Հա

Մշակոյթ

10/10/2022 - 14:40

Հայաստանում տեղադրւել է Զապէլ Եսայեանի արձանը

Պռօշեան գիւղում՝ Զապել Եսայեան Ագրոբիզնես կենտրոնի (ZYAC) տարածքում, հոկտեմբերի 9-ին բացւել է հայ նշանաւոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախօս, գրականագէտ Զապէլ Եսայեանի արձանը։

«alikonline.ir» - Պռօշեան գիւղում՝ Զապել Եսայեան Ագրոբիզնես կենտրոնի (ZYAC) տարածքում, հոկտեմբերի 9-ին բացւել է հայ նշանաւոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախօս, գրականագէտ Զապէլ Եսայեանի արձանը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Անվախ Զապէլ» յուշարձանի քանդակագործն է Նունէ Թումանեանը, նախագիծը իրականացրել է Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահը՝ սփիւռքահայեր Վիկտոր Զարուգեանի եւ Ջուդի Սարեանի նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ։

Վիկտոր Զարուգեանը եւ Ջուդի Սարեանը մշտապէս աջակցել են Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակում։ Վերջին տարիներին նրանք ունեցել են միաժամանակ երկու հիմնական նպատակ՝ նպաստել Հայաստանում կայուն գիւղատնտեսութեանը եւ աջակցել հայ արւեստին։ Այդ իսկ նպատակով, մօտ մէկ տարի առաջ նրանք դիմել են Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահին, նւիրատւութիւն կատարել եւ ընտրել քանդակագործ Նունէ Թումանեանին՝ ստեղծելու խիզախ հայ կնոջ՝ Զապէլ Եսայեանի արձանը։

Armenian Artists Project -ը բարեգործական նախագիծ է, որն օգնում է Հայաստանում բնակւող հայ արւեստագէտներին դուրս գալու միջազգային հարթակ, իսկ վաճառքից ստացւած շահոյթն ուղղում տարբեր բարեգործական նպատակների իրականացմանը։

Panorama.am-ի հետ զրոյցում քանդակագործ Նունէ Թումանեանն ասաց, որ արձանը բրոնզաձոյլ է, կամուրջի հետ 2,5 մ բարձրութիւն ունի: Արձանի ստեղծումը տեւել է մէկ տարի եւ երեք ամիս, որից երեք ամիսները Զապէլ Եսայեանի մասին նիւթերի ուսունասիրութեան ամիսներն էին:

«Մինչեւ կերպարի ստեղծմանն անցնելը, ուսումնասիրել եմ բոլոր մատչելի նիւթերը, կարդացել իր ինքնակենսագրական «Սիլիհտարի պարտէզները» գիրքը: Կերպարն անչափ հետաքրքիր էր իր միշտ պայքարող, անարդարութիւն չհանդուրժող տեսակով»,- նշեց արւեստագէտը։

Արշակ Չոպանեանի բնորոշմամբ՝ հայոց մեծագոյն գրագիտուհի, ազգային-հասարակական անւանի գործիչ Զապէլ Եսայեանը ծնւել է 1878թ. Կ. Պոլսի Սկեոլտար թաղամասում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի Ս. Խաչ վարժարանում: 1895р. վերջերին տեղափոխւել է Փարիզ եւ աշխատակցել է Գւիդոն Լուսինեանի ֆրանսերէն-հայերէն բառարանին՝ իբրեւ սրբագրիչ եւ խմբագիրներից մէկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականութեան դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտաւորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանեան, Երւանդ Օտեան, Էդգար Շահին, Սիամանթօ եւ ուրիշներ:

1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապէս յետոյ նա Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնախմբի կազմում մեկնել է դէպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգութեանը եւ տպաւորութիւնները ներկայացրել «Աւերակներու մէջ» (Կ. Պոլիս, 1911) գրքում:

Հայոց Մեծ Եղեռնի տարիներին Միջին Արեւելքի երկրներում Զ. Եսայեանը կազմակերպել է յայտարագիրների եւ որբերի հաւաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորեալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտայայտել հայոց մեծ ոգբերգութեան առիթով:

Զ. Եսայեանը ֆրանսիական եւ այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է Հայոց Մեծ Եղեռնի մասին բազմաթիւ յօդւածներ, մի շարք նովէլներ, պատմւածքներ եւ ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնութեան կոմիտէի Փարիզի մասնաճիւղի անդամ եւ աշխատակցել Փարիզում լոյս տեսնող «Երեւան» թերթին:

Զ. Եսայեանի լաւագոյն ստեղծագործութիւններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթէոս ազատագրւած» (Մարսէլ, 1927), «Սիլիհտարի պարտէզները» (Եր., 1935), «Մուրադի ճամբորդութիւնը» (Եր., 1990) գործերը:

1933թ. խորհրդային կառավարութեան հրաւէրով Զ. Եսայեանը եկել է Երեւան եւ աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականութեան ամբիոնում՝ վարելով եւրոպական եւ մասնաւորապէս ֆրանսիական գրականութեան դասընթացը:

Զ. Եսայեանը 1930-ականների գրական կեանքի եռանդուն ու ազնիւ մասնակիցներից էր, խորութեամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետեւանքները եւ համարձակօրէն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա. Բակունցին եւ գրականութեան միւս առաջատարներին: Ստոր մատնութիւնների զոհ դարձաւ, բանտարկւեց ու աքսորւեց, կրեց անլուր տառապանքներ ... Զ. Եսայեանի գործունէութիւնն ընդհատւել է 1937թ., կեանքը՝ աւելի ուշ՝ 1943-ին Բաքւի բանտում:

ԽՍՀՄ զինւորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայեանի մահավճիռը, 1957թ. յետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ։

2018 թւականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետութեան պողոտայի եւ Տլիմսէն ու Սպինոզա փողոցների հատման կէտում գտնւող ճեմուղին անւանակոչւել է Զապէլ Եսայեանի անունով։

Քանդակագործ, Նկարիչների միութեան անդամ, դոցենտ, «Women and Art Biennial 2014»-ում «Խաղաղութեան թեմայով արւեստի լաւագոյն գործ» մրցանակակիր Նունէ Թումանեանն անհատական ցուցահանդէսներ է ունեցել Իտալիայում (Ռաւեննա) Դանթէի «Աստւածային կատակերգութիւն» ստեղծագործութեանը նւիրւած բիենալէներում (1996, 1998)՝ արժանանալով մրցանակի, Երեւանում (2001, 2008, 2013), խմբակային ցուցահանդէսներ՝ Մոսկւայում, Երեւանում, Միացեալ Արաբական Էմիրութիւններում (Շարջա), որտեղ արժանացել է բիենալէի միակ մրցանակին՝ «Խաղաղութեան թեմայով արւեստի լաւագոյն գործ»-ի համար: Նաեւ այլ մրցանակներ ունի՝ Դիւանագէտների կանանց ասոցիացիայի շնորհակալագիր, «Երկարամեայ անբասիր աշխատանքի համար» պատւոգիր ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից։ Նունէ Թումանեանը կազմակերպել է «Քաղաքային քանդակ» նախագիծի ցուցադրութիւններ, որն առաջին անգամ ներկայացւել էր 2015-ին:

 

Լուսանկարները՝ Նունէ Թումանեանի ֆէյսբուքեան էջից

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։