Հա

Համայնք

24/11/2015 - 09:10

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակի տօնահանդէսը՝ «Կոմիտաս» սրահում

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու կառուցման եւ օծման 70-ամեակին նւիրւած տօնահանդէսը տեղի ունեցաւ կիրակի, նոյեմբերի 8-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:
Միջոցառումը սկիզբ առաւ Տէրունական աղօթքով, կատարմամբ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերի, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի, դաշնամուրի մօտ՝ Էդմոնդ Մուրադեան:

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու կառուցման եւ օծման 70-ամեակին նւիրւած տօնահանդէսը տեղի ունեցաւ կիրակի, նոյեմբերի 8-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:
Միջոցառումը սկիզբ առաւ Տէրունական աղօթքով, կատարմամբ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերի, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի, դաշնամուրի մօտ՝ Էդմոնդ Մուրադեան:
70-ամեակի յանձնախմբի նախագահ՝ Էդւարդ Յարութիւնեանի ողջոյնի խօսքով մեկնարկեց բանախօսական-գեղարւեստական միջոցառումը: Նա ասաց. «Ս. Աստւածածին եկեղեցին իր ճարտարապետական ուրոյն կառոյցով եւ գեղեցիկ քանդակներով ու խաչքարերով, նաեւ եկեղեցու հոգեշունչ մթնոլորտով շատ հարազատ ու սիրելի է թեհրանահայութեան, յատկապէս աւագ սերունդի համար, որոնք բազմաթիւ յուշերով եւ հոգեւոր ապրումներով կապւած են երբեմնի Մայր եկեղեցուն»:
151124d01aԳեղարւեստական բաժինը շարունակւեց «Նոր ձայներ» եւ «Տաւիղ» երգչախմբերի առանձին եւ համատեղ կատարումներով: Իսկ Նանէ Յովհաննիսեանը եւ Նանոր Նազարեանը ջութակի կատարումներով ընկերակցեցին «Տաւիղ երգչախմբի կատարումներից մէկին: Նաեւ եզրափակիչ «Հայաստան» երգով՝ «Տաւիղ» եւ «Նոր ձայներ» երգչախմբերը հանդէս եկան համատեղ կատարումներով:
Արգին Արիստակէսեանը, ով երգչախմբի սկզբում ասմունքում էր հատւածներ՝ հոգեւոր երգերից, ընթերցեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանի «Սիրոյ, գնահատանքի եւ օրհնութեան» խօսքը:
Ծրագրի յաջորդ բաժնում Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի խօսքը ներկայացրեց Ժակլին Չհարմհալին, փոխանցելով խորհրդի երախտագիտութիւնը 70-ամեակի կազմակերպիչ յանձնախմբի անդամ-անդամուհիներին:
Օրւայ բանախօս էր հրաւիրւած արւեստաբան Լիդա Բերբերեանը, ով ամբողջութեամբ ներկայացրեց Ս. Աստւածածին եկեղեցու հիմնադրման ու օծման պատմական տւեալները: Նա իր բանախօսութիւնը սկսեց Թ.Հ.Թ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետեւեալ արտայայտութեամբ. «Ինչ որ նւիրում՝ ես այդ է մնում» եւ վերլուծեց դա՝ հետեւեալ կերպով. «Այդ խօսքի ճշմարտութիւնը առաւել քան եւս փաստւում է այսօր՝ երբ Ս. աստւածածին եկեղեցու կառուցման նւիրատու Ռոման Իսայեանի անունը, մենք յիշում ենք հէնց այդ կապակցութեամբ: Իսկ ի՞նչ աւելի աստւածահաճոյ գործ, քան եկեղեցի կառուցելը կարող է լինել: Իսկ դա մեր ազգի համար ունի կրկնակի նշանակութիւն, որովհետեւ եկեղեցին թէ՛ մեր հաւատամքի խարիսխն է եւ թէ՛ գրաւականն է մեր ազգային դարաւոր յարատեւման»:
151124d01bԲանախօսը համապարփակ տողերով անդրադարձաւ եկեղեցու բարերար Ռոման Իսայեանի կենսագրական տւեալներին եւ բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ նրա ընտանիքի Իրան հաստատւելուն: Քանի որ Ռոման Իսայեանը խիստ երախտապարտ էր իր հանգուցեալ մօր Զարվարդին, ուստի մտադրում է նրա յիշատակին նւիրաբերել գումար՝ Ս. Աստւածածին եկեղեցու կառուցման համար:
Լիդա Բերբերեանը իր բովանդակալից եւ պատմական տւեալներ ներկայացնող բանախօսութեան վերջին բաժնում նշեց. «Ռոման Իսայեանը իր կեանքի մնացեալ 20 տարիներում տարաւ աշխատանք՝ լինելով Թեհրանի հայոց թեմի պատգամաւոր, մասնակցեց Ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Զ Չէօրէքչեանի, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն Ս. կաթողիկոսի ընտրութեանն ու օծմանը: Իր բազմաթիւ բարեգործութիւնների համար ստացել է «Արժանաւորութեան շքանշան» եւ օրհնութեան կոնդակներ: Մահը տեղի ունեցաւ 1966 թւականին՝ 75 տարեկան հասակում: Թաղումը կատարւեց ազգային բնոյթով: Ներկայ էին Իրանա-Հնդկաստանի եւ Ատրպատականի ազգային մարմինները: Հանգուցեալի դին առաւօտեան ժամը 9-ին իր բնակարանից փոխադրւում է Ս. Աստւածածին եկեղեցի, որտեղ եւ կատարւում է ս. պատարագ եւ հոգեհանգիստ՝ նախագահութեամբ Արտակ արք. Մանուկեանի միջոցով»:
Բանախօսի ելոյթից յետոյ շարունակւեց գեղարւեստական յայտագիրը: Ասմունքներով հանդէս եկան Այրինա Նորաւեանն եւ Նժդեհ Յովաննիսեանը: Կատարումներին յաջորդեց Թալին Գուրջեանը՝ դաշնամուրային հատւածներով եւ «Առաւօտ լուսոյ» երգը կատարեց Զօրիկ Ֆարհադեանը, որին ընկերակցում էր դաշնակահար Լուիզա Աւետիսեանը:
Միջոցառման աւարտին հրաւիրւեց Թ.Հ.Թ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ եզրափակիչ խօսքը փոխանցելու համար: Թեմակալ առաջնորդը իր բերկրանքը յայտնեց միջոցառման մեծ թւով հայրենակիցների մասնակցութեան համար, մէջբերելով յիշեալ քառեակը.
Եկեղեցին հայկական, մեծ վարագոյր մþէ բանւած,
Որուն յետեւ սկիհին մէջ կիջնէ ի՛նքը Աստւած,
Որուն առջեւ գլխահակ կուգայ իմ ազգս ամբողջ
Հաղորդւի՜լ անցեալին հաց ու գինով կենսառողջ:
Այս քառեակը պատմութիւնն է եւ վկայութիւնը՝ մեր ժողովրդի պատմութեան եւ հասկացողութեան եւ միեւնոյն ժամանակ եկեղեցի կոչւած իրականութեանը:
151124d01cՆա կարեւորեց. «Եկեղեցին աստւածահաստատ այն կառոյցն է, որի մէջ մեր ժողովուրդը անցնող աւելի քան 1700 տարիների իր պատմութեամբ, ամբողջութեամբ ինքն իրեն է տեսել»: Նա յաւելեց. «Մենք այսօր այդ ֆիզիկական եկեղեցու հիմնադրութեամբ 70-ամեակի առիթով ենք հաւաքւած եւ կոչւած ենք այդ կառոյցը մեր հոգու ներթափանցումով ոգեղէնացած ձեւով ապրել մեր կեանքում, որովհետեւ քառակերտ կառոյցը կարող է վաղը գոյութիւն չունենալ, բայց ներքին հոգեւոր կառոյցը կայ եւ կը մնայ յաւիտեան»:
Սրբազան Հայրը իր խոր եւ անկեղծ գնահատանքը յայտնեց Եկեղեցական խորհրդին, բարձրորակ գեղարւեստական-բանախօսական յայտագրով երեկոյ կազմակերպելու համար: Եւ հետեւաբար խրախուսեց, որպէսզի Թեհրանի միւս եկեղեցիները նաեւ նշեն իրենց ամեակները, քանի որ եկեղեցու ամեակ նշելը նշանակում է անցեալն ու ներկան միասնաբար վերակենդանացւած տեսնել՝ վառ ապագայի տեսիլքով:
Իր գնահատանքն ու օրհնութիւնն յայտնեց՝ հանգուցեալ Ռոման Իսայեանին եւ իր մօր՝ Զարվարդ Իսայեանին, եզրափակելով հետեւեալ աղօթքով.
Թագաւոր երկնաւոր զեկեղեցի քո անշարժ պահեայ. Ամէն:
Ծրագրի ընթացքում սահիկի միջոցով նկարներ էր ցուցադրւում Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցուց: Վերջում տորթի հատում ու ընդունելութիւն տեղի ունեցաւ:
Միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Մակար եպս. Աշգարեանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Նշան եպս. Գարաքեհէեանը, քահանայ հայրերը, ազգային մարմինների եւ միութիւնների ու ազգային հաստատութիւնների ներկայացուցիչները:

Թղթակից՝
ԹԱԼԻՆ ԳԱԼՍՏԵԱՆ

* * *


Ստորեւ որոշ յապաւումներով ընթերցողի ուշադրութեանն ենք յանձնում արւեստաբան Լիդա Բերբերեանի բանախօսութիւնը.
151124d01d....Այսօր, 8 նոյեմբերի 2015 թւականն է, մի պահ վերադառնում ենք 200 տարի առաջ, երբ Թեհրանը մի փոքրիկ քաղաք է եւ ունի դարպասներ, ինչպիսին են հիւսիսում «Դարւազէ Դովլաթ», «Դարւազէ Շեմրան», իսկ քաղաքի հարաւային մասում կան՝ «Դարւազէ-Ղազւին», «Դարւազէ-Շահաբդոլազիմ»: Երբ հայերը Իրանի հարաւային քաղաքներից Թեհրան են մուտք գործել՝ բնակութիւն են հաստատել հէնց այդ հարաւային շրջաններում եւ կառուցել են Ս. Թադէոս Բարթուղիմէոս եկեղեցին, որովհետեւ Թեհրանը իր աշխոյժ կեանքը ապրում էր փակ շուկայի եւ այդ տարածքներում: Բայց գնալով՝ այդ շրջանները դառնում են բազմամարդ, եւ առաջանում է խճողում: Հայերը շարժւում են դէպի հիւսիս եւ շուրջ 170 տարի առաջ կառուցում են Ս. Գէորգ եկեղեցին: Նոյն խնդիրը պարբերաբար կրկնւում է, հայութիւնը այս անգամ կենտրոնանում է «Դարւազէ-Դովլաթ», «Լալեզար», «Չհարրահ Ազիզխան» եւ յատկապէս հաստատւում են «Քուշեշ-Դաւթեա» դպրոցի շրջակայքում: Եւ քանի որ նախկին կառուցւած եկեղեցիները հեռու են լինում իրենց նոր բնակավայրից, նրանք «Քուշեշ-Դաւթեան» սրահը դարձնում են աղօթավայր: Բայց 1937 թւականին հրդեհի պատճառով այրւում են սրահի անօթները, գորգերը եւ սպասները: Թեհրանահայութիւնը մտածում է նոյն այդ տարածքում կառուցել մի մեծ եկեղեցի 1200 հոգու տարողութեամբ, (որը հաստատւում է ժամանակի քաղաքապետարանի կողմից): Սակայն, երբ սկսում են մտածել նիւթական միջոցներ հայթայթելու մասին, պարզւում է, որ իրանահայ բարերարների ուժից վեր է 1200 հոգանոց եկեղեցի կառուցելու ծախսը: Սակայն, մինչ այդ, 1926 թւականին, Եւրոպայից Իրան էր եկել հմուտ գործարար Ռոման Իսայեանը, որին Ռուսաստանում կոչում էին Իսայեւ: Նա յանձն է առնում շուրջ 200 հոգու տարողութեամբ՝ ապագայում կառուցւելիք եկեղեցու բոլոր ծախսերը եւ ցանկութիւն յայտնում, որ այն նւիրւի իր մօր՝ նորոգ հանգուցեալ Զարվարդ Իսայեանի յիշատակին: Մի մայր, որը նրան դաստիարակել էր ազգային ոգով: Ահա մի օրինակ: Երբ Ռուսաստանի Ցարական կառավարութիւնը սկսել էր իր հայահալած քաղաքականութիւնը, Զարվարդը դիմելով իր որդուն՝ Ռոմանին, ասել էր.-
«Լսիր բալաս, էս անիծւածները գրաւեցին մեր եկեղեցական կալւածները եւ փակեցին մեր դպրոցները, վաղն էլ երեւի մեր լեզուն պիտի առնեն մեր ձեռքից: Համա մէկ բան, որ չեն կարող առնել, դա մեր հայի հոգին է: Տե՛ս, եթէ մի օր իմանամ, որ ծախել ես քո հայի հոգին, հարամ կանեմ տւածս կաթը եւ կանիծեմ քեզ»:
Այստեղ արժէ անդրադառնալ, նրանց երկուսի կենսագրութեանը, իբրեւ մի օրինակ աննկուն նկարագիր ունեցող հայուհու եւ նրա որդու:
Զարվարդը ծնւել էր 1856 թւականին՝ Դաղստանում, (հիւսիսային Կովկաս): Հայրը մեծահարուստ Բախշիչ բեկն էր (Բախշիչ՝ այսինքն նւիրող): 17 տարեկանում ամուսնանում է նոյնպէս մեծահարուստ վաճառական Բեգլար Իսայեանի հետ: Ունենում է տասը զաւակ: Ութերորդ զաւակ՝ Ռոմանը ծնւում է Թեմիրխան Շուրայում՝ 1889 թւականին: Հայրը՝ Բեգլար Իսայեանն էլ լինում է ձեռնաբաց նւիրող եւ շատ յարգւած: 1904 թւականին, երբ Ռոմանը 13 տարեկան էր, իրենց քաղաքում ձեւաւորւում է «Բոլշեւիկեան յեղեափոխութեան Դաղստանի բանւորական կուսակցութիւն»-ը: Կեանքը դառնում է անապահով: Ռոմանի հայրը կորցնում է հարստութիւնը եւ մահանում թշւառ վիճակի մէջ: Մահանում են 10 երեխաներից վեցը: Զարվարդը չորս երեխաներին վերցնելով՝ տեղափոխում է Թուրքմենստանի մայրաքաղաք՝ Աշխաբադ: Ռոմանը դպրոց է գնում դժւարին պայմաններում: Հազիւ 14 տարեկան, մասնաւոր դասեր է տալիս՝ մօրը օգնելու համար: Բարձրագոյն կրթութիւնը իր ուժերով ստանում է Խարկով քաղաքում: Աւարտում է Էլեկտրօ-տեխնիկական ճիւղը՝ իբրեւ գերազանցիկ ուսանող: Այնուհետեւ վերադառնում է մօր մօտ Աշխաբադ, եւ դառնում է Էլեկտրականութեան հաստատութեան ընդհանուր վարիչ: Ոռոգում է Աշխաբադի անջրտի հողերը: Միանալով «Տէր Մկրտչեան» ընկերութեանը, զարկ է տալիս բամբակի արդիւնաբերութեանը:
Բամբակի հատիկներից հիմնում է իւղի եւ օճառի հսկայական գործարաններ, դառնում է ընկերութեան նախագահը եւ փողի շրջանառութիւնը հասցնում է ութը միլիոն ռուբլիի: Նաւթային մի ընկերութիւն հինգ միլիոն դրամագլխով, միանում է Ռոմանին, որին մաս էր կազմում թաւիզահայ յայտնի «Թումանեանց» առեւտրական տունը: Կոկանդում 15 միլիոն ռուբլիի դրամագլխով՝ հիմնում է մի մեծ ընկերութիւն, որին միանում են «Միրզոյեան» եւ «Սըկրիպինսկի» առեւտրական մեծ տները: 1915 թւականին ընկերութիւնը փոխադրւում է Մոսկւա: 25-ամեայ Ռոմանը մեծ հմտութեամբ վարում է ընկերութեան ծանր գործը: 1917 թւականին բոլշեւիկեան յեղափոխութիւնը ոչ-միայն գրաւում է ընկերութեան ունեցւածքը, այլ Ռոմանին էլ բանտարկում: Լինելով պարսկահպատակ՝ Ռոմանը ազատւում է բանտից եւ մեկնում հիւսիսային Կովկաս, որտեղ կային մեծ ընկերութիւններ: Ռոման Իսայեւը յարաբերութեան մէջ է մտնում նրանց հետ եւ հիմնում Դոնուկուբանսկի դրամատունը: Իսկ յետոյ Սլաւոնեան ազգային մեծ բանկը, որի վարիչն է ընտրւում անուն հանած մեծ տնտեսագէտը: Իսայեւը կապեր է ստեղծում Եւրոպայի հետ՝ մթերքների արտահանման եւ ներմուծման ճանապարհով: Երբ ընկնում է Դենիկինի իշխանութիւնը, բանկը փոխադրւում է Ղրիմ, եւ Ղրիմի անկումով Իսայեւի հարստութիւնը երկրորդ անգամ լինելով կորստեան է մատնում: Բայց քանի որ անցեալից ճանաչւած էր Եւրոպայում, մեկնում է Գերմանիա եւ Բեռլինում հիմնում է «Բեռլինիէր» բանկը՝ ընտրւելով դրամատան նախագահ: Անցնում է Վիեննա եւ հիմնում է «Կոնտինենտալ» բանկը, դարձեալ ընտրւելով նախագահ:
1918 թւականին Հայաստանի անկախութեան առթիւ դիւանագիտութեան ներկայացուցիչ Յ. Սաղաթելեանը Ռոստովում կազմակերպում է ժողով, որպէսզի հիմնւի Հայաստանի Հանրապետութեան բանկային ֆոնդ: Ժողովի նախագահը լինում է նշանաւոր մեծահարուստ Ունան Ունանեանը (նոյնանուն առեւտրական տան նախագահը), որը նւիրում է մի պատկառելի գումար՝ 500,000 ռուբլի: Յանկարծ սրահից լսւում է մի խրոխտ ձայն, որը նւիրում է հինգ միլիոն ռուբլի: Իրարանցում է առաջանում սրահում: Բոլորը ուզում են իմանալ թէ ո՞վ է այդ խոշոր գումարի նւիրատուն, պարզւում է, որ նա ոչ այլ ոք, քան նոյն ինքը՝ Ռոման Իսայեւն է: Իսկ դա բոլորը չէ: Նա մէկ միլիոն ռուբլի եւս նւիրում է նորանկախ Հայաստանի հիմնւելիք համալսարանին: Իսկ երբ Հայաստանը Խորհրդայնանում է, 12 հիմնւած որբանոցներից մէկի՝ «Անի» որբանոցի համար հիմնում է ֆոնդ: Երկրորդ ֆոնդը լինում է մարաչախտ «Յովհաննէս Բաղրամեան»-ի անունը կրող, հրասայլային տանկի շարասիւնը, երկու ֆոնդերի հիմնական նւիրատուն ինքը Ռոման Իսայեանն է լինում:
Ինչպէս նախապէս յիշեցինք, այս անձնաւորութիւնն է, որ 1926 թւականին, գործարանային զանազան ճիւղերին վերաբերող մեքենաներ առած իր մօր հետ, գալիս է Թեհրան, որտեղ հիմնում է մի քանի մեծ ու փոքր ընկերութիւններ եւ ղեկավարում: Ինչպէս տեսանք՝ 1937 թւականին թեհրանահայութիւնը որոշում է, իր ուժերով «Քուշեշ-Դաւթեան» դպրոցի տարածքում մի եկեղեցի կառուցել, որի բարերարը դառնում է Ռոման Իսայեանը:
17 ապրիլի 1937 թւականին հայ ճարտարապետները գումարում են ժողով եւ եկեղեցու յատակագծի պատրաստումը 60,000 թուման նախահաշւով յանձնում են Նիկոլայ Լաուրիին, որը ցաւօք՝ քանի ամիս յետոյ մահանում է: Աշխատանքը այս անգամ յանձնում են Նիկոլայ Մարկովին, 100,000 թուման բիւջէի նախահաշւով: Ճրտգ. է ընտրւում, Վազգէն Նիկողոսեանը:
Նիկողոս անունը, նոյն Նիկոլայն է՝ հայերէն հնչողութեամբ՝ որի իմաստը վերցւած է յունական յաղթութեան աստւածուհի՝ Նիկէ-ից (անգլ. Nike), իր երկու հրեշտակային կիսաբաց «V» թեւերով, (անգլերէն՝ victor) իբրեւ յաղթութիւն: Երեք Նիկոլայների համագործակցութիւնը աւարտւում է յաջողութեամբ: Եկեղեցու ծախսը 1937 թւականին նկատի է առնւում 60,000 թուման, դա այն պայմաններում է, երբ երկու կիլօ հացը արժէր մէկուկէս ռիալ: Մէկ տարի յետոյ նախահաշիւը դառնում է 100,000 թուման: Եօթ տարի յետոյ, 1945 թւականին, երբ աւարտւում է եկեղեցու կառուցումը, ծախսւում է 1,000,000 (մէկ միլիոն) թուման, այն օրւայ հաշւով՝ 135,000 դոլար: Ռոման Իսայեանի համար դա անակնկալ է լինում: Վկայութեամբ ժամանակակից իր մտերիմների, նա տոկոսով փող է պարտք վերցնում եւ փակում է բոլոր ծախսերը:
Վերադառնանք անցեալին:

151124d01e

Ըստ 1938 թւականի ապրիլի 12-ի «Ալիք» երկօրեայ թերթի հաղորդման, նոյն թւականի ապրիլի 6-ին, Սրբազան Մելիք-Թանգեանի թոյլտւութեամբ, արժանապատիւ Յովհ. քհնյ. Հաճեանը առանձին հանդէսով, օրհնում է կառուցւելիք եկեղեցու խաչաձեւ յատակագիծը: Նոյն թւականի հոկտեմբերի 23-ին, մեծ շուքով կատարւում է հիմնօրհնէքի օծումը, որը ըստ Հայ Առաքելական կանոնագրութեան եւ Մայր Մաշտոցի, մասնակցում են թւով 16 կնքահայրեր, որոնք մաքրւած օծւած քարերը նորածին մանկան պէս գրկած, պէտք է տեղադրէին եկեղեցու հիմքում, որոնցից 12-ը խորհրդանիշն է Քրիստոսի 12 աշակերտների, մէկը՝ Գրիգոր Լուսաւորչի, իսկ մնացածը, տարբեր սրբերի անունով: Բայց շատերն են ցանկանում կնքահայր դառնալ, որոնց թիւը հասնում է մինչեւ 31-ի: Սրբազան Մելիք-Թանգեանը սիրով ընդառաջում է նրանց եւ աւելանում են օծւելիք քարերի թիւը, որոնք լւացւելուց յետոյ, չորացւում են սպիտակ գոգնոցով, այնուհետեւ դրւում են մատուցարանի սպիտակ կտաւի վրայ, իսկ յետոյ Յովհ. քհնյ. Հաճեանը, յանձնում է կնքահայրերին, որի ընթացքում լսւում է հոգեւոր երաժշտութիւն՝ «Հայրապետական ձօն»-ը՝ Համբարձում Գրիգորեանի ղեկավարութեամբ: Այնուհետեւ սկսում է Ս. օծման արարողութիւնը: Սրբազան Մելիք Թանգեանը մօտենում է կնքահօրը, եւ քարը խաչաձեւ օծում Ս. Միւռոնով, համապատասխան առաքեալի կամ սուրբի անունով: Այնուհետեւ Յովհ. քհնյ. Հաճեանը ճրտպ. Գուրգէն Եանիքեանի օգնութեամբ օծւած քարերը վերցնում են կնքահայրերի գրկից եւ տեղադրում եկեղեցու հիմքերում: Առաջին քարը, որի մէջ պահւում է համապատասխան մակագրութեամբ արծաթեայ տախտակը, դրւում է եկեղեցու դէպ արեւելք կառուցւող խորանի պատի տակ՝ Ս. Աստւածածնի անունով, կնքահայրութեամբ՝ եկեղեցու բարերար՝ Ռոման Իսայեանի, իսկ միւս օծւած քարերը դրւում են խաչաձեւ եկեղեցու թեւերի տակ եւ զանգակատան անկիւնում:
Ժամանակի Համայնական խորհրդի որոշմամբ՝ Վահան Աֆրիկեանը, մանրամասն գրի է առնում թեհրանահայութեան, Ս. Աստւածածին եկեղեցու բարերարի մասին եւ այլ կարեւոր նիւթեր: Այն ստորագրում են Ներսէս արք. Մելիք-Թանգեան Սրբազան Հայրը, ազգային-հասարակական մի շարք դէմքեր, եւ դնում են հականեխւած մէկ շշի մէջ, բերանը ամուր փակում եւ դրւում է յատուկ պատրաստւած քարի մէջ ու թաղւում եկեղեցու սեղանի քարի տակ: Ծիսակատարութիւնը աւարտւում է ժամը 12-ին, բայց ժողովուրդը մինչեւ 2-ը չի կարողանում հեռանալ իր նոր սրբավայրից:
1945 թւականի, յուլիսի 29-ին, տեղի է ունենում Ս. Աստւածածին եկեղեցու փառաշուք օծումը, որին ներկայ են լինում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա (Յովսէփեան) Վեհափառը՝ իբրեւ նախագահ եւ հանդիսապետ: Մասնակցում են նաեւ Երուսաղէմի պատրիարք ամենապատիւ Կիւրեղ Սրբազան արքեպիսկոպոսը: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Ներսէս Սրբազան արք. Մելիք-Թանգեանը, Դամասկոսի կաթողիկոսական տեղապահ՝ Եփրեմ Սրբազան արք. Տոհմանուն, Իրանա-Հնդկաստանի թեմակալ՝ Վահան եպիսկոպոս Կոստանեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի քարտուղար եւ գաւազանակիր Դերենիկ վրդ. Փուլադեանը: Հրաւիրւած են լինում Իրանի կառավարութեան ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամաւորներ, տեղական եւ օտարազգի մամուլի ներկայացուցիչներ: Մուտքը լինում է յատուկ քարտով: Իսկ դրսում հոծ բազմութիւնը արարողութեանը հետեւում է բարձրախօսներով:
Ս. պատարագի աւարտին Սրբազան Մելիք-Թանգեանը յիշատակում է եւ ուրախութիւն յայտնում, որ Թաւրիզում հանրայայտ կրթա-դպրոցական բարեգործ Թումանեան եղբայրներին է յաջորդել նորաօծ Սուրբ եկեղեցու բարերար Ռոման Իսայեանը: Սրբազան Մելիք-Թանգեանը իր խօսքի վերջում մեծ խանդավառութեամբ օրհնում էհինաւուրց Իրանի ժողովրդին եւ բարօրութիւն ու առաջադիմութիւն մաղթում նրան:
Ծիսակատարութեան աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Վեհափառը դրւատում է Ռոման Իսայեանին, իբրեւ երախտագէտ որդու, ու նաեւ նրա ազգօգուտ եւ Աստւածահաճոյ գործը՝ իր մօր յիշատակին բարձրացւած յուշարձանն, իբրեւ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու կառուցում:
Ռոման Իսայեանը իր կեանքի մնացեալ 20 տարիներում եւս կատարեց ազգօգուտ աշխատանք: Լինելով Թեհրանի հայոց թեմի պատգամաւոր, մասնակցեց Ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Զ Չէօրէքչեանի ընտրութեանն ու օծմանը: Ինչպէս նաեւ մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի ընտրութեանն ու օծմանը: Իր բազմաթիւ բարեգործութիւնների համար ստացել է «Արժանաւորութեան շքանշան» եւ օրհնութեան կոնդակներ:
Մահը տեղի ունեցաւ 1966 թւականին, 75 տարեկան հասակում: Թաղումը կատարւում է ազգային հանդիսութեամբ: Ներկայ են լինում նաեւ Իրանա-Հնդկաստանի եւ Ատրպատականի ազգային մարմինները:
Հանգուցեալի դին, առաւօտեան ժամը 9-ին իր բնակարանից փոխադրւում է Ս. Աստւածածին եկեղեցի, որտեղ եւ կատարւում է ս. պատարագ եւ հոգեհանգիստ, նախագահութեամբ Արտակ արք. Մանուկեանի: Պատարագիչն է եղել Ատրպատականի թեմակալ Վարդան ծ. վրդ. Դեմիրճեանը: Արարողութեան վերջում ընթերցւում է Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն Ա կաթողիկոսի ցաւակցականը եւ անդրադարձումը հանգուցեալի մեծ վաստակին: Արտայայտւում են նաեւ Նոր Ջուղայի թեմակալներ՝ Վարդան ծ. վրդ. Թափագեանը, իսկ Իրանի հայ կաթողիկէ համայնքի կողմից Մանուէլ ծ. վրդ. Բոլադեանը: Այնուհետեւ եկեղեցու գաւթում դամբանախօսում են՝ Թեհրանի Թեմական խորհրդի կողմից Աբրահամ Ասատրեանը, իսկ Եկեղեցական խորհրդի կողմից Յովսէփ Յովսէփեանը: Վերջում հանգուցեալի դին փոխադրւում է ազգային գերեզմանատուն՝ Դուլաբ, ուր եւ ամփոփւում է: Թաղման արարողութիւնից յետոյ թարմ շիրիմի առաջ արտայայտւում է Ատրպատականի Թեմական խորհրդի ատենապետ՝ Հայկ Ստեփանեանը:
Սակայն, Ռոման Իսայեանը, արժանի էր, որ հողին յանձնւէր իր կառուցած եկեղեցու բակում եւ ունենար արժանավայել յուշարձան, բայց ոչ երբեք Դուլաբի գերեզմանատանը: Հետագային թւում է դրան անդրադառնում են ազգային իշխանութիւնները, եւ նրա ինչպէս նաեւ մօր՝ Զարվարդի աճիւնը բերում են Ս. Աստւածածին եկեղեցի եւ ամփոփում զանգակատնից հարաւ գտնւող գետնափոր նկուղում՝ իբրեւ եկու գերեզման, որոնք սակայն, չունեն գերեզմանաքեր: Մէկը հարթեցւած է յատակին բետոնէ սւաղով, իսկ միւսը գետնից մի տասը սմ. բարձր նոյնպէս բետոնէ սւաղով: Ինչպէս յիշեցինք՝ Ս. Աստւածածնի հիմքում դրւած են 31 սրբագործւած, օրհնւած քարեր: Ռոման Իսայեանն եւ Զարվարդը միացան դրանց, դառնալով 33: Մի թիւ, որն խորհրդանիշն է Քրիստոսի ապրած երկրային կեանքի: Սակայն, մեր ազգային պարտքն է այդ երկու գերեզմաններն լրացնել համապատասխան գերեզմանաքարերով: Հարկաւոր է նկուղի խոնաւ մթնոլորտը եւ աստիճանանները յարմարաւէտ դարձնել այցելուների համար, նման այն գերեզմաններին, որոնք չնայած գտնւում են նկուղում, բայց ունեն հանգուցեալին վայել գերեզմանաքար եւ մթնոլորտ, եւ որոնց օրինակները կան յատկապէս Հայաստանի տարածքում:

ԼԻԴԱ ԲԵՐԲԵՐԵԱՆ

Աղբիւրներ՝
- «Ալիք» երկօրեայ 1938 թ.
- «Ալիք» օրաթերթ 1945 թ., յուլիսի 29
- «Պայման» եռամեայ, թիւ 66

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։