզված գրագրերին հատուկ խոշոր-խոշոր գրերով։ Այդ թերթիկների վերջում խնամքով ստորագրված էին լինում հետևյալ խոսքերը. «Պիսար Կիրսանոֆ, գեներալ-մայոր»։

Նիկոլայ Պետրովիչը 1835 թ. թեկնածուի կոչումով ավարտեց համալսարանը, և նույն տարին էլ գեներալ Կիրսանովը, որ անհաջող զորատեսի պատճառով արձակվել էր պաշտոնից, կնոջ հետ եկավ Պետերբուրգ ապրելու։ Նա ուզում էր տուն վարձել Տավրիկյան այգու մոտ և արդեն Անգլիական ակումբի[1] անդամ էլ գրվեց, բայց հանկարծակի մեռավ կաթվածից։ Շուտով Ագաֆոկլեա Կուզմինիշնան էլ հետևեց նրան, նա չկարողացավ ընտելանալ մայրաքաղաքի խուլ կյանքին, անցյալի կարոտը նրան մաշեց։

Մինչդեռ Նիկոլայ Պետրովիչը դեռ ծնողների կենդանության ժամանակ և ի մեծ ցավ նրանց արդեն սիրահարվել էր իր բնակարանի նախկին տիրոջ, պաշտոնյա Պրեպոլովենսկու աղջկան, որ մի սիրունատես և, ինչպես ասում են, զարգցած աղջիկ էր — նա ամսագրերում կարդում էր «Գիտություն» բաժնի լուրջ հոդվածները։ Հենց որ սգի օրերն անցան, նա ամուսնացավ նրա հետ և, թողնելով պետական կալվածների մինիստրությունը, ուր հայրը հովանավորների շնորհիվ տեղավորել էր նրան, երջանիկ կյանք էր վարում իր Մաշայի հետ նախ Անտառային ինստիտուտի մոտակայքում վարձած ամառանոցում, հետո՝ քաղաքում, մի փոքրիկ ու սիրունիկ բնակարանում՝ մաքուր սանդուղքով և ցուրտ ընդունարանով, ու վերջում էլ գյուղում, ուր նա վերջնականապես բնակություն հաստատեց և որտեղ էլ շուտով ծնվեց նրա Արկադի որդին։

Ամուսինները շատ լավ ու խաղաղ կյանք էին վարում՝ գրեթե երբեք իրարից չէին բաժանվում, միասին կարդում էին, միասին չորս ձեռքով դաշնամուր նվագում, դուետներ երգում, կինը ծաղիկներ էր աճեցնում-խնամում և հավանոցին վերահսկում, իսկ ինքը շատ ուշ-ուշ գնում էր որսի և զբաղվում էր տնտեսությամբ, իսկ Արկադին աճում էր ու աճում-նույնպես լավ և խաղաղ։ Տասը տարին երազի պես անցավ։ 47 թվին Կիրսանովի կինը վախճանվեց։ Նա հազիվ դիմացավ այդ հարվածին և մի քանի շաբաթվա մեջ ճերմակեց, վիշտը թեկուզ փոքր-ինչ փարատելու համար ուզում էր արտասահման գնալ... բայց վրա հասավ 48 թվականը։ Ակամայից նա վերադարձավ գյուղ և, բավական երկար անգործ մնալուց հետո, զբաղվեց տնտեսական բարեփոխություններով։ 55 թվին սա որդուն տարավ համալսարան, երեք ձմեռ ապրեց նրա հետ Պետերբուրգում, համարյա առանց տնից դուրս գալու և աշխատելով ծանոթություն հաստատել Արկադիի նորատի ընկերների հետ։ Վերջին ձմեռը նա չկարողացավ գալ,— և ահա 1859 թ. մայիսին նրան մենք տեսնում ենք արդեն բոլորովին զառամած, փափլիկ և մի փոքր էլ կորացած, նա սպասում է որդուն, որը, ինչպես մի ժամանակ ինքը, ստացել էր թեկնածուի կոչում։

Ծառան, քաղաքավարության զգացումից դրդված, կամ գուցե թե չցանկանալով իր պարոնի աչքի առաջ մնալ, մտավ դարպասի տակ ու սկսեց չիբուխը ծխել։ Նիկոլայ Պետրովիչը գլխահակ կանգնել նայում էր պատշգամբի խարխուլ աստիճաններին, մի խոշոր խայտաբղետ ճուտ ծանրաքայլ ման էր գալիս նրանց վրա, իր խոշոր, դեղին ոտներով ամուր թխկթխկացնելով։ Աղտոտված կատուն, կողքը պատշգամբի վանդակին դեմ տված, անբարեհաճ դիտում էր նրան։ Արևն այրում էր. իջևանատան կիսամութ հաշտից տաք սև հացի հոտ էր գալիս։ Մեր Նիկոլայ Պետրովիչը անձնատուր եղավ երազանքների։

«Որդիս... թեկնածու... Արկաշան...» շարունակ պտտում էր նրա գլխում։ նա վարձեց մտածել մի որևէ ուրիշ բանի մասին, բայց նորից էին վերադառնում նույն մտքերը։ նրա միտքն րնկսոԼ հանգուցյալ կինր... «Չարժանացավ»,— շշնջաց նա հուսալքված... Մի թուխ-կապտավան աղավնի թռավ իջավ ճանապարհի վրա ու շտապ գնաց ջրհորի մոտի փոսում հավաքված ջրից խմելու։ Նիկոլայ Պետրովիչը սկսեց նայել նրան, բայց ականջը արդեն որսում էր մոտեցող անիվների թխկոցը...

— Հենց իմանաս նրանք գալիս են,— հայտնեց ծառան դարպասի տակից դուրս թռչելով։ Նիկոլայ Պետրովիչը վեր կացավ իսկույն և աչքերն ուղղեց ճանապարհին։ Երևաց փոստային երեք ձի լծած մի տարանտաս տարանտասում փայլեց ուսանողական գլխարկի շրջանակը և երևաց թանկագին դեմքի ծանոթ ուրվագիծը...

— Արկաշա, Արկաշա,— կանչեց Կիրսանովը, առաջ վազելով և ձեռները թափահարելով... Մի քանի վայրկյան անց նրա շրթունքները հպվել էին երիտասարդ թեկնածուի անմորուս, փոշոտված և արևառ թշին։

II

— Հայրիկ, թող մի շորերս թափ տամ,— ճանապարհից փոքր-ինչ խզված, բայց պատանեկական զիլ ձայնով ասում էր Արկադին ուրախ-զվարթ պատասխանելով հոր փաղաքշանքին,— տես, ես քեզ էլ բոլորովին կփոշոտեմ։

— Ոչինչ, ոչինչ,— խնդագին ժպիտով կրկնում էր Նիկոլայ Պետրովիչը, և մի երկու անգամ էլ ձեռքով խփեց որդու շինելի օձիքին ու իր սեփական վերարկուին։-Հապա մի տեսնեմ, հապա մի տեսնեմ,— ասաց նա ետ-ետ քաշվելով, և իսկույն էլ շտապ քայլերով գնաց դեպի իջևանատուն խոսելով, «Ա՛, այս կողմ, այս կողմ։ Դե՛, ձիերը շուտ բերեք»։

Նիկոլայ Պետրովիչը որդուց ավելի էր հուզված երևում, ասես թե մի փոքր շշմել էր, փոքր-ինչ էլ շշկլվել։ Արկադին նրան կանգնեցրեց։

— Հայրիկ,— ասաց նա,— թույլ տուր ծանոթացնեմ քեզ իմ բարի ընկերոջ, Բազարովի հետ, որի մասին ես քեզ այնքան հաճախակի գրում էի։ Նա այնքան սիրալիր էր, որ համաձայնեց հյուր գալ մեզ մոտ։

Նիկոլայ Պետրովիչը արագ շուռ եկավ և, մոտենալով մի բարձրահասակ, փնջավոր երկայն վերնազգեստ հագած մարդու, որը հենց նոր էր տարանտասից դուրս եկել, պինդ սեղմեց նրա մերկ, կարմիր ձեռքը, որը նա միանգամից չմեկնեց նրան։

— Սրտանց ուրախ եմ,— սկսեց նա,— և շնորհակալ մեզ այցելելու բարի դիտավորության համար, հուսով եմ.., թո՞յլ կտաք իմանալու ձեր անունն ու հայրանունը։

— Եվգենի Վասիլևիչ,— ծույլ, բայց առնական ձայնով պատասխանեց Բազարովը և շուռ տալով վերնազգեստի օձիքը, իր ամբողջ դեմքը ցույց տվեց Նիկոլայ Պետրովիչին։ Նա երկար էր, նիհար, լայն ճակատով, վերը տափակ, իսկ ներքևը սրված քթով, խոշոր կանաչավուն աչքերով և ավազագույն, կախ ընկած բակենբարդներով. հանդարտ ժպիտը կենդանություն էր տալիս նրա դեմքին և արտահայտում ինքնավստահությունն ու խելքը։

— Հուսով եմ, սիրելի Եվգենի Վասիլևիչ, որ դուք մեզ մոտ չեք ձանձրանա,-շարունակեց Նիկոլայ Պետրովիչը։

Բազարովի նուրբ շրթունքները հազիվ շարժվեցին, բայց նա ոչինչ չպատասխանեց և միայն գլխարկը մի փոքր վեր բարձրացրեց։ Նրա երկայն և խիտ մուգ-դեղձան մազերը չէին ծածկում ընդարձակ գանգի խոշոր կորնթարդությունները։

— Ուրեմն ինչպե՞ս անենք, Արկադի,— նորից խոսեց Նիկոլայ Պետրովիչը, որդուն դառնալով,— ձիերը հիմա լծել տանք։ Թե՞ ուզում եք հանգստանալ։

— Տանը կհանգստանանք, հայրիկ, հրամայիր թող լծեն։

— Այս րոպեին, այս րոպեին,— վրա բերեց հայրը։— Է՛յ, Պյոտր, լսո՞ւմ ես։ Դե՛, ախպերս, դե շուտ կարգադրիր։

Պյոտրը, որ, իբրև կատարելագործված ծառա, չմոտեցավ իր պարոնի աջը առնելու, այլ միայն հեռվից գլուխ տվեց նրան, նորից պահվեց դարպասի ներքև։

— Ես կառքով եմ այստեղ եկել, բայց ձեր տարանտասի համար էլ երեք ձի կա,— հոգածությամբ ասում էր Նիկոլայ Պետրովիչը, այնինչ Արկադին ջուր էր խմում երկաթյա թասից, որ բերել էր իջևանատան տիրուհին, իսկ Բազարովը ծխամորճը վառեց և մոտեցավ կառապանին, որը ձիերն էր արձակում։

— Միայն կառքս երկու տեղանի է և ահա չգիտեմ, ինչ սւնենք ընկերոջդ…

— Նա տարանտասով կգա,— կիսաձայն ընդհատեց Արկադին։— Դու, խնդրեմ, նրա համար մի մտահոգվիր։ Նա հրաշալի տղա է, այնպես պարզ։ Այ, կտեսնես։

Նիկոլայ Պետրովիչի կառապանը ձիերը դուրս բերեց։

— Դե՛, իրար եկ, հաստամորուս,— դիմեց Բազարովը կառապանին։

— Լսիր, Միտյուխա,— վրա բերեց մյուս կառապանը, որ ձեռները մուշտակի հետևի ճեղքվածքների մեջ խրած կանգնել էր հենց այդտեղ,— աղեն ի՞նչ ասաց։ Հենց հաստամորուս էլ ես, որ կաս։

Միտյուխան միայն գլխարկը շարժեց և քրտնած միջնակ ձիու վրայից քաշեց երասանները։

— Դե՛, շուտ, շուտ, տղերք, դո՛ւք էլ օգնեցեք,— բացականչեց Նիկոլայ Պետրովիչը։— Ընծա կտամ։

Մի քանի րոպեում ձիերը լծած պատրաստ էին-հայրը որդու հետ տեղավորվեց կառքում։ Պյոտրը նստեց կառապանի կողքին. Բազարովը թռավ մտավ տարանտասը, գլուխը թաղեց կաշվե բարձի մեջ, և երկու կառքն էլ մեկնեցին։

III

— Ա՛յ թե ինչ, վերջապես դու թեկնածու ես, և եկել ես տուն,— ասում էր Նիկոլայ Պետրովիչը ձեռքը Արկադիի երբեմն մեջքին և երբեմն ծնկանը խփելով։— Վերջապես։

— Իսկ ի՞նչ է անում հորեղբայրս։ Առո՞ղջ է,— հարցրեց Արկադին, որը, չնայելով իրեն համակող անկեղծ, համարյա մանկական ուրախությանը, ուզում էր այղ խոսակցությունը շուտով փոխել հուզիչ տրամադրությունից առօրյա խնդիրներին։

— Առողջ է։ Ուզում էր հետս քեզ դիմավորելու գալ, բայց չգիտեմ ինչու–հետո էլի միտքը փոխեց։

— Իսկ դու վաղո՞ւց է ինձ սպասում էիր։

— Մոտ հինգ ժամ կլինի։

— Բարի հայրիկ։

Արկադին աշխուժությամբ շուռ եկավ հոր կողմը և պինդ համբուրեց նրա երեսը։ Նիկոլայ Պետրովիչը կամացուկ ծիծաղեց։

— Քեզ համար ինչ լավ ձի եմ պատրաստել,— սկսեց նա,— այ կտեսնես։ Սենյակիդ պատերն էլ պաստառել եմ տվել։

— Իսկ Բազարովի համար սենյակ կա՞։

— Նրա համար էլ կճարվի։

— Խնդրում եմ, հայրիկ, գուրգուրիր նրան։ Չեմ կարող խոսքով հասկացնել, թե ինչ աստիճանի բարձր եմ գնահատում ես նրա մտերմությունը։

— Նո՞ր ես ծանոթացել նրա հետ։

— Այո, վաղուց չէ։

— Գիտեմ ախր, անցյալ ձմեռ ես նրան չեմ տեսել։ Ինչո՞վ է պարապում։

— Նրա գլխավոր առարկան բնական գիտություններն են։ Ասենք նա ամեն բան էլ գիտե։ Եկող տարի ուզում է բժշկի քննություն տալ։

— Հըմ, ուրեմն բժշկական բաժնումն է,— նկատեց Նիկոլայ Պետրովխչն ու լռեց։— Պյոտր,— վրա բերեց նա ու ձեռքը մեկնեց,— այս եկողները խոմ մեր գյուղացիները չե՞ն։

Պյոտրը նայեց դեպի այն կողմը, ուր ցույց էր տալիս պարոնը։ Մի քանի սայլեր, լծած սանձերն արձակած ձիերը, արագությամբ առաջ էին գլորվում միջգյուղյա նեղ ճանապարհով։ Ամեն մի սայլում մեկ-մեկ, կամ էլ երկու-երկու ռամիկ էին նստած, հագի մուշտակների կրծքները բացած։

— Այո, մեր գյուղացիներն են,— ասաց Պյոտրը։

— Ո՞ւր են գնում, քաղա՞ք չեն գնում, արդյոք։

— Պետք է ենթադրել, որ քաղաք են գնում։ Երևի օղետուն,— ավելացրեց նա արհամարհանքով և մի փոքր կռացավ դեպի կառապանի կողմը, կարծես նրան վկա կանչելով։ Բայց սա տեղիցն անգամ չշարժվեց — դա հին հայացքների տեր մարդ էր, կողմնակից չէր նոր աշխարհայացքների։

— Այս տարի մեծ գլխացավանքների մեջ եմ գյուղացիների հետ,— շարունակեց Նիկոլայ Պետրովիչր, դիմելով որդուն։— Բահրան չեն վճարում։ Ի՞նչ կարող ես անել։

— Իսկ վարձու մշակներից դու գո՞հ ես։

— Այո,— ատամների արանքով արտասանեց Նիկոլայ Պետրովիչր։ — Ցավն այն է, որ նրանց էլ են խելքից հանում և դեռ իսկական ջանք էլ չի նկատվում, չէ։ Ձիասարքը փչացնում են։ Ասենք, հերկում էին, ոչինչ։ Է, աղունը աղացվի՝ ալյուր կդառնա։ Բայց մի՞թե քեզ այժմ տնտեսական գործերը հետաքրքրում են։

— Ցավն այն է, որ դուք ստվերոտ տեղ չունիք,— նկատեց Արկադին, վերջին հարցին չպատասխանելով։

— Հյուսիսային կողմից պատշգամբի վրա մի մեծ մարկիզա[2] եմ շինել տվել,— ասաց Նիկոլայ Պետրովիչը,— այժմ կարելի է բացօթյա էլ ճաշել։

— Այդ հո շատ նման կլինի ամառանոցի... Ասենք, այ