«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականին Հայաստանում: Կազմակերպությունը հանրությանն ավելի հայտնի է իր անգլերեն հապավմամբ` որպես ՓԻՆՔ (PINK): Մենք այն կոչում ենք ՓԻՆՔ Արմենիա` աշխարհում նույնանուն կազմակերպություններից տարբերելու համար:
Մեր գործունեության առաջին իսկ օրվանից մենք իրականացնում ենք միջոցառումներ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Կազմակերպության գործունեության սկզբից կարճ ժամանակ անց` կազմակերպության կողմից իրականացվող գործողություններն ընդլայնվեցին. մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները ներառվեցին կազմակերպության օրակարգում: Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՓԻՆՔ Արմենիան խթանում է հավասարության, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչության և ԼԳԲՏ անձանց ընդունման գաղափարները: Մենք ցանկանում ենք արժևորել և ընդունելի դարձնել բազմազանությունը մեր հասարակությունում մշակութային զգայունության խրախուսման և ցանկացած տեսակի խտրականության վերացման միջոցով:
ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է և′ Երևանում, և′ Հայաստանի մարզերում: ՙՏեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնում (Երևան) այցելուները հնարավորություն ունեն մասնակցելու դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների, ստանում են անվճար և անանուն խորհրդատվություն սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ, օգտվում են գրադարանից ու կազմակերպության կողմից տրամադրվող այլ ծառայություններից: